Մատչելիության հղումներ

«Թող հավատան, որ կյանքը սրանով չի ավարտվում»


Սեռական չարաշահման չորս ամիսներն այսօր նա հիշում է արցունքները մի կերպ խեղդելով։ Հիմա գիտակցում է, որ փրկվելու հնարավորություն եղել է, սակայն այն ժամանակ տեղեկատվության պակասի պատճառով անմիտ քայլեր շատ է արել։

«Մոսկվայով պիտի տանեին Հունաստան․․․ Ես ձեռքի աշխատանքից, կարից լավ հասկանում եմ․․․ Եկան՝ ասացին մարդ են ուզում, որ այնտեղ աշխատեցնեն։ Համաձայնեցինք՝ առանց իմանալու ով են, ինչ են», - անունը չհրապարակելու պայմանով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում իր արկածներն է պատմում տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած երիտասարդ կինը։

Հունաստան նա այդպես էլ չհասավ․․․ Դուբայում «գործատուն» բացահայտեց այցի իրական նպատակը․ - «Քեզ չենք բերել որպես աման լվացող կամ տունը նայող․ այդ ամեն ինչը ունենք։ Քեզ բերել ենք մարմնավաճառության համար»։

Անձը հաստատող ոչ մի փաստաթուղթ չունենալու պատճառով փախչել չէր կարող։ Մենակ չէր։ 10-12 աղջկա հետ ապրում էին երկհարկանի տանը, որը հսկվում էր։ Պատմում է, որ աղջիկներից մի քանիսին դաժանորեն ծեծել են՝ «անգամ եղել է, որ ռետինե խողովակով են ծեծել, աստիճաններից գլորել են ցած»։

Հնարավոր մյուս տարբերակը փրկագին վճարելն էր։

«Մի հաճախորդ կար, որը ասաց՝ ինչքան ուզեն, ես կտամ։ Իհարկե՝ ամուսնանալու նպատակով», - պատմում է մեր զրուցակիցը՝ հիշելով, որ «տերը» 20 հազար դոլար էր պահանջել։ Գումարը չվճարվեց։

Ասում է, թե՝ վատ աշխատող էր, ի տարբերություն մյուս աղջիկների՝ շատ փող չէր բերում։

«Միայն ուղեղս աշխատում էր այն ուղղությամբ, թե ինչ անեմ, որ այստեղից հեռանամ։ Ճիշտ է, ինքը ասում էր՝ հերիք նստես, այդ քո պարտքերը ո՞վ պիտի վճարի, եթե ուզում ես գնալ, պիտի մի բան անես։ Իսկ ես չէի կարողանում՝ իր ասածով չէի կարողանում շարժվել», - պատմում է նա։ - «Լավ է՝ Աստված մեկին ուղարկեց, ինձ տարավ ուղիղ միլիցիայի ճանապարհին։ Չորս ամիս էլ բերդի մեջ [բանտում] մնացի»։

8-10 ամիս սեռական շահագործումից, ազատազրկումից հետո Հայաստան վերադառնալը հեշտ չէր՝ ամաչում էր, որ պատմությունը կարող է բացահայտվել։ Իմացավ UMCOR հասարակական կազմակերպության թեժ գծի մասին, որտեղ էլ նրան օգնեցին դուրս գալ այդ սթրեսային վիճակից։

Այս պատմության մեջ ներքաշված հանցագործների նկատմամբ, որոնք բոլորն ազգությամբ հայ են, քրեական գործ է հարուցվել։

Պատմությունը «Ազատություն» ռադիոկայանին պատմելը ինքնանպատակ չէր։ - «Թող իմանան, թող զգուշանան», - ասում է մեր զրուցակիցը, - «Ավելին՝ թող հավատան, որ կյանքը սրանով չի ավարտվում»։

Նա հիմա ամուսնացած է, փոքրիկ ունի, որի նկարները ցույց տալիս զսպում էր արցունքները՝ այս անգամ արդեն երջանկության։

«Հիմա մանկապարտեզում է, թե չէ այսպես հանգիստ չէի կարողանա նստել, շատ ժիր է», - հպարտությամբ ասում է մեր զրուցակիցը։

Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության կոլեգիայի՝ վերջերս ամփոփված հաշվետվությունից տեսնում ենք, որ 2012 թվականի առաջին կիսամյակում մարդկանց թրաֆիքինգի 15 դեպք է արձանագրվել՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի 11 դեպքի համեմատ։

«Աճը պայմանավորված է ոչ թե հանցատեսակի տարածվածությամբ, այլ ավելի շատ դեպքերի բացահայտմամբ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արթուր Դավթյանը։

Այս տարվա առաջին կիսամյակում սեռական շահագործման դեպքերի առնչությամբ 7 քրեական գործ է հարուցվել։

please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG