Մատչելիության հղումներ

«Ծեծը հո բռնությո՞ւն չի»


Հայաստանի բազմաթիվ գյուղերում էլ ծեծը չի ընկալվում որպես բռնություն:

Նման եզրահանգման են եկել «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ անդամները Գյումրուց Երեւան քայլարշավի ժամանակ:

«Երբ մարդկանց հարցնում էինք, թե իրենց գյուղում բռնության դեպքեր կա՞ն, ասում էին՝ ոչ, իսկ երբ հարցնում էինք, թե ուզում եք ասել, որ ոչ մի ամուսին չի՞ ծեծում իր կնոջը, ասում էին, դե ծեծը հո բռնությո՞ւն չի, դա իրենց անձնական գործն է», - ասաց Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Տաթեւիկ Աղաբեկյանը:

Քայլարշավի ընթացքում անցել են 19 գյուղերով ու քաղաքներով՝ կանանց իրազեկելով իրենց իրավունքների մասին:

Երեսունութամյա Ալլան պարբերական ծեծին եւ անհարգալից վերաբերմունքին դիմացել է 5 տարիների ընթացքում: «Ազաություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ երբ ամուսինը սկսել է խաղատներում գումար վատնել եւ ալկոհոլ չարաշահել, սկսել է նաեւ ծեծել իրեն եւ երեք երեխաներին:

20 տարվա ամուսնությանն Ալլան որոշել է վերջ տալ այս տարվա մարտին, երբ հերթական ծեծից հետո փախել է տնից: Հետո բաժանվել է ամուսնուց:

«Ու ցավալին այն է, որ հարազատները, անգամ իմ մայրը, եկել է, որ մեզ նորից միացնի, ես ամբողջ օրը կռվի մեջ եմ իմ մոր հետ: Ասում եմ` ես կով չեմ, որ պարանը կապեք իմ վզից, տանեք կապեք դրա կողքը, դուք հասկանո՞ւմ եք, որ ես էդ մարդուն չեմ կարողանում տանել, ինքը ինձ ահավոր ցավ ա պատճառել, ես ամուսնալուծված եմ», - պատմեց Ալլան՝ հիշելով Եղվարդում տեղի ունեցած մեկ այլ դեպք, երբ երեսունամյա մեկ այլ կին ծեծի արդյունքում մահացել էր:

Ալլան պատմեց նաեւ, որ նույնիսկ, երբ կապտուկներով գնում էր Ոստիկանություն, այնտեղ եւս ասում էին, թե «ընտանեկան հարց է, գնացեք տուն»: Բազմաթիվ դժվարություններից, երկու ուղեղի կաթվածից, ծեծի արդյունքում ուշաթափություններից հետո Ալլային վիրավորում է այն, որ բարեկամները այդուհանդերձ իրեն են քննադատում:

Կանանց նկատմամբ բռնության մասին գյուղերում ավելի պատրաստակամորեն խոսում է երիտասարդ սերունդը, ով իրազեկված է իր իրավունքների մասին: ՀԿ-ի ներկայացուցիչները նշեցին, որ 10 տարի առաջ Երեւանում նույն իրավիճակն էր, որն այսօր Երեւանից դուրս է, իսկ իրենց իրավունքների համար պայքարող կանանց օրինակները ուժ են տալիս մյուսներին չլռելու, երբ իրենք են բռնության ենթարկվում:

please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG