Մատչելիության հղումներ

Ակտիվիստները «չեն վախեցել, չեն վախենալու»


Բողոքի ցույցը Ռուբեն Հայրապետյանի տան դիմաց, Երեւան, 8-ը հուլիսի, 2012թ.
Բողոքի ցույցը Ռուբեն Հայրապետյանի տան դիմաց, Երեւան, 8-ը հուլիսի, 2012թ.

Նրանք հակադարձում են Les Nouvelles d’Armenie-ի հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարություններին։

Ֆրանսիայում լույս տեսնող Les Nouvelles d’Armenie պարբերականին տված ծավալուն հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ քաղաքացիական ակտիվիստները ոտնձգություն են իրականացնում իր ընտանիքի նկատմամբ` բողոքի ակցիաներն իր տան առջեւ անցկացնելով:

«Համարենք, թե ես մեղավոր եմ, թե ես վատն եմ, շատ վատն եմ: Իմ երեխաներն ինչո՞ւ պիտի պատասխան տան դրա համար: Դա ճի՞շտ է, դա ազնի՞վ է: Տունն ի՞նչ կապ ունի, ընտանիքի հանդե՞պ եք ոտնձգություն անում, ընտանիքի վրա՞ եք գնում, հայ ազգն արդեն այդքան ճիճուացա՞վ, ճիվաղացա՞վ», - օգոստոսի 11-ին Երեւանում Les Nouvelles d’Armenie-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Հայրապետյանը` սպառնալով պատժել ակտիվիստներին. - «Այ հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչեւ մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ: Եթե նրանք ոտնձգություն են անում, ես իմ ընտանիքը, իմ շրջապատի ընտանիքները կարող եմ պահել ու պաշտպանել: Բնազդական արդեն բան են սարքել... Ես պիտի թողնեմ, որ գան երեխաներիս վրա կամ հիվանդ կինս նստի հոնգուր-հոնգուր լացի՞ : Ես պիտի կո՞ւլ տամ այդ ամենը: Ես կանեմ, կտեսնեք՝ բացեիբաց»։

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը, ում անունը հարցազրույցում նշել է Հայրապետյանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դիմելու է Ոստիկանություն, քանի որ Ռուբեն Հայրապետյանը մամուլի միջոցով ահաբեկում է իրեն։

«Կոնկրետ սպառնալիք կա, որին ես սարկազմով կմոտենամ, կասեմ, որ ահավոր վախեցած եմ ես իրենից, շատ-շատ վախեցած եմ, ոստիկանները մտածեն, թե ինչ են անում։ Ինձ, անկեղծ ասած, չի անհանգստացնում իր էս պահելաձեւը, ես ի սկզբանե իմացել եմ` ինչի մեջ եմ մտնում, ու իմացել եմ` ով է ինքը իր էությամբ», - ասաց Սանասարյանը` հավելելով. - «Չենք վախեցել, չենք վախենալու ու հիմա ավելի շատ ենք պայքարելու, որ Ռուբեն Հայրապետյանի նման մարդիկ մեր հասարակության մեջ տեղ չունենան ու արժանի պատասխան ստանան»։

Նա կտրականապես հերքեց, թե ակտիվիստները երբեւէ խոսել են Հայրապետյանի ընտանիքի անդամների մասին, վանկարկել անուններ. - «Անգամ մի բառ չենք ասել... Ես չեմ հասկանում` նա ինչու է տանում իր ընտանիքի վրա, նա հիմքեր է իրեն ուզում ստեղծի, որ վաղը-մյուս օրը կարողանա...»։

Հարցազրույցում հնչող սպառնալիքների մյուս հասցեատերը` «Վահե Ավետյան» հասարակական շարժման ներկայացուցիչ Գարեգին Չուքասզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարճ արձագանքեց Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին, ասաց` հարցազրույցն ինքնին ամեն ինչ ասում է։

«Խիստ վախեցած եմ` չակերտների մեջ, եւ հիմա, այսպես ասած, դողում եմ դրա ազդեցության տակ», - հեգնեց Չուքասզյանը։

Նա փոխանցեց, որ Ոստիկանություն դիմելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ սպառնալիքներն ակնհայտ են, եւ իրավապահները մամուլի հրապարակումներին պետք է արձագանքեն. - «Եթե չարձագանքեց, ուրեմն` դա ինքնին արդեն կբացահայտի մեր Ոստիկանությանը»։

Հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը ակտիվիստներին անվանել է «վարձու մարդիկ»` կոնկրետ Գարեգին Չուքասզյանի եւ Հրանուշ Խառատյանի անունները կապելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Նրանք ի՞նչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի «Բարգավաճ Հայաստան»-ը Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության: Ո՞ւմ համար պարզ չէ», - Les Nouvelles d’Armenie-ի հետ զրույցում ասել է հանրապետական պատգամավորը, ապա ավելի մանրամասնել, թե անձամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է ֆինանսավորում ակտիվիստներին:

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Հայրապետյանը հերքել է, թե առհասարակ Ծառուկյանի անունը տվել է այդ հարցազրույցում։

«Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցի` ինտերնետում հայտնվելուց անմիջապես հետո տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցը, որտեղ Ռուբեն Հայրապետյանը Գագիկ Ծառուկյանին հավաստիացրել է, որ նման հայտարարությամբ հանդես չի եկել, եւ Գագիկ Ծառուկյանի անունը ընդհանրապես չի տրվել», - ասաց Տոնոյանը։

Ռուբեն Հայրապետյանը շաբաթ օրը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի որեւէ հարցի. ասաց` հարցազրույց չի տալիս, եւ անջատեց հեռախոսը:

Les Nouvelles d’Armenie -ի հետ զրույցում նա կրկին բացառել է, որ «Հարսնաքար»-ի աշխատակիցները իր ցուցումով են ծեծել Վահե Ավետյանին ու ընկերներին:

Դավիթ Սանասարյանը հակադարձում է, թե Հայրապետյանի այս հարցազրույցը կրկին ապացուցեց, որ նա է պատասխանատու։

«Սա զուտ անվտանգության աշխատողների ու սպայի միջեւ ծագած խնդիր չի, էս ինչ որ կատարվել է` հենց իր մեղավորությամբ է եղել, որովհետեւ Պողոսյան Պետրոսի անվտանգության աշխատակիցները իրենց թույլ չէին տա նման բան։ Այսինքն, նրանք գիտեին, որ իրենց հետեւում կանգնած է մի անպատժելի մարդ, որ բոլոր հարցերը լուծելու է։ Բայց իրենք բոլորը տեսան, որ հիմա հարց կա...», - ասաց Սանասարյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար, Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին դաժան ծեծի էին ենթարկվել երեք զինվորական բժիշկներ, որոնցից 33-ամյա Վահե Ավետյանը, 12 օր գիտակցության չգալով, մահացավ գլխուղեղի լուրջ վնասվածքների հետեւանքով: Այս իրադարձությունները հարուցեցին հասարակության բուռն վրդովմունքը:

Սպայի մահանալուց օրեր անց Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց իր պատգամավորական մանդատից։ Հրաժարականի դիմումը այս շաբաթ հրապարակվեց Ազգային ժողովի նիստում եւ երկու շաբաթից կընդունվի, եթե Հայրապետյանը ետ չվերցնի այն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG