Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 8-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Երեկվանից մեկնարկեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրապարակային դատափետման եւ Հայաստանում տիրող իրավիճակի ողջ մեղքը նրա վրա բարդելու գործընթացը, որն իրականացվում է Սերժ Սարգսյանի մերձավորների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների միջոցով։ Այսինքն, կարելի է ասել, որ վարչապետի դատափետման գործընթացն իրականացվում է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, որ իշխանական լրատվամիջոցներից մեկը երեկ մի նյութ հրապարակեց, որում քննադատել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ՀՀ անվտանգության խորհրդի անդամ լինելու փաստը։ Լույսը դեռ չբացված` ԲՀԿ լրատվական ծառայությունը տարածեց այս կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հարց ու պատասխանը, որում վերջինս հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նյութ հրապարակած թերթի «գաղափարական եւ ֆինանսական հայրերը վարչապետ Տիգրան Սարգսյանն ու «Ֆլեշ»-ի Բեգլարյան Բարսեղն են»։ Ըստ Ուրիխանյանի, իր ղեկավարը, այսինքն` Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի ամենաբարձր հեղինակություն ունեցող մարդն է, իսկ Տիգրան Սարգսյանն էլ ուզում է վարկաբեկել նրան, այլ կերպ ասած` վարչապետն աչքը դրել է Ծառուկյանի հեղինակության վրա»։ «Սա այն դեպքերից է, որ մեղադրանքները հասցեագրված են կոնկրետ անձի` Տիգրան Սարգսյանին, եւ նա էլ պետք է կամ պատասխանի, կամ լռությամբ հաստատի ասվածի իսկությունը», - նշում է թերթը։

Խնդրին անդրադարձել է նաեւ «168 ժամ»-ը։ «Ես ինձ թույլ չեմ տա Գագիկ Ծառուկյանի մասին կարծիք կազմել, այն էլ բացասական տեսանկյունից», - թերթի հետ զրույցում երեկ ասել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը` անդրադառնալով ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, թե «Ֆլեշի Բարսեղ Բեգլարյանն ու Տիգրան Սարգսյանը հստակ խնդիր ունեն` փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, եւ որ այդ խնդիրը լուծելու համար նրանք որեւէ միջոցի առջեւ` լինի դա բարոյական թե նյութական, կանգ չեն առնում»։ «Ես որեւէ մեկնաբանություն չունեմ։ Ես Գագիկ Ծառուկյանի հետ շատ ջերմ, բարեկամական հարաբերությունների մեջ եմ եւ երբեք ինձ թույլ չեմ տա նման արարք անել։ Իսկ թե որտեղի՞ց է վերցրել Ուրիխանյանը նման մտքեր, դա արդեն իր խնդիրն է», - ասել է Բարսեղ Բեգլարյանը։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ավազակապետություն», «լեգիտիմություն», «հանցավոր ռեժիմ»` դրանք բոլորը հրաշալի բառեր են, բայց տարեցտարի զրկվում են իրենց քաշից, կորցնում են իրենց, եթե կարելի է այդպես ասել, մագնիսականությունը։ Որքան էլ դրանք դիպուկ լինեն, մարդիկ դրանցից հոգնում են։ Եվ այնպես, ինչպես դրանք ասվում են մեխանիկաբար, առանց մտածելու, այնպես էլ այն «թիրախային խմբերը», ովքեր պետք է «բոցավառվեն» այդ բառերից, այլեւս չեն բոցավառվում եւ լսում ու կրկնում են դրանք` առանց իմաստի մեջ խորանալու»։ «Ճիշտ նույն տրամաբանությամբ` ես չեմ լսել, որ վերջին մի քանի ամիսներին որեւէ ընդդիմադիր խոսեր «Մարտի 1»-ի մասին։ Քաղաքական գործիչները, կարծես թե, ամեն ինչ «քամել են» իշխանության կազմակերպած այդ սպանդից, եւ այն դադարել է լինել «հնչեղ թեմա»։ Չնայած այդ օրը սպանվել է ոչ թե մեկ, այլ տասը հայ, իսկ ոճրագործություն կատարողները եւ դրա կազմակերպիչները չեն դատապարտվել։ Հավերժորեն հնչեղ թեմաներ չկան` ճիշտ այնպես, ինչպես չկան հավերժական թարմությունը պահպանող բառեր եւ կարգախոսներ», - ընդգծում է խմբագիրը` ամփոփելով. - «Ուզում եմ ասել, որ առաջիկա նախագահական ընտրություններում եթե ՀԱԿ-ը հանդես է գալու սեփական թեկնածուով, ապա պետք է դրսեւորի որոշակի կրեատիվություն եւ փորձի չկրկնել հին կարգախոսները, հին փաստարկներն ու կոչերը։ Դրանք այլեւս չեն ընկալվի»։

«Հրապարակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Վաղը` սեպտեմբերի 9-ին, ՏԻՄ ընտրությունների առաջին փուլն է. մի շարք վայրերում համայնքապետեր ու ավագանու անդամներ են ընտրվելու։ Հատկապես փոքր բնակավայրերում այս ընտրությունները, կարելի է ասել, գրեթե ավերածություններ են անում։ Գյուղը բաժանվում է երկու-երեք թշնամի բանակների, գործի են դրվում բոլոր թույլատրելի ու անթույլատրելի միջոցները։ Մարդիկ այնքան են թշնամանում, որ համայնքապետի ընտրվելուց հետո մյուս թեւի կյանքը խիստ բարդանում է տվյալ բնակավայրում, եւ պահանջվում է մի քանի տարի, որ այդ թշնամությունը փոքր-ինչ հարթվի։ Երբեմն ժամանակն էլ չի օգնում, եւ այդ թշնամությունը շարունակվում է մինչեւ մյուս ընտրություններ, երբ պարտված թիմը ռեւանշի հնարավորություն կստանա»։

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը «Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում անդրադարձել է Ռամիլ Սաֆարովի հետ կապված զարգացումներին։ «Պարզվում է, Թուրքիան, Ադրբեջանի համեմատ, բավական ժողովրդավարական երկիր է: Դա է վկայում նաեւ այն փաստը, որ Թուրքիան հայտարարեց, թե ադրբեջանա - հունգարական գործարքին որեւէ առնչություն չի ունեցել: Նույնիսկ կարեւոր էլ չէ՝ Թուրքիան ստում է, թե ճիշտ է ասում, բայց ակնհայտ է, որ չի ցանկանում այս կեղտոտ գործարքի մասնակից համարվել: Թուրքիան խորշում է նույնանալ Ադրբեջանի հետ, փոքր եղբոր հետ կրել մեղքը: Նույնանալը Թուքիայի համար կնշանակեր վաղը դուրս մնալ քաղաքակիրթ աշխարհից», - ասել է Պողոսյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG