Մատչելիության հղումներ

Անկուսակցական թեկնածուներն ավելի պասիվ են քարոզարշավի ընթացքում


Գյումրիի կենտրոնական հրապարակը, արխիվ
Գյումրիի կենտրոնական հրապարակը, արխիվ
Գյումրիի քաղաքապետի չորս թեկնածուներից կուսակցական երկու թեկնածուները բավականին ակտիվ քարոզչություն են իրականացնում, մեծ պաստառներ ունեն քաղաքի տարբեր հատվածներում փակցված, տեղական լրատվամիջոցներով գրեթե ամեն օր լուսաբանվում է քարոզարշավը, որն, իհարկե, վճարովի է:

Իսկ երկու անկուսակցական թեկնածուները ոչ միայն պաստառներ չունեն, այլ նաեւ շատ քիչ են հեռուստաէկրանին երեւում: Թեկնածու Սպարտակ Պետրոսյանը դա պայմանավորեց ֆինանսական սուղ միջոցներով:

«Բավականին մեծ ֆինանսական խնդիրներ կան, դրա համար մտածում եմ, ավելի լավ է ժողովրդի հետ շփվեմ, քան թե մամուլում երեւամ: Կենդանի հանդիպումները ժողովրդի հետ ավելի արդյունավետ են, կարծում եմ», - ասաց Պետրոսյանը:

Գնահատելով ավարտին մոտեցող քարոզարշավը` Պետրոսյանն ասաց, թե մինչ այս պահը այն հանդարտ, նորմալ է ընթացել:

Անդրադառնալով այն պնդումներին, թե Գյումրիում, ըստ էության, ընտրությունների ելքն արդեն կանխորոշված է, Պետրոսյանն ասաց. - «Ես այդպես չեմ համարում: Ժողովուրդը շատ հիասթափված է, հուսախաբ վիճակ է, ասում են, թե գնանք, չգնանք ընտրելու, արդեն որոշված է… ես իմ հանդիպումների ժամանակ փորձում եմ դա շտկել, ժողովրդին հասկացնել, որ այդպես չէ: Շատ հարգում եմ երկրի ղեկավարությանը, հարգում եմ այդ կուսակցություներին, որոնք առաջադրել եւ պաշտպանում են, խնդիր չեմ տեսնում իրենց հետ, բայց ի վերջո ժողովրդի կամքի վրա բռնանալը սխալ է: Ժողովուրդը կարող է իր ձայնով շատ բան փոփոխել»:

Անկուսակցական մյուս թեկնածուն` Անդրանիկ Ավետիսյանը, առհասարակ ընտրողների հետ չի էլ հանդիպել, խոստումներ չի տվել, նույնիսկ ծրագիր չունի: Թեկնածուի կարծիքով, հիմա ինչ ծրագիր էլ ներկայացնի, միայն խնդիրների թվարկում կստացվի` առանց լուծումների բանաձեւի: Նա սպասում է ընտրություններին, որ ընտրվելիք ավագանու հետ միասին կազմեն քաղաքի զարգացման քառամյա ծրագիրը ու միասին դա իրագործեն:

«Ես չէի ցանկանա խոսքեր շռայլել եւ նմանատիպ ձեւով փորձել լվանալ գյումրեցիների ուղեղները: Ես վստահ եմ գյումրեցու մտածողության, հասկացողության վրա, որ նա ամեն ինչ ճիշտ կընկալի, նրան չես զարմացնի պաստառներով, ոչ էլ եթերային զրույցներով: Պաստառ չունեմ ընդհանրապես, մարդիկ հոգնել են էդ պաստառներից, դրանք չեն ներգործում ոչ մի քաղաքացու վրա», - կարծում է Ավետիսյանը. - «Գովազդ էլ չունեմ, որովհետեւ 71 ավագանու անդամ, չորս քաղաքապետի թեկնածու` ամեն վայրկյան, դա հոգնեցուցիչ է»:

Ավետիսյանը խնդրում է գյումրեցիներին ակտիվորեն մասնակցել քվեարկությանը:

«Գոնե 70, 80, 90 տոկոսը մասնակցի, եւ դա, իմ կարծիքով, կլինի շատ ճիշտ ընտրություն», - ասաց թեկնածուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG