Մատչելիության հղումներ

Կանցկացվի «Դեպի կանաչ տնտեսություն» խորագրով մրցանակաբաշխություն


Փորձագետ Արփինե Ավետիսյանը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը մամուլի ասուլիսում:
Փորձագետ Արփինե Ավետիսյանը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը մամուլի ասուլիսում:
«Դեպի կանաչ տնտեսություն» խորագրով մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին կայանալիք կոնֆերանսում, որտեղ կքննարկվեն տարբեր ձեռնարկությունների առաջարկած էկոլոգիական խնդիրների լուծման տարբերակները:

«Ծախսերը շատ են, եթե մենք շատ ենք փչացնում, ոչնչացնում կամ կեղտոտում», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը եւ շարունակեց, որ մեր ծախսերի կարգավորման խնդիրը պետք է սկսվի հենց այստեղից` դրանով իսկ ավտոմատ կերպով պայմաններ ապահովելով հետագա ծախսերի կրճատման համար:

Նպատակ ունենալով աջակցել գործող ձեռնարկություններին` բարելավելու իրենց իմացությունը շրջակա միջավայրի պաշտպանության, թափոնների եւ արտանետումների գործընթացների կարգավորման բնագավառում` Հայաստանի գործատուների հանրապետական միությունը հայտարարել է մրցանակաբաշխություն` «Դեպի կանաչ տնտեսություն» խորագրով:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել այն ձեռնարկությունները, որոնք ունեն առաջադրված չափանիշներից առնվազն երկուսը, օրինակ` ձեռնարկությունը զբաղվում է բնապահպանական գրքերի կամ բրոշուրների հրատարակմամբ կամ ունի շրջակա միջավայրի պահպանման հարցերով պատասխանատու բաժին:

Կազմակերպիչները հատուկ նախատեսված ստուգման թերթիկերով կգնահատեն առաջադրված ձեռնարկությունները, այնուհետեւ կորոշեն լավագույններին:

Փորձագետ Արփինե Ավետիսյանը ասաց, թե «գիտակից մարդը միշտ էլ ձգտում է մաքուր շրջակա միջավայրում ապրելու», ուստի ձեռնարկությունները եւս պետք է մտահոգված լինեն, այսպես կոչված, կանաչ տնտեսության զարգացման հարցով:

Գագիկ Մակարյանը հավելեց, որ չի թերագնահատում կառավարության աշխատանքը, սակայն գտնում է, որ շրջակա միջավայրի պահպանության ոլորտի աշխատանքները պետք է ընթանան մի քանի փուլով եւ որքան հնարավոր է արագ:

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG