Մատչելիության հղումներ

ԵՄ. «Ադրբեջանի վարքագիծը սասանում է տարածաշրջանի անվտանգությունը»


Բելգիա - Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի առջեւ
Բելգիա - Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի առջեւ

Եվրամիությունը փաստում է, որ Ադրբեջանը անտեսում է զսպվածության կոչերը։

Եվրամիությունը բացատրություններ է պահանջում Ադրբեջանից՝ փաստելով, որ պաշտոնական Բաքուն խախտել է Սաֆարովի արտահանձնման շուրջ Հունգարիայի հետ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ, եւ որ այդ վարքագիծը սասանում է տարածաշրջանի անվտանգությունը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության արտգործնախարար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոսիյանչիչը։

«Այս պահին մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ստացվում է, որ որոշակի պայմաններ ու պարտավորություններ, որոնք համաձայնեցվել էին Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ՝ Սաֆարովի արտահանձնման շուրջ, ի կատար չեն ածվել։ Եվ դա նկատի առնելով, մենք կշարունակենք կամ կփորձենք կապի մեջ լինել ադրբեջանական կողմի հետ՝ լսելու նրանց բացատրությունները՝ ինչու է այս դեպքը տեղի ունեցել, եւ ինչու է շարունակվում վարքագիծը, որը վտանգում է տարածաշրջանի փխրուն կայունությունը», - հայտարարել է Եվրամիության արտգործնախարարի խոսնակը։

Ավելի վաղ Եվրամիության արտգործնախարարն ու ընդարձակման հարցերով հանձնակատարը համատեղ հայտարարություն էին տարածել` կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այժմ Եվրամիության արտգործնախարարի խոսնակը փաստում է, որ Ադրբեջանը անտեսում է այդ կոչերը։

«Մենք հայտարարել ենք, որ ի սեր տարածաշրջանային կայունության եւ հաշտեցմանն ուղղված ջանքերի, մենք շատ կուզենայինք տեսնել զսպվածություն՝ տեղում եւ հրապարակային հայտարարություններում, եւ սա այն չէ, ինչ մենք տեսնում ենք ադրբեջանական կողմից», - ասել է Կոսիյանչիչը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ կարող է անել Եվրամիության արտգործնախարարն այս դեպքում՝ հետաքննությունից բացի, եւ եթե պարզվի, որ ադրբեջանական կողմը սխալ է թույլ տվել, կարող են արդյոք պաշտոնական Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվել, եվրոպացի պաշտոնյան պատասխանել է. - «Խոսքը պատժամիջոցների մասին չէ, այլ այն մասին, թե ինչ ենք մենք ուզում տեսնել տարածաշրջանում եւ ինչ հավակնություններ կան, որոնք, կարծում ենք, բխում են նաեւ Ադրբեջանի շահերից։ Մենք ունենք մեր հատուկ բանագնացը Կովկասում, տեղում ունենք պատվիրակություններ, հետեւում ենք իրավիճակին, եւ ըստ այդմ կտեսնենք՝ արդյոք կարիք կա՞ հավելյալ քայլերի»։

Եվրամիության արտգործնախարարության պնդմամբ, չի բացառվում, որ այս հարցը կարող է քննարկվել նաեւ ԵՄ-ի արտգործնախարարների՝ այս շաբաթավերջին Կիպրոսում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում։

Եվրոպացի եւս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հատուկ հայտարարություններ են տարածել Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման առնչությամբ:

«Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ կոնվենցիան չպետք է չարաշահվի քաղաքական նպատակներով», - հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը՝ ընդգծելով, որ Ալիեւի քայլը Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ «կարծես թե հենց քաղաքական նպատակ է հետապնդել»։

Դատապարտելով այդ որոշումը՝ Եվրախորհրդարանի նախագահը միաժամանակ կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին խուսափել այնպիսի քայլերից ու հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը։

Սաֆարովին ներում շնորհելու, հերոսացնելու, 8 տարվա աշխատավարձ ու բնակարան տրամադրելու որոշումը քննադատել է նաեւ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ էլմար Բրոքը՝ ընդգծելով. - «Ազատ արձակելով Սաֆարովին՝ Ադրբեջանը շրջանցում է Եվրամիության անդամ երկրի դատարանի կայացրած վճիռը եւ ներկայացնում է մարդասպանին որպես ընդօրինակման արժանի հերոս նրան ողջունող երեխաների առջեւ»։

Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Եվրախորհդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

«Չէի ցանկանա մեկնաբանել իրավական գործընթացները, բայց, կարծում եմ, որ անընդունելի է սպանության համար դատապարտված անձին ընդունել որպես հերոս», - ասել է Յագլանդը եւ հավելել. - «Ես մերժում եմ այնպիսի աշխարհի տեսլականը, որի բարոյական արժեքները քայքայվում են, որտեղ մարդու արժանապատվության հանդեպ հարգանքը մերժվում է: Սա այն Եվրոպան չէ, որը մենք կցանկանայինք թողնել մեր սերունդներին»։

Սաֆարովի հերոսացման շուրջ միջազգային հանրության քննադատությանն է միացել նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը. - «Նրա ազատ արձակումը անընդունելի է, եւ ես ծայրաստիճան հիասթափված եմ այս հարցում Եվրախորհրդի իրավական մեխանիզմների ոչ համաչափ օգտագործմամբ։ Այս սկանդալային որոշումը շատ բացասական հետեւանքներ է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առանց այդ էլ լարված հարաբերությունների վրա եւ սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում»:

ԵԽԽՎ նախագահը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին վերանայել իրենց որոշումը՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին ու էթիկական նորմերին համապատասխան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG