Մատչելիության հղումներ

Փաստաբանը միջազգային իրավունքի խախտումներ է մատնանշում


Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Նազելի Վարդանյան
Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Նազելի Վարդանյան
Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչը անհրաժեշտ է համարում միջազգային մակարդակով բարձրացնել Հունգարիայի եւ Ադրբեջանի պատասխանատվության հարցը։

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը անհրաժեշտ է համարում, որպեսզի պետական մակարդակով Հայաստանի նախագահի հսկողության ներքո անհապաղ ստեղծվի հատուկ աշխատանքային խումբ, որը կմշակի ռազմավարություն եւ գործողությունների պլան՝ Հունգարիայի եւ Ադրբեջանի պատասխանատվության հարցը միջազգային մակարդակով բարձրացնելու եւ իրավիճակից շահած դուրս գալու համար:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Նազելի Վարդանյանը, Ռամիլ Սաֆարովին էքստադիցիայի ենթարկելով եւ ներում շնորհելով Հունգարիան եւ Ադրբեջանը խախտել են միջազգային իրավունքի մի շարք նորմեր. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ոտնահարել է ոչ միայն սեփական երկրի սահմանադրությունն ու քրեական օրենսգիրքը, այլեւ 1983 թվականին ընդունված Ստրասբուրգի կոնվենցիան, ըստ որի դատապարտյալը պետք է պատիժը կրի այն երկրում, որն ընդունում է նրան: Բացի այդ Ադրբեջանն ու Հունգարիան, ըստ փաստաբանի, խախտել են «Պետությունների միջազգային առումով ոչ իրավաչափ գործողությունների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան: Ավելին, Հունգարիան անտեսել է սեփական դատարանի վճռում ամրագրված պահանջները։

«Դատավճռում հստակ գրված է, որ առաջին 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի դատապարտել ցմահ բանտարկության։ Այսինքն, դատավճռում հստակ նշված է ժամկետը, որ 30 տարի ինքը չի կարող ներվել անկախ նրանից, թե ինքը որ երկրում է գտնվում։ Երկրորդը, որ դատավճռում հստակ նշված է, հաշվի առնելով հանցագործության ծանրությունը՝ արգելվում է Սաֆարովին դուրս բերել Հունգարիայի սահմաններից անորոշ ժամանակով։ Դա նշանակում է, որ էքստրադիցիան այս դեպքում նույնպես հնարավոր չէր։ Եվ հունգարական իշխանությունները, որոնք որոշում են կայացրել, անտեսել են դատավճիռը եւ դրանով, փաստորեն, վիժեցրել են այս դատավճիռը։ Հունգարիայի կողմից դատավճռի խախտում, Ադրբեջանի կողմից՝ նշված նորմերի խախտում։ Այս պայմաններում միջազգային նորմերը պետք է գործեն եւ մենք ամեն ինչ անենք, որպեսզի երկու երկրներն էլ պատասխանատու լինեն», - ասում է փաստաբանը։

Համակարգված գործողությունների շրջանակներում, ըստ փաստաբանի, Հայաստանը կարող է պահանջել, որպեսզի Հունգարիան միջազգային հետախուզում հայտարարի Ռամիլ Սաֆարովի նկատմամբ, եթե այս երկիրն անկեղծ է Ադրբեջանի կողմից խաբված լինելու մասին իր հայտարարություններում: Միաժամանակ, Հայաստանը կարող է աջակցել Գուրգեն Մարգարյանի հետ այդ ժամանակ Բուդապեշտում գտնվող եւ նույն գործով տուժող ճանաչված Հայկ Մակուչյանին՝ դիմել Միջազգային քրեական դատարան՝ իր դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Ռամիլ Սաֆարովին քրեական պատասխանատվության ենթարկելու հայցով. - «Մահափորձ է կատարվել, իր դուռը լրիվ կոտրած էր։ Որ հանցագործությունը ավարտին չի հասցվել, դա միայն պատահականություն է եղել»։

Նազելի Վարդանյանը համոզված է, որ պետք է կոնկրետ պահանջներով դիմել միջազգային կազմակերպություններին եւ նրանցից ակնկալել կոնկրետ գործողություններ՝ Եվրախորհուրդը, ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը պետք է ոչ թե հավասարության նշան դնելով ՝ Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչեր անեն, այլ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն՝ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ, կամ ԵԽ-ում ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի անդամակցության սառեցում՝ կոնվենցիաների պահանջները խախտելու համար: Բայց դրա համար պետք է Հայաստանը լուրջ եւ պետականորեն կազմակերպված գործունեություն ծավալի առանց հապաղելու՝ ընդգծեց սպանված Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչը:

«Ադրբեջանի նախագահի ցինիզմը, որ արհամարհում է ամբողջ աշխարհին, պետք է դատապարտվի, հակառակ դեպքում սա կարող է նոր էսկալացիա առաջացնել», - նշեց Նազելի Վարդանյանը։

Անդրեասյանը ուղերձ է հղել շուրջ 100 օմբուդսմենների


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը համոզված է, որ էթնիկ հողի վրա մարդասպանություն կատարած անձի արտահանձնումը, ազատ արձակումը ու հերոսացումը հանգեցրել են Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների եւ նույն գործով տուժած Հայկ Մակուչյանի իրավունքների խախտման: Օմբուդսմենը եւս Ռամիլ Սաֆարովի էքստրադիացիայում Ստրասբուրգի կոնվենցիայի խախտում է տեսնում․ - «[Կոնվենցիան] ասում է՝ երբ դու հանձնում ես, պետք է վստահ լինես, որ պատիժը կկրվի։ Հունգարիան չէր կարող վստահ լինել։ Արդեն այդ պայմաններում արտահանձնումը հակասում է այդ կոնվենցիայի ոգուն եւ սկզբունքներին»։

Պաշտպանը ուղերձ է հղել շուրջ 100 երկրների օմբուդսմեններին եւ մի քանի տասնյակ միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով խստորեն դատապարտել կատարվածը։

Նա նաեւ տարակուսած էր իր Ադրբեջանցի գործընկերուհի Էմիրա Սուլեյմանովայի քայլից, ով երեկ «հետագա հաջողություններ» մաղթեց Ռամիլ Սաֆարովին: Կարեն Անդրեասյանը հույս հայտնեց, որ ՄԱԿ-ի գնահատող հանձնաժողովը ադեկվատ գնահատական կտա «մարդասպանի ազատ արձակումը գովաբանող» օմբուդսմենի աշխատանքին:
XS
SM
MD
LG