Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Ադրբեջանը վտանգում է միջազգային կայունությունը»


Էդվարդ Նալբանդյան, արխիվային լուսանկար
Էդվարդ Նալբանդյան, արխիվային լուսանկար
«Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ուրբաթ օրը Թեհրանում ելույթ ունենալով Չմիացած երկրների շարժման 16-րդ գագաթնաժողովում։

«Այդ առումով որեւիցե մեկի համար անակնկալ չէ, որ Ադրբեջանը, հանդիսանալով Չմիացած երկրների շարժման անդամ, շարունակաբար խախտում է «Բանդունգի սկզբունքները»՝ խտրականություն եւ ազգային ատելություն քարոզելով։ Միջազգային կազմակերպությունները բազմիցս համապատասխան գնահատականներ են տվել Ադրբեջանում քսենոֆոբիայի, ռասիզմի եւ անհանդուրժողականության դրսեւորումներին», - ասել է Նալբանդյանը իր ելույթում, որը, արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, որպես գագաթնաժողովի պաշտոնական փաստաթուղթ տարածվել է մասնակից պետությունների պատվիրակություններին:

«Իր ողջ պատմության ընթացքում Չմիացած երկրների շարժումը աջակցել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը, մինչ Ադրբեջանը իր ամենօրյա ռազմատենչ հայտարարություններով, ռազմական բյուջեի բազմապատկմամբ՝ քսան անգամ վերջին հինգ տարում, հարձակողական սպառազինությունների հսկայական քանակի ձեռքբերմամբ՝ ի խախտումն իր միջազգային պարտավորությունների, ուժի կիրառման շարունակական սպառնալիքներով՝ վտանգում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային կայունությունը եւ անվտանգությունը: Նման վարքագիծը հարիր չէ Չմիացած երկրների շարժման անդամ պետությանը եւ ավելին՝ հարված է հասցնում այս կազմակերպության հեղինակությանը», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:

«Համոզված եմ, որ կարեւոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից գագաթնաժողովի հայտարարության 391-րդ պարբերության շուրջ իրականացված մանիպուլյացիաների վերաբերյալ իրողությունը: Ադրբեջանը ընդամենը մեկ տարի առաջ դարձավ Չմիացած երկրների շարժման անդամ եւ արդեն փորձում է, շահարկելով իր անդամակցությունը, թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին՝ ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ», - ասել է Նալբանդյանը՝ շարունակելով. - «Այս պարբերությունը հակասության մեջ է մտնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությանը, ոգուն ու ձեւակերպումներին, որոնք արտացոլված են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ղեկավարների լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում եւ Լոս-Կաբոսում ընդունված հայտարարություններում, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի շրջանակներում՝ Աստանայի գագաթնաժողովի, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի, Վիլնյուսի նախարարական հանդիպումների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված հայտարարություններում»:

«Այս փաստաթղթերը կարեւորում են միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անկյունաքարային տարրեր: Ցավոք, 391-րդ պարբերությունը անտեսում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ չի օգտագործում միջազգայնորեն ընդունված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» եզրույթը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։

«Նման մոտեցումը ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը եւ փխրուն իրավիճակը հակամարտության գոտում, այլեւ հակասում է Չմիացած երկրների շարժման հիմնարար սկզբունքներին: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը շարժման հիմնադրման օրվանից եղել եւ մնում է վերջինիս հիմնասյուներից մեկը, որն ընդգծված է բոլոր գագաթաժողովների եւ նախարարական հանդիպումների փաստաթղթերում», - ընդգծել է Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG