Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպում է ունեցել դատական իշխանության ներկայացուցիչների հետ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վճռաբեկ դատարանում ունեցել է աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012 - 2016 թվականների միջոցառումների ծրագրին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Արդարադատության խորհրդի անդամներ, բարձրագույն դատական ատյանի եւ դատական իշխանության այլ ներկայացուցիչներ:

Դատական իշխանության ներկայացուցիչներին ուղղված իր խոսքում, ինչպես փոխանցում է նախագահի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանը նշել է, որ բարեփոխումների առանցքային նպատակներից մեկն էլ մեր հասարակությանը հուզող դատավորների անկախության եւ հաշվետվողականության միաժամանակյա ապահովումն է: Նախագահի խոսքով, այս գործում չափազանց կարեւոր է Վճռաբեկ դատարանի, Դատական դեպարտամենտի եւ, իհարկե, Արդարադատության խորհրդի, հանդիպման մասնակիցներից յուրաքանչյուրի դերը:

«Յուրաքանչյուր իրավական պետություն, կարեւորելով դատական իշխանության անկախությունը՝ այն դիտարկում է նաեւ որպես հասարակության առջեւ պատասխանատվություն ստանձնելու, հաշվետու լինելու միջոց: Մենք նույնպես քաջ գիտակցում ենք այդ անկախության արժեքը, սակայն պետք է հասկանանք նաեւ, որ բացարձակ անկախություն լինել չի կարող, հակառակ պարագայում՝ մենք մեր ձեռքով ուղղակի կստեղծենք անպատժելիության մթնոլորտ», - ասել է Սերժ Սարգսյանը: - «Արդարադատություն իրականացնող անձի անպատժելիության յուրաքանչյուր փաստ ինքնին արժեզրկում է ե՛ւ նրա անկախությունը, ե՛ւ, բնականաբար, անաչառությունը: Անհնար է հանրային վստահություն ակնկալել, եթե իշխանության մի ամբողջ ճյուղ իր ենթակառուցվածքներով թողնում է ինքնամփոփ եւ մեկուսացած կառույցի տպավորություն, որն ապրում եւ գործում է սեփական օրենքներով»:

«Թեեւ վերջին տարիներին այս կարծրատիպերը կոտրելու ուղղությամբ բավականին լուրջ եւ դրական հեռանկար ունեցող աշխատանքներ են կատարվել, այնուհանդերձ, ես գտնում եմ, որ դա բավարար չէ դատական իշխանության լիարժեք հաշվետվողականությունն ապահովելու համար: Այլեւս անթույլատրելի է առկա խնդիրները բացատրել խորհրդային ժառանգությամբ կամ անցումային ժամանակաշրջանի դժվարություններով», - շեշտել է երկրի նախագահը:

Այս համատեքստում նա ընդգծել է «չափազանց կարեւոր մի հանգամանք». - «Դատական համակարգում աշխատավարձի մակարդակից դժգոհելու որեւէ հիմք չկա: Այսօր Հայաստանի Հանրապետության ամենաբարձր վարձատրվող պաշտոնյաները դատավորներն են: Անհրաժեշտ է տեսնել սեփական թերությունները»:

«Կարգապահական եւ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության անխուսափելիությունը պետք է ապահովվի միասնական եւ ոչ խտրական չափանիշներով: Համակարգում չպետք է լինեն արտոնյալներ: Եվ այժմ եկել է կոնկրետ քայլեր, գործողություններ կատարելու ժամանակը», - ասել է Սերժ Սարգսյանն ու եզրափակել. - «Բայց նաեւ հարկ եմ համարում հիշեցնել, որ մենք չպետք է «վհուկների որս» սկսենք համակարգում: Ոչ: Խոսքը համակարգային փոփոխությունների մասին է»:

please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG