Մատչելիության հղումներ

ՕԵԿ-ը ազատվել է «պատեհապաշտներից»


Հեղինե Բիշարյան
Հեղինե Բիշարյան
«Օրինաց երկիր» կուսակցությունը ամառային արձակուրդներից հետո երեկ հրավիրել է իր քաղխորհրդի առաջին նիստը:

Կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ կուսակցության քաղաքական խորհրդի առաջին նիստում քննարկվել են քաղաքական, ներկուսակցական, կազմակերպչական հարցեր․ - «Մեր առաջին փորձաշրջանը նաեւ ՏԻՄ ընտրություններն են, որոնք առջեւում են՝ նոր աշխատանքային ոճով, նոր մոտեցումներով»։

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ասաց, որ առաջիկայում պարզ կլինի նաեւ ՕԵԿ համամասնական ցուցակում ընդգրկված պաշտպանության նախարարի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանի եւ ՕԵԿ նորընտիր մեկ այլ անդամ Նելսոն Զուլոյանի հետագա գործունեության հարցը:

«Նրանք պետք է աշխատեն գործադիրում։ Չեմ բացառում, որ առաջիկա ժամանակահատվածում արդեն պետք է անդրադառնանք նման նշանակումների եւ գործընթացների», - պարզաբանեց Բիշարյանը։

Այս տարի անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Օրինաց երկիրը լուծարեց իր կուսակցական կառույցները: Այսօր արդեն ՕԵԿ փոխնախագահը հայտարարում է, որ դրանք վերակազմավորվել են: Հեղինե Բիշարյանը չի թաքցնում, որ կուսակցական կառույցների լուծարման պատճառ է հանդիսացել նաեւ ազգային ժողովի ընտրություններում իրենց ստացած քվեների քանակը:

«Նախընտրական շրջանում [կան] բազմաթիվ մարդիկ՝ պատեհապաշտներ, որոնք օգտվելով այդ նախընտրական շրջանից մտածում են, որ իրենք ինչ-որ արդյունքներից բաներ քաղեն, մենք ազատվեցինք նմանատիպ մարդկանցից։ Մեր կուսակցության հնաբնակները շատ են, եւ նրանք, ովքեր շատ լավ աշխատել են, ովքեր իսկապես կուսակցականներ են եւ գաղափարական զինակիցներ են մեզ, նրանք կան», - նշեց Բիշարյանը։

Հեղինե Բիշարյանը նպատակահարմար չգտավ հրապարակել թե կառույցների վերակազմավորման արդյունքում որքան մարդ է դիմում գրել ՕԵԿ-ին անդամակցելու համար՝ նշելով․ - «Ամբողջությամբ վերականգնվել է ողջ կառուցվածքը։ Այսինքն, բոլորը իրենց տեղերում են»։

Նկատենք, որ կուսակցություն չի վերադարձել Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը, ով ՕԵԿ-ական դառնալուց հետո զբաղեցրել էր այդ պաշտոնը:

ՕԵԿ ղեկավար անդամը վերահաստատեց, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում հանդես չեն գա սեփական թեկնածուով եւ պաշտպանելու են նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ սկզբունքորեն չի անդրադառնում այլ կուսակցությունների, ինչպես նաեւ կոալիցիոն գործընկերների ներկուսակցական խնդիրներին:

«Մենք հարգանքով ենք վերաբերվում ցանկացած կուսակցության քաղաքական որոշմանը», - մեզ հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG