Մատչելիության հղումներ

Այս տարի դպրոց կգնան 37 հազարից ավելի առաջին դասարանցիներ


Առաջին դասարանցիների թիվը նախորդ տարիների համեմատ գրեթե չի փոխվել: Այս մասին ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Չնայած սեպտեմբերի 1-ը շաբաթ օր է, այնուամենայնիվ, օրը տոնական է, բոլոր հիմնական եւ միջնակարգ դպրոցներում կհնչի առաջին զանգը:

Հովհաննիսյանն ասաց, որ որոշ դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են ընթացել. - «Հստակ թվեր չեմ կարող ասել, բայց եւ Երեւանում, եւ մարզերում մի շարք դպրոցներ բարեկարգվել են, եւ դեռ [աշխատանքները] շարունակվում են»:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը օրերս հայտարարեց, որ Երեւան քաղաքում մինչեւ այս տարվա վերջ բոլոր դպրոցները պետք է ջեռուցվեն: Իսկ ահա մարզերի մի շարք դպրոցներ ջեռուցվում են փայտով, հեղուկ վառելիքով կամ ինչով, որ հնարավոր է: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ե՞րբ կլուծվի մարզերի հանրակրթական հաստատությունների ջեռուցման խնդիրը, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Հստակ թվեր չգիտեմ, բայց մարզպետները վստահեցնում են, որ խնդիրը լուծման փուլում է»:

Հանրակրթության վարչության պետը այդպես էլ հստակ պատասխան չտվեց դպրոցների վերանորոգման աշխատանքների, ջեռուցվող եւ չջեռուցվող դպրոցների թվի վերաբերյալ:

Հովհաննիսյանն ասաց, որ օգոստոսի վերջին, սեպտեմբերին զանգերը նախարարության թեժ գծին ավելանում են. ծնողները դժգոհում են դրամահավաքից, ուսուցիչների վերաբերմունքից, տնօրեններից:

Հայաստանում այսօր գործում է 107 ավագ դպրոց, սակայն դրանց արդյունավետության մասին այս տարի էլ Հովհաննիսյանը դժվարացավ խոսել, դեռեւս պարզ չէ, թե արդյոք դրանք լուծեցի՞ն իրենց առջեւ դրված հիմնական խնդիրը` հոսքային ուսուցման շնորհիվ առանց կրկնուսույցների մոտ պարապելու ընդունվել բուհ:

Նշենք, որ վաղը դպրոցներն իրենց դռները կբացեն առավոտյան 8:30-ին:

please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG