Մատչելիության հղումներ

«2008 թվականից ի վեր Վրաստանը նման իրավիճակում չէր հայտնվել»


Ռուս - վրացական սահմանի դաղստանյան հատվածում՝ Լոպոտա կիրճում իրականացվող հատուկ գործողության հիմնական փուլն ավարտվել է։ Այս տեղեկատվությունը ներառված է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ Վրաստանի պաշտպանության նախարարի հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ։

Սահակաշվիլին գնահատել է. - «2008 թվականից ի վեր Վրաստանը նման իրավիճակում չէր հայտնվել»։

Վրաստանի նախագահը նաեւ կարծիք է հայտնել, թե այդ հատուկ գործողությունը ցույց տվեց, որ ակնհայտ է զինված ուժերի պատրաստվածության բարելավումը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունն անցած երկու օրերին հատուկ օպերացիա է իրականացրել Ռուսաստանի տարածքից Վրաստան ներխուժած զինված խմբավորման վնասազերծման նպատակով: Գրոհայինները պատանդ էին վերցրել խաղաղ բնակիչների, որոնք ազատ են արձակվել։ Ռուս-վրացական սահմանի դաղստանյան հատվածում, հիշեցնենք, զոհվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ ջոկատի 3, իսկ վիրավորվել՝ 5 ծառայող։ Գրոհայիններից 11-ը սպանվել են։

Լոպոտա կիրճում անցած գիշեր Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատանքներին միացել են նաեւ սակրավորները։ Ականապատվել են այն հատվածները, որտեղով հնարավոր է Ռուսատանից մտնել Վրաստան։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային կայքի փոխանցմամբ, Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շոթա Խիզանիշվիլին ասել է, որ Վրաստանի տարածք ներթափանցած գրոհայինները Ռուսաստանի քաղաքացիներ են՝ Հյուսիսային Կովկասից։

Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե Ռուսաստանի Դաշնությունը տեղեկացված է եղել Լոպոտի կիրճում ծրագրված հատուկ օպերացիայի մասին: Վրաստանի իշխանություններն այս տեղեկատվությունը փոխանցել են Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը:


Սահակաշվիլիի առաջարկը


Ռուս վրացական սահմանի դաղստանյան հատվածին ամենամոտ բնակավայրում՝ Լափանհուրի գյուղում Վրաստանի նախագահը տեղացիների հետ զրույցում ասել է, որ խաղաղ բնակիչների անվտանգությւոնն ապահովված է։

«Նրանք, ովքեր ուղարկել են այդ գրոհայիններին, սխալվել են ժամանակի եւ ուղղության մեջ։ Մենք ոչ մեկին թույլ չենք տա ձեռք բարձրացնել մեր քաղաքացիների վրա։ Մենք գիտենք, թե ում է պետք մարդկանց վրա ձեռք բարձրացնելն ու առեւանգելը», - հայտարարել է Վրաստանի նախագահը։

Սահակաշվիլին ավելացրել է՝ լեռնաշղթայի մյուս կողմում ապրում են մեր եղբայրները, բայց թող նրանք գան, նստենք սեղանի շուրջ, խաղաղ քննարկենք հարցերը եւ կարգավորենք հարաբերությունները։


Իսլամիստական խմբավորման արձագանքը


Իրեն Կովկասի էմիրության Դաղստանի վիլայեթ համարող խմբավորման ղեկավարությունն իր հերթին այսօր հաստատել է, որ Վրաստաում զինված բախումներ են տեղի ունենում Կովկասի մուջահեդների զինված ուժերի հետ։

«Մեր տեղեկություններով՝ մեր եղբայր մուջահեդները չէին պատրաստվում որեւէ գործողություն իրականացել Վրաստանի տարածքում։ Մուջահեդները գերի չեն վերցրել եւ այդ պնդումը վրացական կողմի սուտն է։ Ինչ վերաբերում է վրացական կողմին, ապա այն դավաճանորեն սպանել է Կովկասի 11 քաջ որդիների», - հայտարարել է խմբավորումը՝ վրացական իշխանություններին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մուջահեդների նկատմամբ եւ զգուշացնելով, որ հակառակ դեպքում Վրաստանը ձեռք կբերի եւս մեկ թշնամի, որը վրեժխնդիր կլինի դաժան կերպով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG