Մատչելիության հղումներ

Դամասկոսում սպանված հայերի դիերը չի հաջողվում դուրս բերել հակամարտության գոտուց


Դամասկոս, 28-ը օգոստոսի, 2012թ․
Դամասկոս, 28-ը օգոստոսի, 2012թ․
Բեյրությում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց, որ նախօրեին Դամասկոսում սպանված երեք հայազգի տղամարդկանց դիերը դեռեւս չի հաջողվում դուրս բերել հակամարտության գոտուց:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հաղորդել էր, որ Սիրիայի մայրաքաղաքի Ջոբար թաղամասում, անհայտ հանգամանքներում սպանվել են հայազգի երեք քաղաքացիներ՝ 49-ամյա Պետրոս Մաթոսյանը, 46-ամյա Գեւորգ Մաթոսյանը եւ 22-ամյա Լեւոն Պետրոսի Մաթոսյանը։

Դամասկոսում գտնվող Հայոց առաջնորդարանը հայտնել էր, որ ջանում է սպանված հայերի դիերը դուրս բերել հակամարտության տարածքից։ Քանդահարյանը նշեց, որ հայկական համայնքի ներկայացուցիչները հարմար պահի են սպասում, որպեսզի կարողանան մտնել հակամարտության տարածք: Դամասկոսի այդ հատվածում մարտեր են ընթանում կառավարության ու ապստամբների զորքերի միջեւ:

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագրի, ինչպես նաեւ «Ազատություն» ռադիոկայանի Սիրիայում գտնվող աղբյուրների դեռեւս չճշտված տվյալներով, այսօր Դամասկոսում նաեւ 6 հոգանոց հայ ընտանիք է սպանվել:

«Այս պահին Սիրիայի հայկական համայնքի ներկայացուցիչները փորձում են ստուգել, թե իսկապես սպանվածները հայեր են, թե ոչ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց բարձրաստիճան մի պաշտոնյա, ով չցանկացավ հրապարակել իր անունը: Նրա խոսքերով, ընտանիքին սպանել են, հետո դիերը տեղափոխել Դամասկոսում գտնվող մզկիթ:

Վեցի հայ սպանվածների մասին տեղեկություններ հաղորդել են նաեւ արաբական լրատվամիջոցները։

Բերիո թեմի ներկայացուցիչ Ժիրայր Ռեիսյանն ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ հայկական համայնքը չեզոքություն է պահպանում։

please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG