Մատչելիության հղումներ

Հեռակա բաժին դիմողները հիմնականում առկայի շեմը չհաղթահարած դիմորդներ են


Պետական բուհերում սկսվել է հեռակա ուսուցման համար ընդունելության դիմումների ընդունումը: Դիմումները կընդունվեն մինչեւ սեպտեմբերի 20-ը, դիմորդները քննություններ կհանձնեն սեպտեմբերի վերջում:

«Հեռակա կրթությունը կարիք ունի շատ լուրջ արդիականացման», - ասում է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Այս խնդիրը որոշ չափով լուծելու նպատակով անցած տարվանից իրենց բուհում գործում է հեռակա ուսուցման նոր ձեւ` երեկոյան ուսուցում: Եթե հեռակայի ուսանողները դասի են հաճախում յուրաքանչյուր կիսամյակում երեքից-չորս շաբաթ, ապա այս ուսուցման տարբերակով ուսանողները հնարավորություն կստանան համալսարանում սովորել ամեն օր` օրվա երկրորդ կեսին` հինգ տարիների ընթացքում:

Նորաբաց հեռակայի վարձավճարը կհաշվարկվի հետեւյալ սկզբունքով` առկա ուսուցման 4 տարիների համար վճարվող ընդհանուր գումարը կբաժանվի հինգի:

Բուհի 21 մասնագիտություններից 19-ը ունեն հեռակա բաժիններ: Փաստաթղթերի ընդունելությունը կտեւի մինչեւ սեպտեմբերի 20-ը: Իսկ ընդունելության քննությունները հեռակա բաժինը նախընտրած դիմորդները կհանձնեն սեպտեմբերի վերջում: Ռեկտորի խոսքով` տարեկան առկա բաժին ընդունվողների թիվը տատանվում է 500-600-ի, հեռակայում` 300-350-ի միջեւ:

Երեւանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ԵՊՀ-ի հեռակա բաժնի ընդունելիության կարգում այս տարի փոփոխություններ չեն եղել: Սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 20-ը կկազմակերպվեն քննությունները: Համալսարանը ընդունելիություն է կազմակերպում հեռակա ուսուցման 29 մասնագիտությունների գծով: Այս պահի դրությամբ համալսարան է դիմել 370 դիմորդ, նրանց մեծ մասը առկայի քննությունները չհաղթահարած դիմորդներն են:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2012-2013 ուսումնական տարվա ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանի հետ զրույցոից պարզ դարձավ, որ իրենց բուհում բոլոր 26 մասնագիտություններն ունեն նաեւ ուսուցման հեռակա բաժին: Յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանված է 20-ական տեղ:

Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, օրինակ, հեռակա ուսուցման բաժին չկա, քանի որ բուհի ներկայացուցիչների խոսքով հեռակա ուսուցման դասաժամերի քանակը բավարար չէ լավ բժիշկներ պատրաստելու համար:

please wait

No media source currently available

0:00 0:05:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG