Մատչելիության հղումներ

«Ֆրանս Պրես». Երիտասարդները հսկում են Հալեպի հայկական թաղամասերը


Հալեպի թաղմասերից մեկը օգոստոսի 21-ին
Հալեպի թաղմասերից մեկը օգոստոսի 21-ին
Հալեպի քրիստոնեական թաղամասերը շարունակում են մնալ կառավարական ուժերի հսկողության ներքո: Միջազգային գործակալությունների եւ սիրիական պաշտոնական աղբյուրների այս տեղեկությունը հաստատում են նաեւ Հալեպի հայերը:

Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը «Ազատություն» ռադիոկայան հետ զրույցում այսօր նշեց. - «Կրակոցների ձայներ լսվում են, սակայն հայաբնակ թաղամասերում այդքան խնդիրներ չկան: Քրիստոնյաներով բնակեցված թաղամասերը շարունակում են մնալ բանակի հսկողության տակ: Իհարկե, [ապստամբները] իրենց ներկայությունը հայտնելու, փաստելու, պարտադրելու փորձեր արեցին, բայց այժմ քրիստոնեական թաղամասերը բանակի եւ պետության հաշվեկշռին են»:

Հալեպի հայաբնակ թաղամասերի իրավիճակին անդրադառնում են նաեւ արեւմտյան լրատվամիջոցները: «Ֆրանս Պրեսի» տեղեկություններով` քրիստոնյաներով բնակեցված թաղամասերում ամենակատաղի մարտերը ծավալվել էին երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին:

«Շաբաթասկզբին ծավալված մարտերը շատ դաժան էին ու երկար ժամեր շարունակվեցին մինչեւ բանակին հաջողվեց դուրս մղել ապստամբներին», - «Ֆրանս Պրեսին» ասել է Հալեպի քրիստոնյա բնակիչներից մեկը` չցանկանալով բացահայտել իր ինքնությունը:

Հալեպի բնակչուհի Սոնիան էլ ֆրանսիացի թղթակիցներին հեռախոսով փոխանցել է. - «Այդ երկու օրերը մեր կյանքի վատթարագույն օրերն էին»:

«Եթե մեր տունը ամրոցի նման կառուցած չլինեինք, հիմա հաստատ ողջ չէինք լինի», - մեկ այլ քրիստոնյա ասել է գործակալության թղթակցին:

«Ֆրանս Պրեսը» տեղեկացնում է, որ ռազմական գործողությունները հիմնականում ծավալվել էին հայերով բնակեցված Սուլեյմանիե, ինչպես նաեւ քրիստոնեական մեկ այլ` Թելալ թաղամասում:

«Բանակը ստիպված էր ետ գրավել այս թաղամասերը, քանի որ քաղաքի այս շրջաններում գտնվող տներից շատերը ստորգետնյա թունելներով կապված են Հալեպի վրա գերիշխող դիրք ունեցող ամրոցի հետ», - «Ֆրանս Պրեսին» է հայտնել ականատեսներից մեկը:

Գործակալությունը տեղեկացնում է, որ բանակի եւ ապստամբների միջեւ տեղի ունեցած կատաղի մարտերի ավարտին քրիստոնեական թաղամասերի հսկողությունն անցել է տեղական ինքնապաշտպանական ջոկատներին. - «Այդ ամենն այնքան էլ լավ կազմակերպված չէ, բայց կան երիտասարդներ` մասնավորաբար, հայկական թաղամասերում, որոնք հսկում են շինությունները` պաշտպանելով դրանք նոր ներխուժումից: Նրանից ոմանք զինված են, պատրաստ ցանկացած պահի դիմել բանակին, միջամտության խնդրանքով»:

Բերիո թեմի բանբերը սակայն պնդում է, որ զուտ հայկական ինքնապաշտպանական ջոկատներ Հալեպում գոյություն չունեն:

«Թաղամասերում տեղական պաշտպանական մարմիններ ստեղծվեցին, որոնց հասարակ քաղաքացիներն անդամակցեցին, այդ մարմիններին նաեւ թեթեւ զենք բաժանվեց: Որոշ հայեր ինքնակամ, առանց որեւէ կողմի պարտադրանքի մաս կազմեցին այդ խմբավորումներին ու զենք ստացան: Նրանց` զենք կրելու այդ քայլը, սակայն, հայկական հովանավորություն չի վայելում: Հայկական կողմը ընդհանրապես զենքին դեմ է, մենք կողմ ենք խաղաղության վերահաստատմանը», - նշում էր հալեպահայ գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG