Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն առաջարկում է օրենքից հանել քվեարկողների անձնագրերը դրոշմակնքելու պահանջը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջարկում է ընտրական օրենսգրքից հանել քվեարկության ժամանակ ընտրողների անձնագրերը դրոշմակնքելու պահանջը. անձնագրերը դրոշմակնքելու ինստիտուտը վերացնելու առաջարկը ներառված է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ազգային Ժողովին ներկայացված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվետվության մեջ:

Խոսքը քվեարկությունից հետո 12 ժամվա ընթացքում անհետացող դրոշմակնիքների մասին է. անձնագրերի դրոշմակնքման ինստիտուտը, հիշեցնենք, փոփոխված ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջով՝ կիրառվում է խորհրդարանական վերջին ընտրություններից սկսած՝ կրկնաքվեարկությունները բացառելու նպատակով: Բայց ե՛ւ խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին, ե՛ւ դրան հաջորդած տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես Թալինի քաղաքապետի ընտրություններում, ակնհայտ դարձավ, որ դրոշմակնիքները շատ արագ անհետանում են։ Եվ եթե խորհրդարանական ընտրություններում պատճառաբանությունը թանաքն օգտագործելուց առաջ լավ չթափահարելն էր, ապա Թալինի քաղաքապետի ընտրություններում արդեն «լավ թափահարած» թանաքի անհետացումը պատճառաբանեցին «շոգ եղանակով»:

Ուստի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր այս հաշվետվության մեջ անհրաժեշտ է համարում ընդհանրապես վերացնել դրոշմակնքման ինստիտուտը, հիմնավորելով, որ թանաքի «գունաթափումը» կամ «գունազրկումը» քիմիական ռեակցիայի արդյունք է, դրան կարող են նպաստել տարբեր հանգամանքներ, մթնոլորտային տարբեր պայմաններ, եւ անգամ տեսականորեն «անհնար է
ստանալ այնպիսի միասնական նյութ», որը «նույնական պայմաններ ապահովի բոլոր իրավիճակների ու հանգամանքների համար»:

Հանձնաժողովը համոզված է, որ ընտրական օրենսգրքում մեկից ավելի քվեարկությունները բացառելու ավելի առանցքային հնարավորություններ են ամրագրված, ինչը թույլ է տալիս գործընթացը լիարժեքորեն վերահսկել նույնիսկ առանց դրոշմակնքման ինստիտուտի:

Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորները կարծես դեմ չեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս դիտարկմանը։ Հանրապետական խմբակցության քարտուղար, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը, մեզ հետ զրույցում կարծիք հայտնելով, որ §որոշ տեղամասերում տեխնիկական պատճառներով թանաքի անհետացումը բազմաթիվ շահարկումների առիթ է դառնում¦, նշեց. - «Հարցը պետք է քննարկենք։ Քննարկենք նաեւ ընդդիմության հետ։ Մենք պետք է փորձենք ռիսկը իջեցնել մինիմալի։ Այսինքն, որը կարող է տեխնիկական խնդիր թվալ, բայց հետագայում որոշակի գործընթացների սկիզբ դառնալ, դա մենք պետք է չեզոքացնենք»։

Մինչդեռ խորհրդարանական ընդդիմության պատգամավորները ԿԸՀ-ի առաջարկը համարում են «առաջիկա նախագահական ընտրություններում ավելի հեշտությամբ կեղծիքների դիմելու» հնարավորություն` պատահական չհամարելով նաեւ նախորդ ընտրություններում կրկնակի քվեարկությունները բացառող դրոշմակնիքների արագ անհետացումը:

«Սկզբից, իբր միջազգային կառույցների կամ ընդդիմության առջարկներին անսալով, արվեց մի բան, որը թվում էր, թե պետք է որոշակի պոզիտիվ դերակատարում ունենա։ Հետագայում դա, այսպես ասած, փչացվեց, վարկաբեկվեց հենց իրենց ձեռքով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը․ - «Հիմա ուզում են ընդհանրապես հանել դա, եւ հասկանալի է, որ նախագահական ընտրություններում ավելի հեշտ կեղծիքների դիմել։ Ես սա համարում եմ հերթական ապացույցը, որ Հայաստանի ընտրական եւ իշխանական համակարգը կեղծարարությունը համարում է իր վերարտադրման միակ հնարավորությունը եւ այդ հնարավորությանը մինչեւ վերջ հավատարիմ է մնում»։

Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, մեզ հետ զրույցում չբացառելով, որ դրոշմակնիքների անհետացման պատմությունը կարող է կրկնվել նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում, հայտարարեց, որ դրոշմակնքման օրենսդրական պահանջը վերացնելու դեպքում պետք է դրոշմակնիքին փոխարինող այլ մեթոդ ներմուծվի։

«Եթե անգամ դրոշմակնիքները հանվեն, ապա մենք պիտի անպայմանորեն մատների թանաքոտումը ներառենք, որովհետեւ մենք դեռեւս չենք գտնվում ընտրական այնպիսի մշակույթ ունեցող երկրների շարքում, որ մեզ թույլ տանք այդպիսի «շռայլություն»։ Ես, իհարկե, ռոմանտիկ չեմ եւ չունեմ վստահություն, որ դրա դեմ էլ ինչ-որ մի հակաթանաքոտում չեն գտնի վերացնելու համար, բայց գոնե չարյաց նվազագույնի տարբերակով դա պիտի ներառենք», - նշեց Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի ամփոփիչ գնահատականին, ապա հանձնաժողովը դրական է գնահատել ընտրությունները։ 32 էջանոց հաշվետվության մեջ առանձին բացթողումների հետ մեկտեղ նշված է, որ «ընտրացուցակներն իրենց վերջնական տեսքով ունեցել են ճշգրտության աննախադեպ բարձր մակարդակ», որ «դրոշմակնիքի շուտ անհետանալը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա», «ընտրություններն անցել են խաղաղ մթնոլորտում», «արդյունքների ամփոփման գործընթացն իրականացվել է բաց եւ թափանցիկ»:

Իշխանական կուսակցությունը լիովին կիսում է այս գնահատականները, ի տարբերություն խորհրդարանական ընդդիմության։

«Հասկանալի է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեղծած ընտրությունների թիվ 1 պատասխանատուն է եւ նա պետք է նույնիսկ բացահայտ փաստերը հերքելու ճանապարհով գնա», - ասում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

please wait

No media source currently available

0:00 0:05:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG