Մատչելիության հղումներ

«Սիվիլիթաս»-ը մտադիր է դիմել վերադաս դատական ատյաններին


«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյան
«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյան
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շաբաթ օրը մերժել է «Սիվիլիթաս» հիմնադրամի` Ազգային անվտանգության ծառայության որոշման բողոքարկումը:

Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ որոշումը իրենց համար անակնկալ չէր:

«Ուղղակի մենք այս գործընթացին դիմել ենք, որովհետեւ մինչեւ վերջ պետք է տանենք. մյուս երկու ատյաններին էլ պետք է դիմենք եւ դրանից հետո Եվրոպական դատարան պիտի գնանք, որովհետեւ սա արդեն անիմաստ ձեւ է քաղաքացիական հասարակությանը, այս պարագայում` մամուլի ներկայացուցչի, հասարակական կազմակերպության գործունեությանը խոչընդոտելու, շեղելու, թաղելու…», - ասաց Ղազարյանը:

Հիշեցնենք, «Սիվիլիթաս» հիմնադրամին առնչվող քրեական գործը ԱԱԾ-ի քննչական վարույթում հարուցվել է փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներին օրինականացնելու հատկանիշներով:

«Սիվիլիթաս»-ի տնօրենը կրկին պնդեց, որ այս գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի:

«Որովհետեւ ուրիշ դեպք չկա: Եթե լիներ ուրիշ ինչ-որ հարց, պրոբլեմ, մեղադրանք, ամբաստանություն, կասկած, կարելի էր ուրիշ բան ենթադրել, բայց այստեղ ուրիշ բան չկա, այստեղ չգիտես, թե ինչ են փնտրում: Արդեն գործը մեջտեղից են սկսել, եւ հիմա փորձում են գտնել ինչ-որ բաներ, ինչ-որ պատճառներ, հետեւանքներ: Եվ ամենից անհեթեթն այն է, որ ըստ քննիչի` այս բոլորը կատարվում է նաեւ «Սիվիլիթաս»-ի շահերը պաշտպանելու համար: Հիմա ես իսկապես չեմ հասկանում` մեր ո՞ր շահերն են պաշտպանվելու այսպիսի հետապնդմամբ», - ասաց հիմնադրամի տնօրենը:

Հարցին, թե ինչպե՞ս է բացատրում այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի անդամն է «Սիվիլիթաս»-ի հիմնադիր Վարդան Օսկանյանը, մինչ օրս չի հայտարարել, որ իր անդամի` քաղաքական հետապնդման ենթարկվելու մասին, Ղազարյանը պատասխանեց. - «Ես բացատրություն չունեմ, այս մասին պետք է պարոն Օսկանյանին եւ ԲՀԿ-ին հարցնենք, թե իրենք ինչ ենթադրություններով են առաջ գնում: Ես կարող եմ խոսել միայն մեր մասին, որովհետեւ այնտեղ [հետապնդումը] եթե քաղաքական չէ, բա ի՞նչ է, ուրիշ ի՞նչ կա. ոչ մի բան չկա, հարկային իր ստուգումները շարունակում է, ԱԱԾ-ն իր քննարկումները շարունակում է, ուրիշ ոչինչ չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG