Մատչելիության հղումներ

Միխեիլ Սաակաշվիլի. Եթե դուք ատում եք հայերին, ապա ես հայ եմ


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հարցազրույց է տվել վրացական «Պիկ» հեռուստաընկերությանը. Ռուսաստանի հետ պատերազմի, Պուտինի հետ հարաբերությունների, ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի եւ երկրում ընթացող բարեփոխումների թեմաները սպառելուց հետո լրագրողը անձնական հարց է ուղղել երկրի նախագահին` դուք հա՞յ եք:

Սաակաշվիլին այս հարցին ուղղակի չի պատասխանել:

«Ես միշտ ասել եմ` եթե դուք ատում եք ադրբեջանցիներին, ապա ես ադրբեջանցի եմ, եթե հայերին, ապա ես հայ եմ, եթե դուք ատում եք հրեաներին, ապա ես ամենամեծ հրեան եմ: Ամեն դեպքում ես կմնամ ամենամեծ վրացի հայրենասերը: Երբ մարդիկ խոսում են էթնիկ հայրենասիրությունից, ես օրինակ եմ բերում Դավիթ Շինարարին: Նա բոլոր կրոնների իրավահավասարություն սահմանեց, մզկիթից դուրս էր գալիս, գնում սինագոգ, հետո այս եկեղեցին, այն եկեղեցին, ոչ ոք չի կարող հերքել Դավիթ Շինարարի հեղինակությունը, նա բոլոր վրացիների թագավորն էր, եւ բոլոր այդ պատրիոտները Դավիթ Շինարարի անունը լսելուն պես սկսում են կարկամել: Մենք փոքր երկիր ենք, բայց դարերով բոլոր մշակույթները միավորել ենք, այստեղ կան բոլոր մշակույթների հետքերը, եւ դա մեր հարստությունն է, ես դրանով շատ եմ հպարտանում եւ ինքս իմ վրա զգում», - ասել է Սաակաշվիլին եւ հավելել, որ իր ընտանիքը Վրաստանի տարբեր հատվածներից է` «մեղմ արեւմուտքը իր մեջ համատեղվում է համառ ու կոշտ արեւելյան Վրաստանի հետ»:

«Այդ ամենը իմ մեջ միախառնված է, սակայն դա կյանքը ավելի հետաքրքիր է դարձնում, երբ ներքին պայքար կա», - ասել է նա:

Պուտինի հետ հարաբերությունների մասին խոսելով` Սաակաշվիլին ասել, թե Ռուսաստանի բազմամյա ղեկավարի հետ բոլոր հանդիպումները անցել են փոխադարձ հարգանքի մթնոլորտում, միայն մի անգամ է Պուտինը սահմաններն անցել, իսկ ինքը երբեք ինքնատիրապետումը չի կորցրել:

Արդյո՞ք Վրաստանը պատրաստ է անցում կատարել դեպի կիսանախագահական երկիր, ինչը փոփոխված Սահմանադրության համաձայն պետք է տեղի ունենա Սաակաշվիլիի երկրորդ նախագահական ժամկետի ավարտին. Վրաստանի նախագահն այս հարցին պատասխանել է. - «Եթե չկա քաղաքականություն դահլիճներում, ապա այն դուրս է հորդում փողոցներ, եւ մենք անցել ենք այդ բովով, եւ ես մտածում եմ` որքան շատ լինեն իշխանությունը կրողները, իշխանության բաժնետերերը, այնքան իշխանությունը կայուն կլինի: Իմ բնույթով ես թիմային խաղացող եմ, ես սիրում եմ խորհրդակցել շատ մարդկանց հետ, ես սիրում եմ, երբ ինձ հետ վիճում են, չեն համաձայնում, երբեմն նաեւ գոռում են… չէի ասի, թե դա հաճելի է, սակայն ճիշտը դա է, քանի որ քեզ զգաստ է պահում, եւ դրա համար կարծում եմ, որ բոլոր ապագա իշխանությունների համար սա մոդել է»:

Բարեփոխումներին անդրադառնալով` Սաակաշվիլին կարեւորագույն ռեֆորմ է համարում ոչ թե ոստիկանականը, որը որպես հաջողված օրինակ մատնանշում են շատ երկրներ, այլ կրթականը, որն այժմ ընթացքի մեջ է: Վրաստանի նախագահն ասել է` շատ դժվար էր վրացիներին սովորեցնել հարկ վճարել, պետական ապարատին էլ հասկացնել, որ քաղաքացիներին են ծառայում:

Հարցին` իսկ ինչը չի ստացվել, Սաակաշվիլին պատասխանում է. - «Չի ստացվել այն, որ այս ամենը դեռ անդառնալի փոփոխություններ չեն, դեռ պետք է ամենօրյա պայքար մղենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG