Մատչելիության հղումներ

Պրահայում մեկնարկում է շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը


Հայաստանցի 24 կրտսեր շախմատիստներ Պրահայում մասնակցում են շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությանը։ Շախմատային պարտիաները կմեկնարկեն օգոստոսի 17-ից եւ կշարունակվեն 10 օր։ Սա աշխարհում ամենամեծ շախմատի առաջնություններից է, որը կազմակերպվում է ամեն տարի։

Մրցաշարի տնօրեն Յան Մազուխը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց ուժերը կփորձեն 1180 մանկահասակ եւ պատանի շախմատիստներ՝ 46 երկրներից։ Հայաստանից մասնակցում են 24-ը։

Կրտսեր շախմատիստներն իրենց մտքի ճկունությունը կցուցադրեն 6 տարիքային խմբերում. առաջնությունը կազմակերպվել է 8-18 տարեկան աղջիկների եւ տղաների համար։

Եթե Հայաստանցի շախմատիստների խումբը բաղկացած է 24 հոգուց, ապա ադրբեջանցիների թիմում ընդգրկված են 40-ը։ Ռուսաստանի խմբում ընդգրկված է ավելի քան 180 խաղացող։

Միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Հայաստանից մրցաշարին մասնակցում են Հայաստանի չեմպիոնները, փոխչեմպիոնները։

«Միայն լավագույն երեխաներին ենք բերել։ Փոքր տարիքի շախմատիստների մեջ կան երեխաներ, որ Եվրոպայի չեմպիոն են դարձել՝ Մարտիրոսյան Հայկը, որը 1 1 տարեկան է, եւ էլի կան երեխաներ, որոնց հետ հույսեր ենք կապում», - ասաց նա։

Միջազգային վարպետ, մանկապատանեկան հավաքականի մարզիչ Դավիթ Կարաթորոյանի սպասելիքները մեծ են, իսկ պատճառը հայ շախմատիստների՝ այս մրցաշարի անցյալ տարվա հաղթանակներն են։

«Անցյալ տարի 3 մեդալ ենք բերել՝ ոսկի, արծաթ եւ բրոնզ։ Այս տարի, իհարկե, ցանկությունները մեծ են, որ շատ լինեն մեդալները։ Մենք գերտերություն ենք, մեզանից վախենում են», - ասաց մարզիչը։

Մյուս երկրների ներկայացուցիչների թվում եւս կան հայ երեխաներ։ Ռուսաստանի թիմում է 7-ամյա հայազգի Գրիգոր Տեր-Սահակյանը։

Շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության հաղթողների համար Չեխիայի շախմատի ֆեդերացիան, AVE-Kontakt գործակալությունը եւ Եվրոպական շախմատի միությունը նախատեսել են մրցանակներ եւ նվերներ՝ 20 հազար եվրոյի ընդհանուր արժողությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG