Մատչելիության հղումներ

Օգոստոսի 10-ի մամուլ


Եվրասիական միություն - Հայաստան հետագա հարաբերությունների վերաբերյալ «Առավոտ»-ը մեկնաբանություններ է խնդրել քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այս կապակցությամբ ասել է. - «Պաշտոնական Երեւանը գիտակցում է, որ խորանալով նման գործընթացների մեջ՝ ինքը կարող է ուղղակի հարվածել իր արտաքին քաղաքականության եվրոպական առանցքին, որովհետեւ նախկինում արդեն իսկ հնչել են հայտարարություններ տարբեր դիվանագետների շուրթերից, որ Եվրասիական միությանը կամ մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն ուղղակի հակասության մեջ է եվրոպական ինտեգրման հետ: Եվ եթե Հայաստանն ընտրի Եվրասիական միությունը կամ մաքսային միությունը, ապա չի կարող մտածել խորը եվրոպական ինտեգրման մասին»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իր հերթին, «Առավոտ»-ի հետ զրույցում հստակեցրել է, որ ԲՀԿ-ն կողմ չի արտահայտվել Եվրասիական միությանը ՀՀ-ի անդամակցությանը. - «Ինձ համար շատ տարօրինակ կերպով դա տրանսֆորմացվեց մամուլում, որ ԲՀԿ-ն կողմ է, մնացածը՝ ոչ: Բայց մենք կողմ ենք քննարկումներին եւ կարծում ենք, որ պետք է ելնենք այդ կառույցի օգտակար գործողության գործակցից: ԲՀԿ-ն կողմ է ինտեգրացիոն գործընթացներին ընդհանրապես՝ թե Եվրամիության տարածքում, թե ԱՊՀ, դա միանշանակ է, եւ մեր գնահատմամբ՝ այդ երկու տարբեր ինտեգրացիոն գործընթացները ոչ թե պետք է հակադրել միմյանց, այլ փորձել համադրել դրանք: Այսօր նույն ՌԴ-ն նորովի է կառուցում իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, եւ դրանք շատ դինամիկ զարգանում են հատկապես մի քանի ուղղություններով: ԲՀԿ-ն, այո, կողմ է ընդհանրապես տնտեսական ինտեգրացիոն այն գործընթացներին, որոնք մեր երկրի տնտեսության համար կարող են լինել օգտակար եւ շահավետ»:

Ներկայացնելով իրենց ամառային հանգիստը եվրոպական քաղաքներում անցկացրած հայաստանցիների տպավորությունները` «Հրապարակ»-ի խմբագրականն ամփոփում է. - «Աշխարհի ոչ մի երկրում, ոչ մի քաղաքում կանաչն այսքան քիչ չէ, ինչքան Երեւանում: Մի՞թե այդ հիմար եվրոպացիներն իսկապես գլխի չեն ընկել, որ այգիներում կարելի է սրճարաններ բացել, մի քանի պլաստմասսե սեղան-աթոռներ դնել, բարձր երաժշտություն միացնել, մոտակա խանութից էժան պաղպաղակ ու սուրճ բերել եւ դա «կլիենտների» վրա վաճառելով՝ մեծ փողեր աշխատել: Արդյո՞ք տարբեր երկրների բիզնեսմենները, անգամ մեր հարեւան վրացիները, չեն հասկացել, որ կարելի է հին, ցածրահարկ շենքերը քանդել, ծառերը կտրել եւ դրանց տեղում էլիտար շենքեր կառուցելով՝ մեկին հինգ եկամուտ ունենալ: Եվ արդյո՞ք այդ երկրների քաղաքացիները չեն գայթակղվում, որ իրենց գյուղերից ու մարզային քաղաքներից տեղափոխվեն մայրաքաղաք եւ բնակվեն բարձրահարկ էլիտար շենքերում, որոնք իրարից մի քանի մետրի վրա են կառուցված, եւ որոնց շուրջը ծառ ու ծաղկի նշույլ չկա»:

«Ժողովուրդ» թերթն արձագանքել է Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Կառավարությունը մտադիր է վերանայել ամուսնության նվազագույն տարիքային շեմը 18 տարին սահմանելու մասին իր որոշումը։ Նշենք, որ նման խնդրանքով Կառավարությանն էին դիմել հայաստանաբնակ եզդիները: «Ինձ զեկուցեցին, որ Ռուսաստանում թույլատրվում է ամուսնանալ` սկսած 14 տարեկանից, եւ օրենսդրական սահմանափակումներ չկան», - վարչապետի խոսքն է մեջբերում թերթն ու շարունակում. - «Փաստորեն, մեր երկրում որեւէ օրինագծի վերանայման համար կարող է բավարար պայման համարվել այն, որ վարչապետի օգնականներն ուշացումով իրենց վերադասին զեկուցում են որեւէ այլ երկրի բարքերի մասին։ Հետաքրքիր է, իսկ մինչեւ խնդրո առարկա օրինագծին հավանություն տալը, հարգարժան վարչապետն ինչո՞ւ հարկ չէր համարել հետաքրքրվել ռուս դեռահասների սեռական հասունացման խնդիրներով։ Դեռ լավ է, որ որպես օրինակ` վարչապետը դիտարկել է Ռուսաստանի, եւ ոչ թե, ասենք, Պակիստանի կամ Շրի Լանկայի ամուսնական ավանդույթները: Ամենատարակուսելին, սակայն, վարչապետի հատկապես վերջին փաստարկն է. «Հարկավոր է հարցը դիտարկել տարբեր տեսանկյուններից, քանի որ եթե այդ տարիքում ամուսնանում են, ուրեմն մենք խաթարում ենք այդ մարդկանց բնական կենսակերպը»: Այս փաստարկի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը հետեւյալ համեմատությունն է անում. - «Նույն Ռուսաստանում ոչ միայն ամուսնանում են, այլեւ ալկոհոլիզմով ու թմրամոլությամբ են զբաղվում դեռեւս մանուկ հասակից` միանգամայն «բնական կենսակերպի» շրջանակներում: Դուրս է գալիս` արգելելով ռուս դեռահասներին ալկոհոլի օգտագործումը` ռուսական իշխանությունները խաթարում են սեփական քաղաքացիների «բնական կենսակերպը»»:

please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG