Մատչելիության հղումներ

Հայերը նախընտրում են ընթերցել արտասահմանյան գրականություն


Հարցման ընթացքում շատ երիտասարդներ նշեցին` գովազդվում է ամեն ինչ, բացի գրքերից: Բացակայում են նաեւ կրթական, ուսուցողական ծրագրեր: Երեւի հենց դա է պատճառը, որ տեղյակ չլինելով ժամանակակից հայ ստեղծագործողների մասին` շատերը նախընտրում են արտասահմանյան նոր գրականություն:

Վիլյամ Շեքսպիրի ծննդյան եւ մահվան օրը` ապրիլի 23-ը հռչակված է Գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օր, իսկ 2001 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ` հայտարարված է Գրքի նոր համաշխարհային մայրաքաղաքը հռչակելու օր:

2012-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվեց Երեւանը: Այս առիթով մայրաքաղաքում արդեն կազմակերպվել են բազում միջոցառումներ, սակայն հարց է` արդյոք ձեռնարկված միջոցառումները երեխաների եւ երիտասարդների մեջ սեր են արթնացնում ընթերցանության հանդեպ:

Հարցման ընթացքում պարզեց, որ իրականում այդ փաստը ոչինչ չի փոխում: Հարցվողներից ոմանք ասացին, որ քաղաքից ամենեւին չի զգացվում, որ մենք ենք ստանձնել այդ տիտղոսն այս տարվա համար:

Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ գիրք գովազդելը թանկ հաճույք է, գրեթե չկան կրթական ծրագրեր, գուցե դա է պատճառը, որ երիտասարդությունը տեղյակ չէ լույս տեսնող գրականությունից:

«Եթե գրադարանների եւ գրախանութների հետ կապված բոլոր հարցերը պետությունը լուծի, ընթերցանությունը կզարգանա միանգամից, - նշեց զրուցակիցս եւ հավելեց, որ հայերը ընթերցող ազգ են, լավ ստեղծագործողներ ունենք, սակայն դեռեւս ժամանակակից հայ ստեղծագործողների մասին շատ քչերը գիտեն: Կարապետյանի խոսքով` պետք է թարմացնել առաջին հերթին դպրոցական գրադարանները: Այնտեղ ժամանակը կանգ է առել 80-ական թվականների վրա:

Զրուցեցինք «Գրքերի աշխարհ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ: Նա նշեց, որ չնայած այս տարի Երեւանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելուն, նախորդ տարիների հետ համեմատած, գնորդներն ավելի քիչ են: Վարդանյանը ասաց նաեւ, որ այն փաստը, որ Երեւանը հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք, իրականում ոչինչ չի փոխում: Եվ դժգոհեց, որ ցուցապաստառները պետք է տեղադրվեն ոչ միայն քաղաքի փողոցներում գովազդի տեսքով, այլ նաեւ գրախանութներում:

please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG