Մատչելիության հղումներ

Արտերկրից Հայաստան մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերը նվազում են


«Արտերկրից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերը նվազում են», - պնդում է բրիտանական Economist հանդեսը:

Հեղինակավոր պարբերականի վերլուծական բաժնի մասնագետները նշում են, որ արտերկրում աշխատող հայաստանցիների` հայրենիք ուղարկած գումարների ծավալի աճը 2011 թվականի հունվարից անշեղորեն նվազում է եւ այս տարվա ապրիլին հասել է 2 տոկոս ցուցանիշի:

Economist-ի վերլուծաբանները արձանագրում են, որ Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների մեծ մասը Ռուսաստանից է, եւ աճի տեմպերի նվազման այս միտումը նախեւառաջ ռուսական տնտեսությունում առկա անկայունության արդյունք է:

Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների նախաճգնաժամային անկումը հնարավոր եղավ հաղթահարել 2010-ի սկզբին: «Ողջ 2010 թվականի ընթացքում Հայաստան եկող գումարների ծավալն աճում էր, մոտ մեկ տարի առաջ, սակայն, այս դինամիկան սկսեց դանդաղել», - նշում են Economist-ի վերլուծաբանները:

Ուշագրավ է, որ բրիտանացի մասնագետների այս զեկույցը հրապարակվեց նույն օրը, երբ Մոսկվայում Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսում էր Ռուսաստանից Հայաստան ուղարկվող զգալի գումարների եւ դրանց` Հայաստանի տնտեսության վրա ունեցած բարերար ազդեցության մասին:

«Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասը, որ ապրում է Ռուսաստանում, տարեկան մոտ մեկ միլիարդ դոլար է ուղարկում հայրենիքում գտնվող ընտանիքներին: Դա բավական լուրջ աջակցություն է Հայաստանի, երկրի քաղաքացիների համար», - նշում էր Պուտինը:

Economist-ի մասնագետները, ի դեպ, նշում են, որ հենց Վլադիմիր Պուտինի նախկինում արված մի շարք հայտարարությունները կարող են հանգեցնել մասնավոր տրանսֆերտների ծավալի հետագա նվազմանը: Խոսքը, մասնավորաբար, Ռուսաստանի նախագահի հունիսին հնչեցրած հայտարարության մասին է, որով նա կոչ էր անում խստացնել միգրացիոն քաղաքականությունը։

«Պուտինը նշել էր, որ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները պետք է պատրաստ լինեն արդեն 2012-ի նոյեմբերին: Չի բացառվում, իհարկե, որ սա զուտ ներքին սպառման համար արված հայտարարություն էր եւ այն երբեք կյանքի չկոչվի, հատկապես եթե ռուսական բիզնեսը շարունակի աշխատուժի պակաս զգալ: Մյուս կողմից, սակայն, եթե այդ խստացումները ներմուծվեն, ապա դա կսահմանափակի հետխորհրդային տարածքի այն պետությունների ֆինանսական կարողությունները, որոնք զուրկ են էներգակիրների պաշարներից», - նշում է Economist-ի վերլուծական բաժինը` արձանագրելով, որ այդ հանրապետությունները չորսն են` Հայաստանը, Վրաստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG