Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի մոտեցումը «Գյումրիի նկատմամբ արդեն ձեւավորված է»


Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատեց Գյումրիի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Բալասանյանին սատարելու դիրքորոշումը:

ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ կուսակցությունը Գյումրիում սեփական թեկնածուի առաջադրման հարց չի քննարկել:

Թեկնածությունների առաջադրման ժամկետը, հիշեցնենք, լրանում է ուրբաթ օրը: Առայժմ առաջադրվել է միայն Բալասանյանը:

«ՏԻՄ ընտրություններին գնում ենք ոչ թե այն մոտեցմամբ, որ թեկնածուն պարտադիր հանրապետական պետք է լինի, այլ որ թեկնածուները մոտ լինեն ժողովրդի ցանկություններին, եւ ավելի բարձր գնահատված լինեն ժողովրդի կողմից: Մեր վերլուծություններով, Բալասանյանը բավականին ձայներ ունի Գյումրիում», - ասաց Գալուստ Սահակյանը:

Նա հայտնեց նաեւ, որ Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իրենց հետ չի քննարկել սեփական թեկնածությունն առաջադրելու հարցը. - «Չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանը կինքնաառաջադրվի: Նման շշուկներ էլ չունենք, որ պիտի առաջադրվի: Համենայնդեպս մեր մոտեցումը Գյումրիի նկատմամբ արդեն իսկ ձեւավորված է»:

Հարցին, թե եթե Վարդան Ղուկասյանը, այնուամենայնիվ, դեմ գնալով կուսակցության դիրքորոշմանը, պայքարի քաղաքապետի պաշտոնը չկորցնելու համար, ինչ կանի Հանրապետականը, Սահակյանը պատասխանեց. - «Երբ նման իրավիճակ կստեղծվի, կուսակցությունը կորոշի, թե ինչպես վերաբերվի: Կուսակցության մարմինները կքննարկեն, իրավիճակից ելնելով որոշումներ կկայացնեն»:

Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը ձեռնպահ է մնում Սամվել Բալասանյանին իշխող կուսակցության կողմից ակնկալվող աջակցությանը գնահատական տալուց: ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե դա Հանրապետականի որոշելիքն է` պնդելով, որ իշխող կուսակցության հետ որեւէ պայմանավորվածություն իրենք չունեն. - «Որեւէ քաղաքական ուժի հետ որեւէ պայմանավորվածություն որեւէ համայնքում համատեղ առաջադրումների մասին չկա: Եթե կլինեն քաղաքական ուժեր, որ այս կամ այն համայնքում կսատարեն մեր թեկնածուին, այստեղ որեւէ խնդիր ես չեմ տեսնում»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն էլ նման իրավիճակում մտադիր չէ Գյումրիում աջակցել որեւէ թեկնածուի, կամ հանդես գալ սեփական թեկնածուով: «Գյումրիում իմաստ կլիներ պաշտպանել որեւէ թեկնածուի, եթե այդ թեկնածուն ընդդիմանար գործող ռեժիմի թեկնածուին: Եթե Սամվել Բալասանյանին պիտի պաշտպանի Հանրապետականը, այդտեղից, բնականաբար, մենք եզրակացություն ենք անելու, որ չենք կարող պատշպանել իշխանության, ռեժիմի կողմից պաշտպանվող թեկնածուին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ երկրի շուրջ 800 համայնքներում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունները վերահսկելու նպատակով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ստեղծվել է հատուկ համակարգող խումբ: Ինչպես տեղեկանում ենք ոստիկանությունից, խումբը մարզերում ստեղծվելիք հատուկ օպերատիվ շտաբների միջոցով պետք է հետեւի իրավիճակին, կազմակերպի օպերատիվ տեղեկությունների ստացումը, մշակումը, ընտրողներին անձնագրերի եւ անձը հաստատող փաստաթղթերի հանձնումը, ինչպես նաեւ ապահովի, որպեսզի զինված ոստիկանները ուղեկցեն քվեատուփերը տեղափոխողներին՝ ապահովելով նրանց անվտանգությունը: Թե ինչու է ոստիկանությունը ուշադրությունն այսպես կենտրոնացրել այս ընտրությունների վրա, ոստիկանությունից առայժմ չեն պարզաբանում:

Հարցին, թե արդյոք ուժերի այս կենտրոնացումը պայմանավորված է Գյումրիի ընտրությունների հետ, քանի որ Վարդան Ղուկասյանի թիմի քայլերը կարող են անկանխատեսելի լիներ, Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Չեմ կարծում: Մթնոլորտն այդպիսին չէ, եւ ոչ էլ նման մոտեցումները թույլատրելի կլինեն»:

Նաիրա Զոհրաբյանը եւս ոստիկանության այս նախաձեռնությունը չի կապում Գյումրիի հետ` ընդգծելով որ հարյուրավոր համայնքներում են ընտրություններ լինելու:

Հայ ազգային կոնգրեսը ոստիկանության նախաձեռնությունը համարում է ընտրություններում օրինականության պահպանման ջանքերի իմիտացիա, պատրանք: Իսկ իրականում, Լեւոն Զուրաբյանի խոսքով, ոստիկանությունն ընտրություններում «այլ բանով է զբաղվում».- «Նման մի շտաբ էլ ստեղծեցին Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ. դա բացարձակապես ծառայեց ընդամենը որպես շղարշ այն ապօրինությունների, որ հետագայում կատարվեցին հենց ոստիկանության հովանավորությամբ: Ինքը ընտրակեղծիքների հիմնական կազմակերպիչն է` անձնագրային տվյալների կեղծումով է զբաղվում, հաշվառումային տվյալների կեղծումով է զբաղվում եւ զբաղվում է ընտրողների ահաբեկմամբ»:

Հավելենք, որ, այսօրվա տվյալներով, Հանրապետականն արդեն քաղաքապետի իր թեկնածուներն առաջադրել է Մասիսում, Էջմիածնում, Կապանում: ԲՀԿ-ն առայժմ միայն Գյումրիում է առաջադրել, բայց, ինչպես փոխանցեց Նաիրա Զոհրաբյանը, Դիլիջանում, Ստեփանավանում, Վանաձորում, Մասիսում, Վայքում, Սիսիանում եւ բազմաթիվ այլ համայնքներում թեկնածուներ ունենալու են:

«Ժառանգություն»-ն ու Դաշնակցությունը քննարկում են ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափը: Հայ ազգային կոնգրեսը ամենայն հավանականությամբ սեպտեմբերին քաղաքապետի թեկնածուներ չի առաջադրի, եթե տեղական կառույցները հանդես չգան սեփական նախաձեռնություններով, բայց ավագանու ընտրություններին ակտիվորեն կմասնակցի:

please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG