Մատչելիության հղումներ

Վտանգված է «Լիտերատուրնայա Արմենիա»-ի հետագա հրատարակումը


«Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիր Ալբերտ Նալբանդյանը:
«Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիր Ալբերտ Նալբանդյանը:
Հայաստանում լույս ընծայվող միակ ռուսալեզու գրական հանդեսը` «Լիտերատուրնայա Արմենիա»-ն կանգնած է փակման վտանգի առջեւ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ամսագրի գլխավոր խմբագիր Ալբերտ Նալբանդյանը նշեց, որ նման անելանելի իրավիճակում ամսագիրը երբեք չէր հայտնվել:

«Լիտերատուրնայա Արմենիա» գրական-գեղարվեստական, հրապարակախոսական ամսագրի առաջին համարը լույս է տեսել 1958 թվականի դեկտեմբերին: Առաջին գլխավոր խմբագիրը Գուրգեն Բորյանն էր:

Խորհրդային տարիներին հանդեսը լույս էր տեսնում ամեն ամիս: Տպաքանակը 10 հազար օրինակ էր: Հայաստանի անկախացումից հետո այն լույս է տեսնում տարեկան չորս անգամ եւ 500 օրինակ տպաքանակով:

«Այս տարի, ցավոք սրտի, առաջինն է լույս տեսել: Երկրորդը պատրաստ է… Մենք ուշացումով ենք հիմա լույս ընծայում համարները, որովհետեւ մեր ֆինանսական վիճակը ահավոր ծանր է», - ասաց Ալբերտ Նալբանդյանը` հավելելով. - «Երեւի իր պատմության մեջ առաջին անգամ ամսագիրը պարզապես փակման եզրին է, որովհետեւ 2.5 տարի մոտավորապես մենք չունենք հովանավոր»:

Նրա խոսքով, կառավարության հատկացրած ամենամսյա սուբսիդավորումը բավարար չէ` անհրաժեշտ գումարի մոտ մեկ երրորդն է ընդամենը:

Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին ամսագրի հրատարակումը հովանավորել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, բայց դադարեցրել է ֆինանսավորումը տնտեսական ճգնաժամի պատճառով:

Ռուսալեզու ամսագրի գլխավոր խմբագիրն ասաց, որ այսօր կրճատվել է իրենց ընթերցողների թիվը Հայաստանում` շեշտելով, սակայն, որ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ հիմա «Լիտերատուրնայա Արմենիա»-ի հիմնական ընթերցողները Հայաստանից դուրս բնակվող ռուսալեզու հայերն էին եւ, իհարկե, ռուսները. - «Այն ժամանակ, երբ տիրաժը հասել էր 10 հազարի, մենք ունեինք ընթերցողների շատ մեծ բանակ Հայաստանից դուրս, եւ տպաքանակի 90 տոկոսը գնում էր Հայաստանից դուրս: Այստեղ մնում էր մոտավորապես 500 օրինակ: Այդ 500 օրինակը հիմա էլ կա եւ այստեղ է սպառվում: Բայց այս ամսագիրը դրսի ընթերցողի համար է, մեր սփյուռքի համար է: Ներկայացնում է ոչ միայն մեր գրականությունը, մեր արվեստը, այլ նաեւ մեր պրոբլեմները, որովհետեւ կա հրապարախոսություն մեր բոլոր համարներում, եւ դա ավելի կարեւոր եմ հիմա համարում, քան գրականությունը»:

Նրա խոսքով, Հայաստանի դուրս այսօր էլ մեծ է ամսագրի պահանջարկը, բայց առաքման ծախսերն իրենց ուժերից վեր են. - «Մեկ համարը այստեղից Ռուսաստանը ուղարկելը 2000 դրամ է»:

Ալբերտ Նալբանդյանը ցավով փոխանցեց նաեւ, որ ամսագրի հովանավորությունը ստանձնելու խնդրանքով դիմել են մոտ երկու տասնյակ հայաստանաբնակ ու ռուսաստանաբնակ գործարարների, բայց իրենց բոլոր նամակները մնացել են անպատասխան:

please wait

No media source currently available

0:00 0:05:05 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG