Մատչելիության հղումներ

Սիրիայում հակամարտությունը ավելի է սրվում


Սիրիացի ապստամբները Հալեպում մարտի են պատրաստվում, 2-ը օգոստոսի, 2012թ.
Սիրիացի ապստամբները Հալեպում մարտի են պատրաստվում, 2-ը օգոստոսի, 2012թ.
Սիրիայում հակամարտությունը սկսվելուց ի վեր, առաջին անգամ հաղորդվում է ապստամբների կողմից ծանր զենք կիրառելու մասին: Associated Press գործակալությունը, վկայակոչելով ընդդիմադիրներին, հաղորդում է, որ բանակից ապստամբների գրաված տանկը հրետակոծել է Հալեպ քաղաքի մոտ գտնվող ռազմական օդանավակայանը:

Ծանր հրետակոծությունը Հալեպում շարունակվում է: ՄԱԿ-ի դիտորդները հաստատում են, որ ապստամբները բանակից գրաված տանկեր ու այլ զրահատեխնիկա ունեն: Reuters գործակալությունը հաղորդում է, որ հարյուր հազարավոր մարդիկ հեռացել են Հալեպից:

Սիրիայի երկրորդ խոշոր քաղաք, առեւտրային կենտրոն Հալեպի համար մարտերը արդեն երկու շաբաթ շարունակվում են: Ընդդիմադիրները հաղորդում են, որ այսօր առավոտյան կառավարական զորքերը կրակ են բացել Հալեպի մոտակայքում` իրենց վերահսկողության տակ գտնվող Աբյիին գյուղի վրա: Հարձակման արդյունքում 7 մարդ է սպանվել` մեծ մասամբ կանայք ու երեխաներ:

Այսօր պայթյուններ են տեղի ունեցել Սիրիա - Թուրքիա սահմանին, ապստամբների վերահսկողության տակ գտնվող Ազազ քաղաքի մոտ: Այս վայրը սիրիացի փախստականների հիմնական ճանապարհն է դեպի Թուրքիա: Սահմանի մյուս կողմում թուրքական Քիլիս քաղաքն է:

Երկրի մայրաքաղաք Դամասկոսի հարավային երկու արվարձաններում իշխանությունների անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացրել: Պետական SANA գործակալությունը հաղորդել է, որ սպանվել ու ձերբակալվել են մի խումբ զինյալներ: Ըստ պետական լրատվության` գործողությունների թիրախը «ահաբեկիչներն» են. իշխանությունը այդպես է կոչում ընդդիմադիրների ջոկատներին:

Ընդդիմության ակտիվիստների հաղորդմամբ` կառավարական զորքերի «մահաբեր գործողության» արդյունքում առնվազն 35 մարդ է սպանվել: Մոտավորապես 100 երիտասարդներ ձերբակալվել են, որոնց դպրոցի շենքում խոշտանգումների են ենթարկել:

Կառավարական զորքերի այս գործողությունից մեկ օր առաջ համացանցում տեսագրություն էր տեղադրվել, որը ցույց էր տալիս, թե Հալեպում ապստամբները ինչպես են դատաստան տեսնում զինվորականների հետ: Տեսագրությունում ապստամբները ծեծի ենթարկված չորս մարդկանց քարշ են տալիս դեպի պատը, հետո լսվում են կրակոցներ:

Միջազգային իրավապաշտպանները երկու կողմերին քննադատել են դաժանության համար:

Շարունակվում են Արեւմուտքի եւ արաբական աշխարհի քաղաքական ճնշումները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ու նրա ռեժիմի վրա:

Արաբական երկրները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանաձեւի մի նախագիծ են առաջ մղում, որով Սիրիայի նախագահին կոչ է արվում հրաժարական տալ եւ իշխանությունը հանձնել անցումային կառավարությանը: Շրջանառության մեջ դրված նախագիծը պահանջում է դադարեցնել սիրիական բանակի հրետակոծություններն ու մարտական ուղղաթիռների հարձակումները:

Բանաձեւի նախագիծը կազմել է Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու Բահրեյնը միացել են նախագծին: Այն նախատեսված էր քվեարկության դնել այսօր, բայց Գլխավոր ասամբլեայի մամուլի ծառայությունը երեկ հաղորդեց, որ քվեարկությունը մեկ օրով հետաձգվում է եւ տեղի կունենա ուրբաթ առավոտյան:

193 անդամից բաղկացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւերը իրավական ուժ չունեն: Ընդունվելու դեպքում այս բանաձեւը կարող է բարոյական ու սիմվոլիկ նշանակություն ունենալ: ՄԱԿ-ի ԳԱ-ում բանաձեւերը քվեարկությամբ ընդունվում են պարզ մեծամասնությամբ, վետոյի իրավունք չկա:

ՄԱԿ-ում գործնական նշանակություն ունեն Անվտանգության խորհրդում ընդունված բանաձեւերը, բայց այստեղ Ռուսաստանը եւ Չինաստանը վետո են դնում` արգելափակելով Սիրիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող բոլոր բանաձեւերը:

Օտարերկրյա քաղաքացիները լքում են Սիրիան: Ուկրաինայի կառավարությունը այսօր ռազմական օդանավով տասնյակ ուկրաինացիների ու լեհերի դուրս է բերել Սիրիայից: Նրանք հիմնականում խառն ամուսնություններով ստեղծված ընտանիքների անդամներ են` սիրիացիների կանայք ու երեխաներ:

Երեք տարեկան դստեր հետ հասնելով Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայան` Լոնա Խոմոն լրագրողներին ասել է, թե փրկել է երեխայի ու իր կյանքը: «Նրանք երեխաներին դանակներով մորթում են», - ասել է նա, սակայն պարզ չէ, թե ում նկատի ունի` կառավարական զորքերի՞ն, թե՞ ապստամբ զինյալներին: Լրագրողների հետ նա չի հասցրել երկար խոսել: Սիրիայից ժամանածներին արագ դուրս են բերել օդանավակայանի սրահից:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ «Իլ-76» օդանավով Կիեւ է տեղափոխվել 199 մարդ, այդ թվում` 177 ուկրաինացի, 15 լեհ ու 7 սիրիացի: Օդանավը չվերթը իրականացրել է Հալեպից` կանգ առնելով նաեւ Դամասկոսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG