Մատչելիության հղումներ

Տնտեսական ակտիվության ցուցանիշները «հուսադրող են»


Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով տնտեսական ակտիվության ցուցանիշների ճշգրտված գնահատականները` Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ասաց, որ դրանք բավականաչափ հուսադրող են:

Անդրադառնալով շինարարության ոլորտում ցուցանիշների նվազման տեմպերին` նախարարն ասաց. - «Մենք ունենք մեկ ուրախալի զարգացում, որ շինարարության մեջ արդեն իսկ սկսել է բնակչության միջոցների հաշվին շինարարության աճ տեղի ունենալ, եւ համապատասխանաբար ծառայությունների ծավալը եւս 12 տոկոսով տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է»:

Ըստ արձանագրված ցուցանիշների, անցած 7 ամիսների գնաճը, անցած տարվա հունվար – հուլիս ամիսների համեմատ, 2.2 տոկոս է կազմում, իսկ միայն հուլիս ամսվա ցուցանիշով 1.5 տոկոսանոց գնանկում է արձանագրված:

«Որպես կանոն, գնանկումը միշտ լինում է հուլիս - օգոստոս ամիսներին 2-3 տոկոսի սահմաններում, եթե, սակայն, մենք վերցնում ենք ընդհանուր հունվար - հուլիսը, ապա մնացած տարիների համեմատ բավականաչափ ցածր ցուցանիշ է: Եվ մենք կարող ենք վստահորեն ամրագրել, որ գնաճի ցուցանիշը այս տարվա ամբողջովին հասանելի է եւ կլինի եթե ոչ սահմանված թիրախից ներքեւ գտնվող սահմանագծում, ապա հաստատ` թիրախին շատ մոտիկ», - վստահեցրեց Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը որպես թիրախ է վերցրել 4±1.4 տոկոս տարեկան գնաճ. - «Մենք գնահատում ենք այս պահին, որ զարգացումները տանում են 4-ից փոքր-ինչ ներքեւ տարեկան գնաճային ձեւավորմանը` եթե այլ զարգացումներ, հատկապես միջազգային շուկաներից եւ այլ տեղերից, չլինեն»:

Նախարարը ներկայացրեց նաեւ բյուջետային գնահատականները. - «Հուլիս ամսվա համար հարկերը եւ սոցվճարները նախատեսված են 79 միլիարդի չափով, հավաքվել է 80.5 միլիարդ: Ընդհանուր առմամբ եթե ներկայացնենք թվերով, ապա հունվար – հուլիս ամիսներին պետական բյուջեի եկամուտները կազմել են 489.6 միլիարդ դրամ` կազմելով 9 ամսվա համար ծրագրավորված 638.2 միլիարդ դրամի 76.7 տոկոսը: Հարկային եկամուտները եւ պետական տուրքը կազմել է 475 միլիարդ դրամ` կազմելով 9 ամսվա ծրագրի 75.9 տոկոսը»:

Ծախսերը հունվար - հուլիս ամիսներին կազմել են 503.9 միլիարդ դրամ, ինչը 9 ամսվա համար ծրագրվածի 73.1 տոկոսն է:

Վաչե Գաբրիելյանը հավելեց, որ իրենք ավելի քան վստահ են տնտեսական աճի շարունակականության եւ եկամուտների հավաքագրման վրա:

Բնակչության միջոցների հաշվին շինարարության ծավալների աճի մասին Ֆինանսների նախարարի նկատառումը տնտեսական փորձագետ Սամվել Ավագյանն այսպես մեկնաբանեց. - «Ինքը դեռ չի փակել շինարարության ընդհանուր անկումը, որովհետեւ կազմակերպությունների հաշվին, իրավաբանական անձանց հաշվին իրականացվող շինարարությունը փոքր-ինչ նվազել է, այդ պատճառով բնակչության հաշվին իրականացվող շինարարությունը չի հանգեցրել ընդհանուր շինարարական տեմպի աճին: Մենք ունենք շինարարության մոտ 6.5 տոկոս անկում կիսամյակի տվյալներով»:

Նրա պնդմամբ, բնակչության հաշվին շինարարության ծավալների մակարդակով դեռ չենք հասել միջճգնաժամային վիճակին, դեռ 2-3 անգամ հետ ենք մնում. - «Այդպես միշտ էլ տեղի է ունենում: Երբ մակրոտնտեսական իրավիճակը կայունանում է, մարդիկ սկսում են ավելի շատ խոշոր ծախսեր իրականացնել հենց անշարժ գույքի ոլորտում: Հիմա դա արտահայտվում է նրանով, որ շինարարությունը ակտիվացել է հենց բնակչության շրջանում: Դա սպասելի է»:

Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների առնչությամբ Սամվել Ավագյանը ասաց. - «Եթե վերցնենք զուտ առաջին կիսամյակի արդյունքները համեմատենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ ու համեմատենք մեր սպասելիքների հետ, այստեղ առանձնապես մեծ առիթ ուրախանալու չկա, որովհետեւ աճը բավական փոքր է: Մենք գիտենք, որ 101 միլիարդ դրամ լրացուցիչ հարկային պլան կա: Բայց կառավարության հաշվարկներն այնպիսին են, որ այդ 101 միլիարդի հիմնական մասը երկրորդ կիսամյակում պետք է հավաքվի»:

Անդրադառնալով հնարավոր ռիկսերին` փորձագետն նշեց, որ դրանք առկա են եւ կապված են հիմնականում հանքնարդյունաբերական ձեռնարկությունների եկամուտների նվազման հետ:

«Եթե չեմ սխալվում, այդ 101 միլիարդից 20 միլիարդը պետք է ապահովեին հանքարդյունաբերական ձեռնարկությունները: Առաջին կիսամյակում տեսնում ենք, որ նման բան չկա: Օրինակ, ամենախոշոր հարկատուն` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ավելի քիչ է հարկ վճարել: Ու դա կապված է նրա հետ, որ պղնձի եւ մոլիբդենի գները նվազել են միջազգային շուկայում նախորդ տարվա համեմատ»:

please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG