Մատչելիության հղումներ

Մելինե Դալուզյանը դուրս մնաց մրցապայքարից


Լոնդոնի օլիմպիական խաղերում ծանրամարտի կանանց 69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող 24-ամյա Մելինե Դալուզյանը անհաջող ելույթ ունեցավ` դուրս մնալով մրցապայքարից:

Գյումրեցի ծանրորդուհին պոկում վարժությունում ձախողեց երկու մոտեցումները՝ կարողանալով բարձրացնել միայն առաջին պատվերը` 111 կգ: Իսկ ահա հրում վարժությունում նա պատվիրել էր 140 կգ եւ բարձրացնելու դեպքում կարող էր հավակնել բրոնզե մեդալի, սակայն Մելինեն այս վարժությունում ձախողեց բոլոր երեք մոտեցումները: Ոսկե մեդալին արժանացավ Հյուսիսային Կորեան ներկայացնող 19-ամյա Սիմ Ռիմ Յոնգը:

«Սա կատարյալ ֆիասկո է եւ չունի որեւէ արդարացում», - ուղիղ եթերում հայտարարեց մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը` հիշեցնելով, որ երեկ էլ ձախողվեց մեկ այլ ծանրամարտիկ` օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին` Առաքելը:

Ինչպես Մելինե Դալուզյանի, այնպես էլ Առաքել Միրզոյանի դեպքում մարզական մեկնաբանները եւ ՀԱՕԿ-ը մեծ հույսեր էին կապում՝ միանգամայն իրատեսական համարելով մարզիկների մեդալ նվաճելու հնարավորությունները:

Այսպիսով, Հայաստանը ներկայացնող 25 մարզիկներից 9-ը արդեն հրաժեշտ են տվել Օլիմպիադային, այդ թվում երկուական լողորդները եւ ձյուդոիստները, մարմնամարզիկը, բռնցքամարտիկը եւ երեք ծանրամարտիկները:

Վաղը հայ մարզիկները մրցելույթներ չունեն։ Հաջորդ օրը մրցասպարեզ դուրս կգան աթլետները եւ ծանրամարտիկ Արա Խաչատրյանը, ով եւս մեդալի իրական հավակնորդ է համարվում:

Օլիմպիական կոմիտեում մեծ հույսեր են կապում նաեւ ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Նորայր Վարդանյանի հետ, ով օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին է:

Օգոստոսի հինգից պայքարի դուրս կգան Հայաստանի օլիմպիական թիմի ծանր հրետանի համարվող 7 ըմբշամարտիկները, որոնց բոլորի շանսերն էլ բավական բարձր են գնահատվում: Հայաստանը ներկայացուցիչներ ունի նաեւ նիզակի նետում, թաեքվոնդո եւ հրաձգություն մարզաձեւերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG