Մատչելիության հղումներ

Սիրիահայերի հոսքը Հայաստան շարունակվում է


.
.
«Արմավիա»-ի ինքնաթիռով երեկ ուշ երեկոյան Երեւան հասան եւս մոտ 150 սիրիահայեր: Ժամանողները հիմնականում Հալեպից են, որն այս օրերին կառավարական զորքի եւ ապստամբների միջեւ բախումների էպիկենտրոնն է:

Մինչ Էկոնոմիկայի նախարարությունում քննարկում են ազգային փոխադրողի առաջարկը` Հալեպ-Երեւան-Հալեպ ուղղությամբ հավելյալ չվերթների իրականացման ու տոմսերի գնի նվազեցման վերաբերյալ, հալեպահայերից ոմանք դժգոհում են Հայաստանի կառավարությունից:

Անցած շաբաթ «Արմավիա»-ն Սփյուռքի նախարարության նամակին ի պատասխան հայտնել էր, որ պատրաստ է ավելացնել չվերթների քանակն ու վերանայել սակագները` եթե յուրաքանչյուր տոմսի համար կառավարությունը վճարի 100.000 դրամ: Ամենաէժան տոմսն այժմ արժե 117 հազար դրամ, իսկ ամենաթանկը` 192 հազար դրամ:

Սիրիա թռիչքներ իրականացնող «Արմավիա» եւ «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունները մինչեւ աշուն վաճառել են Հալեպ-Երեւան-Հալեպ ուղղությամբ տոմսերը:

Սիրիայում տիրող իրավիճակը, սակայն, շատ սիրիահայերի ստիպում է մտածել գոնե ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան: Նրանք, ովքեր տոմս չեն կարող գնել, ցամաքային ճանապարհով են հասնում Հայաստան:

Մոտ մեկ ամիս առաջ սեփական ավտոմեքենայով Հայաստան հասած հալեպաբնակ Հրաչ Ասատուրյանը «Զվարթնոց» օդանավակայան էր եկել դիմավորելու ընկերոջը: Հրաչը պատմում է, որ կնոջն ու երեք երեխաներին Հայաստան է բերել նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Ինչպես Հրաչն, այնպես էլ հալեպահայ Հարութը իրենց դժգոհությունն էին հայտնում Հայաստանի կառավարությունից սիրիահայերին այս օրերին սատար չկանգնելու, հավելյալ թռիչքներ չապահովելու, տոմսերի գները չնվազեցնելու համար: Այս էր պատճառը, որ օդանավակայան եկած Սփյուռքի նախարարության աշխատակցի հետ նրանք վեճի բռնվեցին:

Մինչ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը փորձում էր բացատրել, որ իրենք խորհրդատվություն են տալիս սիրիահայերին` օգնելու հաստատվել Հայաստանում, ավտոմեքենայով օրուկես ճանապարհ կտրած ու Հայաստան հասած Հրաչը պատմում էր այն մասին, որ իրենք միայնակ են լուծում իրենց խնդիրները:

Նրա ընտանիքը տեղավորվել է քրոջ տանը: Բոլորը միասին ապրում են մի հարկի տակ: Հրաչը դժգոհում էր, որ Հայաստանի կառավարությունն իրենց անուշադրության է մատնել:

Հալեպում ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող Հրաչ Ասատուրյանը Հայաստանում անգործ է մնացել: Փողերը ծախսել է ու տոմս չլինելու պատճառով Հալեպ չի կարող հասնել, որ կարողանա գումար հայթայթելու համար գոնե տունը վաճառել:

Ժամանակավորապես Հայաստանում հաստատված սիրիահայերը կառավարությունից խնդրում են իրենց ժամանակավորապես բնակարանով, աշխատանքով ապահովել:

Սիրիահայերն ասում են, որ Հալեպի հայկական թաղամասերում համեմատաբար վիճակը խաղաղ է, բայց իրենք զգուշանում են փողոց դուրս գալ: Նրանցից մեկն ասում էր, որ բախումների հետեւանքով նաեւ հայկական թաղամասերի ուղդությամբ են կրակոցներ հնչում:

please wait

No media source currently available

0:00 0:05:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG