Մատչելիության հղումներ

Մշակվում է կրոնական կազմակերպությունների մասին օրենքի նոր նախագիծ


Կառավարության Կրոնի եւ ազգային փոքրամասնությունների վարչության պետ Վարդան Ասցատրյանը եւ Արդարադատության նախարարության հասարակական միավորումների գրանցման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը:
Կառավարության Կրոնի եւ ազգային փոքրամասնությունների վարչության պետ Վարդան Ասցատրյանը եւ Արդարադատության նախարարության հասարակական միավորումների գրանցման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը:
«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը քննարկվում է արդեն շուրջ 2 տարի, սակայն դեռեւս չի արժանացել միջազգային կառույցների հավանությանը:

Կառավարության Կրոնի եւ ազգային փոքրամասնությունների վարչության պետ Վարդան Ասցատրյանը այսօր հրավիրած ասուլիսում ասաց թե գործող օրենքը «չի կարողանում կարգավորել», իսկ նախագիծը, թեեւ «բավականին բարելավվել է», բայց «նախագծային վիճակում է»:

Ներկայացրած առաջարկներից նա առաձնացրեց կրոնական կազմակերպությունների գործունեության հրապարակայնության պահանջը, ըստ որի, կրոնական կազմակերպությունները պարտավոր կլինեն ամենամյա ֆինանսական հաշվետվությունները հրապարակել իրենց կայքէջերում:

Հայաստանում գրանցված է 67 կրոնական կազմակերպություն: Արդարադատության նախարարության հասարակական միավորումների գրանցման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը դժվարացավ ասել, թե որքան մարդ է այսօր ընդգրկված այդ կազմակերպություններում:

«Ցացոք սրտի, այդ կազմակերպությունները, որոնք գրանցվում են, չեն ներկայացնում իրենց անդամների մասին հաշվետվություն», - ասաց նա` հավելելով, որ գործող օրենքով գրանցվելու համար անհրաժեշտ է, որ կազմակերպության անդամների թիվը 200-ից պակաս չլինի: - «Այս նոր նախագծով կարող են 25 հոգի ստեղծել կրոնական կազմակերպություն, բայց յուրաքանչյուր տարի իրենց հաշվետվությունների մեջ նրանք պետք է հրապարակեն իրենց անդամների թիվը»:

Հայաստանի բնակչության մեծամասնության դավանանքը Հայ առաքելական սուրբ եկեղեցին է: Հայ առաքելական եկեղեցու պատմությունը դասավանդվում է դպրոցներում:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնն այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց ուսումնասիրության արդյունքում հրատարակված գիրքը` նվիրված Հայաստանի հանրակրթական դպրոցներում կրոնական կրթության խնդիրներին:

Ուսումնասիրության հեղինակները մոնիթորինգ են իրականացրել Հայաստանի տարբեր մարզերում, թե որքանով է հանրակրթական դպրոցներում կրոնի ուսուցումը համապատասխանում միջազգային իրավական փաստաթղթերին:

Կենտրոնի ղեկավար եւ ուսումնասիրության հեղինակներից Ստեփան Դանիելյանը շեշտեց, որ աշխատանքի ընթացքում գրանցել են մի շարք խախտումներ` «դասերի ժամանակ կրոնական ծիսակատարությունների կամ կրոնական ծիսակատարության էլեմենտների կատարում»:

Դպրոցում, նրա փոխանցմամբ, դասավանդվում է ոչ թե կրոնների պատմություն, այլ միայն Հայ առաքելական եկեղեցու պատմություն, եւ քարոզչություն է տարվում այլ կրոնական կազմակերպությունների դեմ:

«Մենք ունենք դեպքեր, երբ երեխային ուղղակի բոյկոտի են ենթարկում, որովհետեւ նրա ծնողները այլ եկեղեցու անդամներ են: Երեխաներին ստիպում են աղոթել, խաչակնքել եւ այլն, սակայն կան մարդիկ, որոնք աթեիստ են, ագնոստիկ են կամ այլ եկեղեցու հետեւորդներ են», - նշեց Դանիելյանը:

Գրքի հեղինակներից Հովհաննես Հովհաննիսյանի պնդմամբ` այս առարկայի դասավանդումը վերածվել է «դավանաբանական դոգմայի դասընթացի»:

Քննարկմանը մասնակցող Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը` Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանը, մինչդեռ, հավաստիացրեց, թե որեւէ քարոզչություն չի տարվում դպրոցում:

«Այս առարկան երբեք քարոզչության եւ մոլեռանդ, առանց կամքի արտահայտության եւ առանց ինքնահաստատման երեխա կամ պատանի դաստիարակելու առաքելություն չունի», - հայտարարեց նա` շեշտելով, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար Հայ առաքելական եկեղեցու պատմության դասընթացը պարտադիր չէ:


please wait

No media source currently available

0:00 0:05:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG