Մատչելիության հղումներ

Վաղվանից մեդալների ակնկալիքները ավելի իրատեսական կդառնան


Լոնդոնում անցկացվող Օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող մարզիկները առայժմ որեւէ մրցանակի չեն արժանացել:

Հայաստանի 25 հոգանոց պատվիրակության անդամներից հինգը արդեն դուրս են մնացել մրցապայքարից։

«Եթե ասենք, որ ձախողվեցին՝ այսինքն շատ մեծ սպասելիքներ ունեինք, որոնք չկատարվեցին, այդքան էլ ճիշտ չի լինի։ Պարզապես ե՛ւ ձյուդոիստները, ե՛ւ բռնցքամարտիկը, ե՛ւ հրաձիգը լավ մարզավիճակում էին եւ կարող էին հավակնել մեդալների եւ բարձր տեղերի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը, ով նշեց, որ անցած օրերի ամենամեծ անակնկալը բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանի ձախողումն էր։

Հայ լողորդները սպիտակ քարտերով են մասնակցում օլիմպիադային եւ նրանց հետ մեծ հույսեր Հայաստանում չէին կապում: Երկու փորձառու ձյուդոիստներին, ըստ մարզական մեկնաբանի, խանգարեց հոգնածությունը՝ քանի որ չէին նախատեսել, որ առնվազն 6-7 մենամարտ պետք է անցկացնեն։ Հրաձիգ Նորայր Բախտամյանը արդեն մեկ անհաջողություն ունի, սակայն օգոստոսի 5-ին կրկին ելույթ կունենա՝ այս անգամ 50 մետր օդամղիչ ատրճանակով։

Այսօր հայ մարզիկները մրցելույթներ չունեն, սակայն վաղվանից մեդալների ակնկալիքները շատ ավելի իրատեսական են դառնում, քանի որ մրցասպարեզ են դուրս գալու Հայաստանի համար ավանդական համարվող մարզաձեւերի` ծանրամարտի եւ ըմբշամարտի ներկայացուցիչները։ Մասնավորապես, վաղը հայ մարզասերներին կարող է ուրախացնել օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին` ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը, ում հետ Հայաստանի օլիմպիական կոմիտեն մեծ հույսեր է կապում։ Մեդալի լուրջ հավակնորդներ են համարվում նաեւ ծանրամարտիկներ Մելինե Դալուզյանը եւ Նորայր Վարդանյանը, ով օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին է:

Օգոստոսի 5-ից պայքարի դուրս կգան ըմբիշները, որոնց մեծ մասը համարվում են մեդալի իրական հավակնորդներ:

Հունահռոմեկան ոճում 4 ըմբիշ են ներկայացնելու Հայաստանը։ Մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանի գնահատմամբ, բոլորն էլ կարող են մեդալներ նվաճել․ Լեւոն Ջուլֆալակյանի որդին` Արսեն Ջուլֆալակյանը եւ Յուրի Պատրիկեեւը հատկապես մեծ շանսեր ունեն:

Ազատ ոճի ըմբշամարտում եւս մեդալները բացառված չեն։ Այստեղ հիմնական հույսը Հայաստանը ներկայացնող դաղստանցի մարզիկ Հաջիմուրադ Նուրմուհամեդովն է:

Նախորդ` Պեկինի օլիմպիադայում հայ մարզիկները նվաճեցին 6 բրոնզե մեդալ:

Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը 700 հազար դոլար է խոստացել յուրաքանչյուր այն մարզիկին, ով օլիմպիական ոսկի կնվաճի Լոնդոնում:

Պետական պարգեւավճար է սահմանել նաեւ Հայաստանի կառավարությունը` 20-ական միլիոն դրամ` ոսկե, 15-ական միլիոն դրամ` արծաթե, եւ 10-ական միլիոն դրամ` բրոնզե մեդալակիրների համար:

Անկախացումից ի վեր Հայաստանը ունեցել է միայն մեկ օլիմպիական չեմպիոն` հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG