Մատչելիության հղումներ

ԵԴ-ի վճիռների հետ կապված` Հայաստանի վիճակը «կարելի է բնութագրել ոչ շատ վատ»


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում
Թեեւ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը փոքր չի համարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունքում Հայաստանի Հանրապետության վճարելիք տուգանքների չափը, այդուամենայնիվ, պաշտոնյան փորձում է այդ բարձր ատյանում Հայաստանի` մեկը մյուսին հաջորդող պարտությունների առաջացրած բացասական տպավորությունը մեղմել հարեւան երկրների հետ համեմատություններով։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` Մելիքյանը, մասնավորապես, ասաց. - «Միայն 2012 թվականին այս 9 վճիռների, որոնց մի մասը, ի դեպ, ուժի մեջ չի մտել` ընդունենք, թե ուժի մեջ մտնի, որեւէ բողոքարկում չլինի կամ բողոքարկման արդյունքում Մեծ պալատը Եվրոպական դատարանի քննության չառնի, մի փոքր ավել, քան 100 հազար եվրոն է։ Այս թիվը, իհարկե, շատ մեծ թիվ է, սակայն մեր ցուցանիշները ուղղակի համեմատելու համար ասեմ, որ նույն Ադրբեջանի կամ Մոլդովայի պես պետություններ մի քանի հարյուր հազար եվրո, այս նույն` 2012 թվի ցուցանիշներով, ունեն։ Այսինքն, նրանք ունեն ավելի` կոնկրետ մի քանի երկրներ եմ ասում, որոնք ինչ-որ տեղ համադրելի են Հայաստանի հետ։ Իսկ, ասենք, օրինակ, Բալթյան երկրները ավելի լավ վիճակի մեջ են` նրանց վճիռների քանակը այդքան մեծ չէ»։

Վրաստանը եւս այս առումով համադրելի է, ասաց փոխնախարարը` մանրամասնելով. - «Վրաստանի վերաբերյալ ավելի փոքր քանակով վճիռներ կան, եւ Վրաստանի վերաբերյալ վճիռները, համեմատած մեր վճիռների հետ, նրանց մոտ կոնկրետ գործեր կային, որ շատ ավելի մեծ գումարներ էին, մասնավորապես` նույն «Եհովայի վկաների» հետ կապված մի գործ ունեին, երբ ուղղակի բռնություն էր կիրառվել նրանց նկատմամբ, եւ հսկայական փոխհատուցում էր Եվրոպական դատարանը որոշել»։

«Այսինքն, մեր վիճակը կարելի է բնութագրել ոչ շատ վատ», - ամփոփեց փոխնախարարը։

Քանիցս արծարծվել է երկրի իրավապահ համակարգի սխալների հետեւանքով Հայաստանի հարկատուների ուսերին ծանրացող տուգանքների խնդիրը այսպես կոչված ռեգրեսային սկզբունքով կարգավորելու հարցը. դա նշանակում է, որ դրամական փոխհատուցումը պետք է ապահովեն հենց իրավական սխալը թույլ տվողները։ Այդ ընթացակարգերը, սակայն, դեռեւս մշակված չեն։

Փոխնախարարը այս առնչությամբ պարզաբանեց. - «Այն խնդիրը, որ վերաբերում է ռեգրեսային կարգով գումարները հետ գանձելու ընթացակարգերի կիրարկմանը, հստակեցմանը եւ այլն, փորձում ենք դարձնել ոչ միայն մեր համար օրակարգային, այլեւ` եվրոպական մեր մյուս գործընկերների համար։ Մասնավորապես, մեկ տարի հետո Հայաստանը ստանձնելու է Եվրոպայի խորհրդի նախագահությունը, եւ այդ ժամանակահատվածում մենք ունենալու ենք օրակարգ ձեւավորելու հնարավորություն, եւ մենք պատրաստվում ենք օրակարգի ձեւավորման ժամանակ հաշվի առնել նաեւ այս հարցը եւ փորձել մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել եւ քննարկման առարկա դարձնել, փորձի փոխանակություն իրականացնել, արդյունքում` թե՛ մեզ համար եւ թե՛ մեր գործընկերների համար արդյունավետ գործ անել եւ տեսնել, թե որ մեխանիզմներն են արդյունավետ»։

Այստեղ, սակայն, Ռուբեն Մելիքյանը ընդգծեց «մի շատ կարեւոր խնդիր` որ այս հետգանձման գործընթացը չվերածվի մեխանիկական գործընթացի»։ «Մենք չենք կարող պարզ չափանիշներ այստեղ ունենալ, որովհետեւ դատական իշխանության անկախությունը նաեւ ենթադրում է որոշակի մակարդակի իմունիտետ, եւ դա, բնականաբար, հայկական արժեք չէ` ամբողջ քաղաքակիրթ աշխարհում է այսպես ընդունված, հակառակ դեպքում դատական իշխանության նկատմամբ շատ հեշտությամբ հնարավոր կլինի ներգործություն կիրառել», - ասաց փոխնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG