Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն դեռ չի որոշել, թե ում կսատարի Գյումրիում


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (կենտրոն) եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (ձ) Գյումրիի նորակառույց շենքերի մոտ, 7 ապրիլի, 2012
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (կենտրոն) եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (ձ) Գյումրիի նորակառույց շենքերի մոտ, 7 ապրիլի, 2012
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար կազմը դեռ չի որոշել` սեպտեմբերի 9-ին Գյումրիում անցկացվելիք քաղաքապետի ընտրություններում ում կսատարի։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը այդ մասին ասաց Հանրապետականի մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Գյումրիում առաջիկա ընտրությունների գլխավոր ինտրիգը Հանրապետականի որոշումը կարող է լինել։ Մամուլում ենթադրություններ կան, որ իշխող կուսակցությունը քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությունը` այն դեպքում, երբ գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Ղուկասյանը եւս օրենքով առաջադրվելու իրավունք ունի։

Սակայն Ղուկասյանը դեռեւս չի հստակեցնում` ուզո՞ւմ է քաղաքապետի թեկնածու լինել, թե՞` ոչ։ ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից նա երկու օր առաջ հրաժարվեց` չկապելով դա առաջիկա ընտրությունների հետ։

«Չեք շտապում ասել ձեր որոշումը, եւ դա մի շարք խոսակցությունների, նաեւ` ենթադրությունների առիթ է տալիս, այն է` որ դուք «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուին եք պաշտպանելու», - «Ազատություն» ռադիոկայանի այս դիտարկմանը Շարմազանովը արձագանքեց. - «Հանրապետական կուսակցությունը` որպես դասական քաղաքական ուժ, երբեք չի առաջնորդվում խոսակցություններով կամ ենթադրություններով։ Մենք միշտ բոլոր քաղաքական որոշումները իրականացնում ենք ժամանակին եւ օրենքով սահմանված կարգով։ Եվ պետք է դանդաղ շտապել, եւ երբ որ գա ժամանակը` դուք կիմանաք կուսակցության որոշումը պաշտոնական։ Որեւէ գաղտնիքի խնդիր չկա` պարզապես չի քննարկվել»։

«Պարոն Ղուկասյանի որդին` Սպարտակը, սպառնացել էր Սամվել Բալասանյանին եւ ասել. - «Չեք մարսելու»։ Այսինքն, նրա այդ խոսքերից ակնհայտ է դառնում, որ իրենք ինչ-որ բանի մասին տեղյակ են, որ Հանրապետականը հաստատ չի սատարելու Վարդան Ղուկասյանին եւ սատարելու է պարոն Բալասանյանին, եւ դա է նրա վրդովմունքի պատճառը», - այս հարցադրմանն էլ Հանրապետականի խոսնակը պատասխանեց. - «Նոր ես տեղեկացա, որ Վարդան Ղուկասյանի խոսնակը հերքել է, որ նման բան է տեղի ունեցել։ Երկրորդը, անկախ նրանից` ով է օրենք խախտում` պետք է պատժվի։ Եվ այդ իմաստով, նախագահ Սարգսյանը Ոստիկանության կոլեգիայի վերջին նիստի ժամանակ շատ հստակ, դիպուկ եւ ամբողջական գնահատական տվեց»։

Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույնպես հերքեց, թե Սպարտակ Ղուկասյանը Սամվել Բալասանյանի տան մոտակայքում սպառնալից արտահայտություններ է հնչեցրել: Նա կարծիք հայտնեց, թե քաղաքապետի նկատմամբ «ինֆորմացիոն տեռոր» է իրականացվում:

Գյումրեցիները նաեւ բաց նամակով դիմել էին ղեկավարությանը, թե իրենք ահաբեկված են, խնդրում են զորք մտցնել Գյումրի, պաշտպանել մարդկանց:
Աղեկյանը գյումրեցիների անունից գրված նամակը «պատվիրված» որակեց, ասաց` գյումրեցիները թասիբով ժողովուրդ են, բան ունենան ասելու, ճակատին կասեն: Խոսնակը չցանկացավ ասել, թե նամակը, ըստ իրենց, ում կողմից է պատվիրված:

Համացանցում հայտնված տեղեկությանն արձագանքնելով, թե նախորդ գիշեր եւս Գյումրիում կրակոցներ են հնչել, որոնց հեղինակը կրկին քաղաքապետի որդին է եղել, Աղեկյանն ասաց` սուտ է, այս օրերին Ղուկասյաններին վերաբերող լուրերը Նոր տարվա սեղանի պես թարմացվում են: Նշենք, սակայն, որ ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, թե պարզում են լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները:

please wait

No media source currently available

0:00 0:05:29 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG