Մատչելիության հղումներ

Վրաստանում հանդիպել են հարավկովկասյան 3 պետությունների լիբերալ կուսակցությունները


ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյան
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյան
Գերմանական «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի միջնորդությամբ հուլիսի 13-15-ը Վրաստանում հանդիպել են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի լիբերալ կուսակցությունների` համապատասխանաբար Հայոց համազգային շարժման, Հանրապետականի եւ «Մուսավաթի» ներկայացուցիչները:

Հանդիպմանը մասնակցած ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այդ հանդիպումը վերաբերում էր 2010 թվականին երեք կուսակցությունների միջեւ Պոտսդամում կայացած հանդիպման ընթացքում ստորագրված հռչակագրին:

«Պոտսդամում ստորագրվեց երեք հարավկովկասյան լիբերալ կուսակցությունների ղեկավարների կողմից հռչակագիր, որը շատ լուրջ փաստաթուղթ է, շատ լուրջ հավակնություններով, որոնց մեջ մտնում են Հարավային Կովկասի լիբերալ ուժերի համագործակցությունը, պայքարը քաղբանտարկյալների ազատման համար եւ ընդհանրապես Հարավային Կովկասի ինտեգրման եւ համատեղ ծրագրերի իրականացման առումով: Այս հանդիպումը փաստորեն այս փաստաթղթի իրականացման գործընթացին եւ շարունակությաննն էր վերաբերում», - ասաց Մանուկյանը:

Հարցին, թե որքանո՞վ են կյանքի կոչվել 2010 թվականին ստորագրված հռչակագրում թվարկված նպատակները, Մանուկյանը պատասխանեց. - «Քաղբանտարկյալների առումով բավականին գործնական առաջընթաց է եղել: Միայն մի քանի ամսվա ընթացքում մոտ 20 քաղբանտարկյալ է ազատվել Ադրբեջանում, այս ուղղությամբ շատ լուրջ աշխատանք կատարեց Եվրոպական լիբերալ դեմոկրատների բարեփոխումների կուսակցությունը, ինչպես նաեւ եվրոպական մի շարք այլ կառույցներ` Եվրախորհուրդը, մարդու իրավունքների այլ կազմակերպություններ: Եվ ընդամենը 15 օր առաջ էր վերջին քաղբանտարկյալներից մեկը ազատվել, ով «Մուսավաթ»-ի փոխնախագահն է` Արիֆ Հաջիլին, մենք նրա հետ էլ հանդիպեցինք, բայց Ադրբեջանը այս պահին դեռ 16 քաղբանտարկյալ ունի»:

ՀՀՇ-ն ադրբեջանական եւ վրացական կուսակցություններին տեղեկացրել է նաեւ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի մասին, ում իրենք քաղբանտարկյալ են համարում:

«Չէի ուզի, բայց կարծում եմ` կփորձենք եվրոպական կառույցներին ներգրավել այս գործին, եթե առաջիկա մի քանի օրում իշխանությունները իրենց այդ կոշտ մեթոդները շարունակեն եւ Տիգրանին փորձեն բանտում պահել, որը տարօրինակ է մեզ համար», - ասաց Մանուկյանը:

Արամ Մանուկյանի խոսքով, հանդիպման ընթացքում հնչել են նաեւ զեկույցներ` կապված երեք երկրների ներքաղաքական իրավիճակների հետ. - «Երեք հանրապետություններում էլ կան ընտրական պրոբլեմներ, Ադրբեջանում ավելի շատ, երկրորդ տեղը մենք ենք գրավում` կոշտ ու կոպիտ մեթոդներով եւ կեղծիքներով, որից հետո գալիս է Վրաստանը»:

Հանդիպման ընթացքում չեն քննարկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր:

«Մենք ընդհանրական մոտեցումներով ենք դա քննարկում, որ որքան երկրները լինեն ժողովրդավար, որքան ընտրությունները լինեն ավելի հանգիստ, որքան լեգիտիմ լինեն իշխանությունները եւ որքան շատ ձգտեն միջազգային ինտեգրացման, այդ առումով է, որ կարող ենք հեշտացնել կոնֆլիկտի լուծումը», - պարզաբանեց Մանուկյանը:

Արամ Մանուկյանն ասում է, որ բացարձակ վատ չի զգում մամուլում հնչող այն քննադատություններից, որ ՀՀՇ-ն համագործակցում է ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության հետ:

«Լիբերալիզմը բարձր մարդկային արժեքներ են, եւ եթե լիբերալ տնտեսություն ես տարածում, եւ դրանք քննադատվում են, քննադատողը առնվազն մի քիչ ինչ-որ տեղ ինչ-որ բանի պակաս ունի», - ասաց նա:

Հաջորդ հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերին, որի ընթացքում քննարկվելու են նաեւ տարածաշրջանային հակամարտություններին առնչվող հարցեր:

please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG