Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյանի խոսքով, ստորագրահավաքը ուղերձ էր իշխանություններին


Հայաստան -- ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ, Երեւան, 26-ը հունիսի, 2012թ․
Հայաստան -- ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ, Երեւան, 26-ը հունիսի, 2012թ․
Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ձախողում չի համարում «Հարսնաքար»-ի միջադեպի առնչությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ քանակի ստորագրություններ չհավաքելը։

Կոնգրեսի նախաձեռնությամբ հրավիրվող նիստը նախատեսվում էր անցկացնել վաղը, սակայն անհրաժեշտ 44 ստորագրություններից հաջողվել է հավաքել ընդամենը 21-ը:

Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ դա քաղաքական ակցիա էր, որը բացահայտեց՝ «իշխանությունների կողմից «Հարսնաքար»-ի գործի պարտակման ձգտումը»:

Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի, այդ ակցիան նաեւ ազդանշան էր, որ ոչ կոալիցիոն 4 խմբակցությունները կարող են համագործակցել։

«Ստորագրությունների այն քանակը, որ հավաքվել է, լուրջ նախազգուշական ուղերձ է այս իշխանություններին, որ եթե իշխանությունները դաս չքաղեն, մի քանի շաբաթ հետո մենք կարող է 44-ից ավելի հավաքենք», - պարզաբանեց նա։

Լեւոն Զուրաբյանը շարունակում է չմեկնաբանել ամենամեծ ոչ կոալիցիոն խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի կեցվածքը այս հարցում։ Նշենք, որ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը կյանքի կոչելը մեծապես կախված էր ԲՀԿ-ից, բայց այդ խմբակցության 37 պատգամավորներից ստորագրահավաքին մասնակցեցին ընդամենը 7-ը։ Փորձեցինք ճշտել, արդյոք ՀԱԿ խմբակցության ղեկավարը արժանահավատ է համարում ԲՀԿ պատգամավորների՝ արձակուրդում գտնվելու եւ Հայաստանից բացակայելու հիմնավորումը, թե այնուհանդերձ այստեղ քաղաքական դրդապատճառներ կան։

«Իրենք թող պատասխանեն կամ մեկնաբանեն։ Մենք պատասխանատու ենք մեզ համար։ Մեր ֆրակցիայի բոլոր 7 անդամները ստորագրեցին այդ նախաձեռնությունը», - արձագանքեց Զուրաբյանը։

Լեւոն Զուրաբյանը անընդունելի համարեց այս օրերին հնչող այն մեղադրանքները, որ Կոնգրեսը կարծես մոռացության է մատնել մարտի 1-ի թեման, որ մարտի 1-ի բացահայտումը որպես գլխավոր առաջնահերթություն հռչակած ՀԱԿ-ը փոխարենը լծվել է «Հարսնաքար»-ի գործով նախաձեռնությունների: Լեւոն Զուրաբյանը հակադարձեց, որ խորհրդարանում իրենց առաջին գործը եղել է մարտի 1-ի զոհերի եւ վիրավորների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցի առաջ քաշումը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ եւ հայտնեց, որ իրենք պատրաստվում են խորհրդարանում համապատասխան նախաձեռնությամբ հանդես գալ:

«Չի բացառվում՝ մտածենք նաեւ մարտի 1-ի իրադարձությունները հետաքննելու հանձնաժողով ստեղծելու մասին, որովհետեւ այն հանձնաժողովը, որը գործեց ժամանակին, բացարձակապես անվստահելի հանձնաժողով էր։ Այնտեղ ներկայացված էին, ըստ էության, միայն կոալիցիոն ուժերը։ Հանձնաժողովը պետք է ապահովի ընդդիմության առավելությունը», - հավելեց նա։

ՀԱԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ մարտի 1-ի հարցը պաշտոնապես բարձրացրել է վերջերս Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։ Նա նաեւ հարկ համարեց հիշեցնել, որ իրենց ճնշմամբ անցյալ տարի իշխանությունները հայտարարեցին քննությանը նոր թափ հաղորդելու մասին։

«Սրանից հետո ի՞նչ բարոյականության եւ տրամաբանության տեր պիտի լինի որեւէ մարդ, որ համարձակվի այսօր Հայ ազգային կոնգրեսին մեղադրել մարտի 1-ի խնդիրը մոռանալու մեջ», - եզրափակեց Լեւոն Զուրաբյանը։

please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG