Մատչելիության հղումներ

Հուլիսի 13-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Դաշնակցական գործիչներն իրենց վերջին հարցազրույցներում, հիմնվելով, հավանաբար, իրենց ընդհանուր ժողովի որոշումների վրա, հայտարարել են, որ նախագահական ընտրություններին առաջ են քաշելու կամ պաշտպանելու են այն թեկնածուին, որը ապամոնտաժելու է նախագահական ինստիտուտը: Որքան էլ ես չընդունեմ այդ կուսակցության գաղափարախոսությունը, պիտի համաձայնեմ, որ դա քաղաքական ծրագիր է, որի շուրջ կարող են համախմբվել տարբեր ուղղվածության ուժերը: Հայաստանում զարգացման կարեւորագույն խոչընդոտն է անձնականացված մոտեցումը բոլոր հասարակական հարցերում: Փրկչի, շեֆի, հերոսի, թագավորի առասպելը խորը արմատներ ունի մեր ժողովրդի գիտակցության մեջ: Երբ մենք մտածում ենք նախագահի հնարավոր թեկնածուի մասին, առաջին միտքը, որը մեր մեջ ծնվում է՝ «ինչ է անելու այդ մարդը, որ իմ գործերն ավելի լավ գնան»: Շատ քչերի մտքով է անցնում, որ այդ մահկանացուն, որի բարերարություններին ենք մենք սպասում, վաղը այս կամ այն հանգամանքների բերումով կարող է դառնալ չարագործ եւ մեզ համար միանգամայն ատելի կերպար: Ճիշտը, հետեւաբար, ոչ թե բարի թագավորին սպասելն է, այլ այնպիսի մեխանիզմներ ստեղծելը, որոնց պայմաններում ցանկացած մարդ՝ բարի, թե չար, տաղանդավոր, թե անտաղանդ, կվարվի օրենքի սահմաններում»:

«Հրապարակ»-ի մեկնաբանը, անդրադառնալով «Հարսնաքար»-ի դեպքերի հարցով խորհրդարանի ակտիվությանը, հարց է տալիս. - «Ինչո՞վ պետք է զբաղվի խորհրդարանական հանձնաժողովը, չլինի՞ թե պահանջելու է, որ ինքն զբաղվի գործի քննությամբ։ Բայց ՀԱԿ-ում ուզում են ցույց տալ, որ իրենք հետեւողական են այդ հանցագործության բացահայտման հարցում։ Սակայն եթե ՀԱԿ-ն ուզում է հետեւողական լինել, ապա պետք է արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գար մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված։ Ինչո՞ւ ՀԱԿ-ը հանդես չի գալիս նման նախաձեռնությամբ։ Պատճառն առավել քան պարզ է. 2008 թվականի մարտի 1-ին ՀԱԿ-ի ներկայիս «ընդդիմադիր» դաշնակիցներ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայում էին։ Մարտի 1-ի իրադարձությունները հետաքննելու, պատասխանատուներին բացահայտելու ցանկացած փորձ կարող է խաթարել համագործակցությունն այդ ուժերի հետ եւ «ԲՀԿ-ին մղել Սերժ Սարգսյանի գիրկը»։ Ինչպես տեսնում եք, ամնեզիան` հիշողության կորուստը, շատ դաժան հիվանդություն է, բայց այն կարող է որոշակի դեպքերում նաեւ օգուտներ տալ։ ՀԱԿ անդամները չափազանց քրիստոնյա են եւ պատրաստ են հանուն քաղաքական նպատակների եւ ամբիցիաների քրիստոնեաբար ներել բռնարարներին, հատկապես եթե դրա զոհերն իրենք չեն»։

«Իրատես de facto»-ն նախկին պատգամավոր («Բարգավաճ Հայաստան»), տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանին հարցնում է. - «Քաղաքական դաշտում հավասարակշռությունը խախտելու ունակ ուժ ոմանք համարում են ԲՀԿ-ին. եթե անցնի ընդդիմության կողմը, կուժեղացնի ընդդիմությանը, եթե մնա իշխանության հետ, կուժեղացնի իշխանությանը: Դուք նման դերակատարության ընդունակ համարո՞ւմ եք ԲՀԿ-ին»: Պատասխան. - «Ի՞նչ որակական կազմ ԲՀԿ-ն ունի այս պահին. կուսակցությունում կան մարդիկ, ովքեր այս տարիներին նյութական այնպիսի հնարավորություններ են ստեղծել, որը նրանց թույլ չի տա ընդդիմություն լինել: Աքսիոմ է, որ կապիտալը երբեք իշխանության հետ հակասության մեջ չի մտնում, որովհետեւ նույն վեկտորով են շարժվում, իսկ եթե հանկարծ վեկտորները տարբերվում են, իրականում մնում են նույնը եւ ստեղծում են տարբերվածության պատրանք»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսական մամուլը ակտիվորեն անդրադառնում է ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի գնի թեմային: Կարծես բոլորը արդեն արձանագրել են, որ գազը վաղուց գաղտնի թանկացել է, բայց դրա մասին չի հայտարարվում: Ու օրերս հարց էինք տվել, թե տեսնես` կառավարությունը ինչպես կմեկնաբանի… էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ այդ հարցը լուծեց «տապոռային» եղանակով: Բռնեց ու ասաց, որ գազի գինը չի բարձրացել ու վերջ: «Գաղտնի բարձրացում չի կարա ըլնի...»,- երեկ լրագրողներին ասել է նա` կառավարության նիստից հետո»:

«Ժողովուրդ»-ը Արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանին հարցնում է. - «Ձեր կարծիքով` ինչո՞ւ է քրեականացված օլիգարխիան մարտահրավեր նետում Սերժ Սարգսյանին: Քանի որ ստացվում է, որ վերջինս չի կարողանում վերահսկել իր կուսակիցներին` Ռուբեն Հայրապետյան, Մհեր Սեդրակյան...»: Պատասխան. - «Նախագահին այդպիսի մեղադրանք առաջադրելը շատ սխալ է, եթե իրեն ճանաչեիք, նման բան չէիք ասի, նրա գործողությունները շատ ճիշտ ու ռեալ են, ես համոզված եմ, որ նա շատ ճիշտ որոշումներ է կայացնում: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերին, պետք է նշեմ, որ այդ ամենի մեղավորները կալանավորվել են: Իրավապահ մարմիններն այսօր շատ լավ են աշխատում: Կողքից եմ նայում Վլադիմիր Գասպարյանի` իմ ընկերոջ աշխատանքին եւ շատ բարձր եմ գնահատում նրա կատարածը: Նա այն մարդը չէ, որ ինչ-որ մեկից կվախենա ու ինչ-որ մեկին չի ձերբակալի: Ոստիկանությունը, դատախազությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը նորմալ աշխատում են, եւ ես դա որպես նախկին ոստիկան եմ ասում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG