Մատչելիության հղումներ

Գեղամյանը «շահարկումներ» է տեսնում Վահե Ավետյանի սպանության գործում


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանում վերջերս տեղի ունեցած հայտնի ողբերգությանը, նշեց, թե իր համերաշխությունն է հայտնում Ռուբեն Հայրապետյանին։

Հայտնի գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով երեք զինվորական բժիշկներ հայտնվել էին հիվանդանոցում։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ էր ստացել Վահե Ավետյանը, որը միջադեպից 12 օր հետո մահացավ։

Զինվորական բժշկի սպանությունը հասարակական բողոքի պատճառ է դարձել։ Անցած օրերին «Հարսնաքար»-ի եւ Ռուբեն Հայրապետյանի տան առջեւ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց մասնակիցները, մասնավորապես, պահանջել են Հայրապետյանին վայր դնել պատգամավորական մանդատը եւ հրաժարվել ՀՖՖ-ի նախագահությունից։ Հայրապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

«Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելուն՝ Ռուբեն Հայրապետյանը շատ բարձր տղա է, շատ բարձր մարդկային հատկանիշներ ունեցող մարդ է, եւ հիմա, երբ չորս կողմից ինչ-որ հարձակումներ են գործում, հասել են նրան, որ փորձում են գնալ իր օջախի առաջ պիկետ անել, Աստված կտա՝ ամեն ինչ կպարզվի, կպարզվեն այն ստորները, որոնք Հայաստանի ներսում գրանցում չունեն, որոնք այս ամենը հրահրել են», - հայտարարեց Գեղամյանը, - «Ես համերաշխությունս եմ հայտնում Ռուբեն Հայրապետյանին, ինչպես նաեւ խորը ցավակցությունս եմ հայտնում Կարեն Ավետյանի ընտանիքին․․․ ներողություն՝ Վահե Ավետյանի»։

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահը տեղեկացրեց, թե ինքը առաջիկայում հանդիպելու է Հայրապետյանի հետ՝ նրան փոխանցելու համար իր կարծիքը։ Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ «Հարսնաքար»-ի ողբերգական միջադեպն այսօր փորձում են քաղաքականացնել, իսկ միջադեպի հետ կապված հասարակական բողոքի ակցիաները ուղղված են սասանելու Հայաստանի ներքին կայունությունը։

«Արդեն իսկ հստակորեն ուրվագծվում է այն, որ այդ ողբերգությունը, որի մասին շատ խորը գնահատական տվեց Ռուբեն Հայրապետյանը, առանձին քաղաքական ուժեր, ավաղ, ստորաբար փորձում են ենթարկեցնել իրենց քաղաքական նպատակներին եւ դարձրել են ողբերգությունը շահարկումների առարկա։ Հայտնի ծանոթ դեմքերին երբ ես տեսա էլեկտրոնային կայքէջերում, ակամայից հիշեցի մեկ ուրիշ ողբերգություն՝ Պողոս Պողոսյանի սպանությունը։ Չգիտես ինչու, այդ քաղաքական լիդերներից այն ժամանակ եւ ոչ ոք չգնաց թաղմանը, եւ ոչ ոք հարցազրույցներ չտվեց, գլխին մոխիր չլցրեց, ինչի ականատեսն ենք մենք հիմա», - նաեւ ասաց Արտաշես Գեղամյանը։

please wait

No media source currently available

0:00 0:02:16 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG