Մատչելիության հղումներ

Օսկանյանը եւ «Սիվիլիթաս»-ը դատարան են դիմել


Վարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան
Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը եւ «Սիվիլիթաս» հիմնադրամը դիմել են դատարան: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Օսկանյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը եւ «Սիվիլիթաս»-ի շահերը ներկայացնող Արթուր Գրիգորյանից:

Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված բողոքներում Օսկանյանը եւ «Սիվիլիթաս»-ը վիճարկում են քրեական գործ հարուցելու` Ազգային անվտանգության ծառայության որոշումը եւ խնդրում վերացնել այն:

Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանն առնչվող քրեական գործը, հիշեցնենք, մայիսի 25-ին ԱԱԾ-ի քննչական վարչությունում հարուցվել է փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով։ Նախկին արտգործնախարարը առաջին օրվանից կտրականապես հերքել է դա` հայտարարելով, որ փողերի լվացման մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ «փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի», եւ որ հարուցված քրեական գործի հետեւում «ակնհայտ քաղաքական պատվեր կա»:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն դատարանից, «Սիվիլիթաս»-ի փաստաբան Արթուր Գրիգորյանը պատասխանեց. - «Շանսերը բնականաբար, բարձր չեն գնահատվում այն պարզ պատճառով, որ այստեղ ամբողջ դատաքննչական համակարգը, ներուժը պիտի աշխատի, որպեսզի հնարավորինս իրենց ներկայացրած քրեական գործի հիմքերը ինչ-որ կերպ արդարացնեն: Ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն հանգամանքի վրա, որ մենք հիմա չենք ասում, որ ում դուք կասկածում եք, նրանք անմեղ են, ասում ենք` այդ քրեական գործը որ հարուցել եք, այդ որոշումը վերացրեք»:

Օսկանյանը նույն պահանջով անցած ամսվա վերջին դիմել էր գլխավոր դատախազություն, բայց դատախազությունը հրաժարվեց կարճել «Սիվիլիթաս»-ի գործը` այդպես էլ չհրապարակելով Վարդան Օսկանյանի բողոքը մերժելու պատճառաբանությունը: Այնուհետեւ «Սիվիլիթաս» հիմնադրամում սկսվեցին հարկային ստուգումներ: ԱԱԾ-ի հրահանգով կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն ստուգում է հիմնադրամի ֆինանսական փաստաթղթերը` հիմնադրման օրվանից, 2008-ի մայիսից:

«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ստուգումները դեռ շարունակվում են. «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք աղաղակող չարաշահումներ հայտնաբերվե՞լ են, Ղազարյանը պատասխանեց. - «Եթե կան, աղաղակը չենք լսել: Ըստ երեւույթին շատ նորմալ ընթանում է, ինչպես ակնկալում էինք, որ իսկապես մեր փաստաթղթային, հաշվապահական գործունեությունը մաքուր է, եւ դրա համար այսպիսի քրեական խոսակցությունը ընդհանրապես անհիմն է: Այդպես էլ փաստվում է, որովհետեւ իսկապես այնտեղ ոչինչ չկա»:

Ղազարյանը «կարճատես գործընթաց» որակեց «գոյություն չունեցող» չարաշահումներում նաեւ ամերիկացի մեծահարուստ եւ բարերար Ջոն Հանթսմանի անունը շրջանառության մեջ դնելը, ում տրամադրած գումարների մասին է խոսքը քրեական գործում` այն դեպքում, երբ բարերարը ժամանակին պաշտոնական տվյալներով շուրջ 18 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Հայաստանի աղետի գոտուն. նրա աջակցությամբ աղետի գոտում կառուցվել են բնակարաններ ու դպրոցներ:

«Սա սպառնում է Հայաստանի հեղինակությանը, Հայաստանի վստահելիությանը, որովհետեւ եթե այսօր այդ անձը կամ որեւէ անձ քո գործընկերն է, նվիրատուն է, բարերարն է, եւ մի քանի տարի հետո ուրիշ նպատակներով դու պատրաստ ես ոտնակոխելու այդ մարդու անունը, դա արդեն նշանակում է, որ մենք պատրաստ չենք անկեղծորեն, ազնվորեն գործակցելու այն մարդկանց հետ, որոնք իսկապես բացի բարերարությունից ուրիշ ոչ մի բան չեն արել Հայաստանում», - հայտարարեց Ղազարյանը:

«Սիվիլիթաս»-ի գործը «քաղաքական պատվեր» որակելու համար հիմք էր հանդիսացել նաեւ այն փաստը, որ այս գործը հարուցվեց մայիսի 25-ին, իշխող կոալիցիային անդամակցությունից հրաժարվելու մասին՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից մեկ օր անց:

Հարցին` այն հանգամանքը, որ «Սիվիլիթաս» հիմնադրամում հարկային ստուգումներով կարծես ոչինչ չի հայտնաբերվում, արդյոք վկայո՞ւմ է այն մասին, որ իշխանությունները դադարեցնում են ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, Ղազարյանը պատասխանեց. - «Որքան ժամանակ, որ գործը կասեցված չէ, այն շարունակվում է: Եթե գործը շարունակվում է, մենք շարունակում ենք ասել, որ այնտեղ կա քաղաքական նպատակ, քաղաքական պատվեր, որովհետեւ փաստորեն չկա ուրիշ որեւէ փաստացի մեղք, պրոբլեմ, սխալմունք, խախտում եւ այլն»:

Եվ Վարդան Օսկանյանը, եւ Սալբի Ղազարյանը շարունակում են գործով ցուցմունք չտալ: Փաստաբան Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ տեղական դատական ատյաններում հաջողության չհասնելու դեպքում կդիմեն միջազգային ատյաններին:

please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG