Մատչելիության հղումներ

Իջեւանում գնահատում են փոթորկի հասցրած վնասը


Իջեւանի քաղաքապետարան ձեւավորվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է երեկվա փոթորկի հետեւանքով քաղաքին հասցված վնասը:

Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ տարածքային զարգացման բաժնի վարիչ Արամ Մելիքսեթյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հուլիսի 9-ին տեղացած հորդառատ անձրեւն ու ուժեղ քամին վնասել են բազմաբնակարան շենքերի տանիքները, քաղաքի կանաչապատ տարածքները` արմատախիլ անելով 12-15 ծառ, ժամանակավորապես հոսանքազրկվել են որոշ թաղամասեր:

«Այսօր առավոտյան կազմվել է հանձնաժողով` քաղաքապետարանի անձնակազմից, փրկարար ծառայության անձնակազմից, հիդրոկայանի մասնակցությամբ: Ներկա պահին հանձնաժողովը դեռ աշխատում է քաղաքի տարածքում: Եռօրյա ընթացքում լրիվ պատկերացում կունենանք», - ասաց նա` հավելելով, որ դրանից հետո քաղաքապետարանի եւ մարզպետարանի միջոցներով կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ:

Քաղաքապետարանում արդեն մի քանի տասնյակ դիմումներ են ստացվել այն քաղաքացիներից, ովքեր տուժել են փոթորկից` հիմնականում բազմաբնակարան շենքերի վերջին հարկերի բնակիչներից:

Այդ բնակարաններից մեկի բնակիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասացին, որ վնասվել է ոչ միայն տանիքը, այլեւ խոնավացել են պատերը, հատակը եւ հույս հայտնեցին, որ քաղաքապետարանը կօգնի վերանորոգել գոնե տանիքը:

Տուժածներից շատերը, չսպասելով քաղաքապետարանի պատասխանին, արդեն սեփական ուժերով վերանորոգում են իրենց բնակարանների տանիքները:

please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG