Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ընտրությունների ակտիվ լուսաբանման կոչ` լրատվամիջոցներին


Տեսարան Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից
Տեսարան Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից
Հայաստանի մի շարք հասարակական եւ լրագրողական կազմակերպություններ հայաստանյան լրատվամիջոցներին կոչ են անում առավել ակտիվորեն լուսաբանել Լեռնային Ղարաբաղում առաջիկա նախագահական ընտրությունների քարոզարշավն ու քվեարկությունը։

Մեկ տասնյակից ավելի կազմակերպությունները, իրենց տարածած հայտարարության մեջ արձանագրելով, որ հայաստանյան լրատվամիջոցների անդրադարձը Ղարաբաղի հասարակական-քաղաքական զարգացումներին համարժեք չէ, անհրաժեշտ են համարում, որպեսզի Ղարաբաղի նախագահական ընտրապայքարի գոնե վերջին փուլում հետեւողական, շահագրգիռ ու պրոֆեսիոնալ լուսաբանում ապահովվի:

Ղարաբաղի ընտրությունները նախատեսված են հուլիսի 19-ին:

Հայտարարության համահեղինակներից Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց. - «Մենք երկար սպասում էինք, թե երբ ավելի խորը, ավելի հետաքրքիր եւ բազմազան լուսաբանում կլինի նախընտրական գործընթացների Ղարաբաղում, բայց այդպես էլ չտեսանք հիմնական լրատվամիջոցներում համապատասխան հետաքրքրություն եւ ուշադրություն»։

Ընդհանրապես, նրա խոսքերով, վերջերս Ղարաբաղի ներքին հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքը շատ վատ է լուսաբանվում հայկական լրատվամիջոցներում. - «Այնպիսի տպավորություն է, որ առանձնապես հասարակությունում հետաքրքրություն չկա, այն դեպքում, որ մենք հասկանում ենք, որ Ղարաբաղի զարգացումները տարբեր ոլորտներում նաեւ չճանաչված պետության համար շատ կարեւոր են միջազգային ասպարեզում համապատասխան հեղինակություն եւ ուշադրություն իր վրա գրավելու համար։ Նաեւ դա կարեւոր է Հայաստանի համար, որովհետեւ մենք շատ լավ հասկանում ենք, որ գործընթացները, որոնք տեղի են ունենում Ղարաբաղում եւ Հայաստանում, շաղկապված են լինում իրար հետ»։

Վկայակոչելով «միջազգային ճանաչման ձգտող երկրի համար ազատ, մրցակցային եւ թափանցիկ ընտրությունների անհրաժեշտությունը», հայաստանյան հասարակական եւ լրագրողական կազմակերպությունները կարեւորում են «կառուցողական քաղաքական բանավեճերի մթնոլորտում նախընտրական պայքարի անցկացումը» Ղարաբաղում, ինչը մեծապես կախված է նաեւ լրատվամիջոցներից։

«Տեսեք, կար ժամանակաշրջան, երբ տարբեր վարկանիշներով Ղարաբաղը համարվում էր մասամբ ազատ երկիր, ինչպես եւ Հայաստանը։ Վերջերս արդեն անազատ երկրների մեջ հայտնվեց, եւ այդ տպավորությունը ձեւավորվում է հենց այն պատճառով, որ կարծես թե քաղաքական-հասարակական կյանքը այդքան ակտիվ չէ այնտեղ եւ նաեւ չի լուսաբանվում, համապատասխան արձագանք չի գտնում հայաստանյան լրատվամիջոցներում», - ընդգծեց Երեւանի մամուլի ակումբի նախագահը` շարունակելով. - «Դա տպավորություն է ստեղծում, որ մի տեսակ լճացման գործընթաց է գնում, եւ, իհարկե, նախընտրական շրջանը շատ հարմար առիթ է, որպեսզի այդ տպավորությունը փոխվի, այդ տպավորությունը մենք փորձենք ջարդել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG