Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ՀԿ-ներին վերաբերող օրինագիծը վրդովեցրել է իրավապաշտպաններին


«Օտարերկրյա գործակալներ». ահա այս նոր անվանումն ու կարգավիճակն է առաջարկում արտասահմանից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների համար Պետդումայի վաղվա նիստում քննարկման դրվելիք օրինագիծը։

Օրինագիծը, որը ներկայացրել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, ենթադրում է, որ քաղաքական գործունեությամբ զբաղվող եւ օտարերկրյա ֆինանսավորում ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները պետք է առանձին ռեգիստրում գրանցվեն:

Այն կազմակերպությունները, որ օրենքի ընդունումից հետո չեն գրանցվի 90 օրում, 6 ամսով կզրկվեն գործունեություն ծավալելու իրավունքից:

Գրանցված կազմակերպությունները երկու անգամ ավելի հաճախ՝ այսինքն կես տարին մեկ եւ առավել մանրամասն հաշվետվություն պետք է ներկայացնեն իրենց ֆինանսավորման վերաբերյալ:

Նրանք, ովքեր ամբողջական հաշվետվություն չեն ներկայացնի մինչեւ մեկ միլիոն ռուբլով կտուգանվեն, դա շուրջ 30 հազար դոլար է։

Օրենքի հեղինակները մանրամասնում են, որ բնավ պարտադիր չէ, որ կազմակերպության կանոնադրության մեջ քաղաքական գործունեության մասին նշված լինի: Անգամ եթե կազմակերպության կանոնադրության մեջ նշված է, ասենք, բնապահպանական գործունեություն, քաղաքական գործունեություն կհամարվի քաղաքական ակցիաներին մասնակցությունը եւ պետական քաղաքականության վրա ազդելու նպատակով հասարակական կարծիք ձեւավերելը։

Օրինագծի հեղինակներից Ալեքսանդր Սիդյակինն ասում է. - «Մենք ցանկանում ենք, որ մեր քաղաքացիական հասարակությունը եւ մեր հանրությունը իմանան, թե որ հասարակական կազմակերպություններն են, որ իրոք ներկայացնում են Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունը, եւ որ կազմակերպություններն են արտասահմանից ֆինանսավորվում։

Այս օրինագիծը հարուցել է Ռուսաստանի քաղաքացիական հասարակության եւ իրավապաշտպանների վրդովմունքը. նրանց կարծիքով, այս նախաձեռնությունն իրենց գործունեությունը սահմանափակելուն է ուղղված։

Այսօր Ռուսաստանի հանրային պալատն է կարծիք հայտնել, որ օրինագիծը անընդունելի կամ անհասկանալի ձեւակերպումներ է պարունակում։

Իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեեւան օտարերկրյա ֆինանսավորում ունեցող Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավարն է: Նա ասում է, որ շատ կազմակերպություններ, ինչպես եւ իրենը ստիպված են արտասահմանի դրամաշնորհների վրա հիմնվել, քանի որ Ռուսաստանում անհնար է գումար գտնել:

«Այս օրենքը ստոր նպատակով է ընդունվում, որպեսզի հնարավոր լինի հեռուստացույցով ասել՝ տեսնում եք հենց իրենք են ասում, որ օտար պետությունների գործակալներ են, մեր հասկարակության մի մասը դյուրահավատ կերպով կսկսի մտածել, որ իրավապաշտպանները իրենց թշնամիներն են, որ աշխատում են Ռուսաստանին թշնամի երկրների շահերի համար», - ասել է Ալեքսեեւան։

Այս նոր օրինագծի հեղինակները շեշտում են, որ Միացյալ Նահանգները վաղուց նմանատիպ օրենք ունի եւ նույնպես օտարերկրյա գործակալներ է համարում արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպությունները:

Սսակայն իրավապաշտպանն ասում է. - «Որեւէ ընդհանրություն Ռուսաստանում նախապատրաստվող այս օրինագծի հետ ամերկյանը չունի, այն վերաբերում է ամերիկյան կառավարությունում գործող լոբբիստական խմբերի գործունեությանը»։

Քաղաքագետ Մարկ Ուրանովն ասում է, որ օրենքը պարզապես մահակ է լինելու իշխանությունների ձեռքին՝ իրենց դուր չեկած կազմակերպությունները վերացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG