Մատչելիության հղումներ

«Եվրո - 2012»-ի եվրոպական բոյկոտը


Վրաստանի եւ Բելառուսի նախագահները Կիեւի Օլիմպիական մարզադաշտի օթյակից հետեւում են «Եվրո - 2012»-ի եզրափակիչին, 1-ը հուլիսի, 2012թ.
Վրաստանի եւ Բելառուսի նախագահները Կիեւի Օլիմպիական մարզադաշտի օթյակից հետեւում են «Եվրո - 2012»-ի եզրափակիչին, 1-ը հուլիսի, 2012թ.
Ուկրաինայում եւ Լեհաստանում «Եվրո - 2012»-ի մեկնարկից առաջ եվրոպական մի շարք պետությունների առաջնորդներ հայտարարեցին, թե կբոյկատեն Ուկրաինայում անցկացվելիք խաղերը, քանի որ այդ երկրում չկա արդարադատություն, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն քաղաքական դրդապատճառներով պահվում է բանտում:

Եվրոպացի պաշտոնյաները փաստացի պայման էին դնում` Ուկրաինա կժամանեն, եթե Տիմոշենկոն ազատ արձակվի:

Ֆուտբոլային մրցաշարը ավարտվեց, Յուլիա Տիմոշենկոն դեռ ճաղերի հետեւում է, իսկ բոյկոտը չստացվեց, փաստում են արեւմտյան պարբերականները:

Չնայած ավելի վաղ Տիմոշենկոյի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով անորոշ ժամկետով հետաձգվեց Կենտրոնական Եվրոպայի երկրների գագաթնաժողովը եւ սառեցվեց Ուկրաինայի եւ Եվրամիության ասոցիացման համաձայնագրի հաստատման գործընթացը, եվրոպացի ղեկավարները, այնուամենայնիվ, ժամանեցին Ուկրաինա:

Եզրափակիչը դիտելու համար Կիեւ եկան մրցող թիմերի պետությունների` Իտալիայի եւ Իսպանիայի առաջնորդները:

Անգամ Հոլանդիայի ղեկավարները, որ նախապես կողմ էին բոյկոտին, բաց չթողեցին իրենց հավաքականի ելույթը Խարկովում` Յուլիա Տիմոշենկոյի կալանավայրից մի քանի կիլոմետր հեռու:

Եզրափակիչին ներկա էր նաեւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին` որպես մրցաշարը ընդունող երկրներից մեկի ղեկավար:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը սկզբում հայտարարել էր, թե չի ժամանելու խաղերին, հետագայում մանրամասնեց, որ կժամանի Ուկրաինա միայն եթե Գերմանիան եզրափակիչում հայտնվի:

Ուկրաինա չժամանեցին, փաստորեն, այն պետությունների ղեկավարները, որոնք առանձնապես անելիք էլ չունեին այնտեղ, փաստում է ուկրաինական «Սեգոդնյա» թերթը` հավելելով, որ եզրափակիչում հայտնված երկրների ղեկավարները ժամանել էին Կիեւ անգամ անտեսելով Եվրոպայի վերջին բռնապետի` Ալեքսանդր Լուկաշենկոյի կողքին նստելու հեռանկարը, ինչը ինքնին խոսուն փաստ է:

BBC-ի ուկրաինական ծառայությունն էլ տեղեկացնում է, որ մարզադաշտում Լուկաշենկոյին, ով, չխախտելով ավանդույթը, ժամանել էր որդու` Կոլյայի հետ, զբաղեցնում էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, զրուցում ու կատակում էր նրա հետ` թույլ չտալով, որ վերջինս ինչ-որ կերպ շփվի հարեւան օթյակում նստած եվրոպացի պաշտոնյաների հետ:

Տնտեսական առումով մրցաշարը չարդարացրեց իրեն, գրում են ուկրաինական թերթերը։ Առաջնությունը կազմակերպելուն ուղղված միլիոնները, ըստ տնտեսական վերլուծաբանների, Ուկրաինան կկարողանա վերադարձել երկու-երեք տարում, եթե ճիշտ օգտագործի ստեղծված ենթակառուցվածքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG