Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տուգանել է Հայաստանի Հանրապետությանը` քաղաքացուն առանց հիմնավորման ազատությունից զրկելու, նվաստացնելու եւ խոշտանգման համար:
Եվրադատարանը բավարարել է 2006 թվականի հոկտեմբերին ավազակային հարձակման եւ սպանության փորձի կասկածանքով ձերբակալված Կամո Փիրուզյանի բողոքը, ում 1 տարի 2 ամիս կալանավայրում պահելուց հետո մեղադրող կողմը հրաժարվել է մեղադրանքից՝ մեղքը հաստատող բավարար ապացույցներ չունենալու հիմնավորմամբ, եւ Փիրուզյանն ազատ է արձակվել:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Լուսինե Սահակյանը, Եվրադատարանը հունիսի 26-ին որոշել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի մի շարք դրույթներ, որտեղ սահմանված է անձի ազատության իրավունքը, եւ 3-րդ հոդվածը, որն արգելում է որեւէ անձի նկատմամբ «խոշտանգումը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը, պատիժը»: Հայաստանի Հանրապետությունը Փիրուզյանին պետք է վճարի 8000 եվրոյին համարժեք գումար:
Եվրադատարանը բավարար հիմքեր չի տեսել Փիրուզյանի նախնական կալանքի ժամկետը երկարաձգելու համար` հատուկ ուշադրություն դարձնելով նաեւ այն փաստին, որ դատավարության ընթացքում նա պահվել է մետաղյա ճաղավանդակի մեջ իր ընտանիքի անդամների, համաքաղաքացիների եւ ընկերների ներկայությամբ:
«Այս գործն իրականում արտառոց գործ էր: Իրականում լրիվ անմեղ անձը մեղադրվում էր սպանության փորձ կատարելու եւ ավազակային հարձակում կատարելու մեջ: Քրեական գործով կային բազմաթիվ ապացույցներ, որ ձեռք էին բերվել օրենքի խախտումներով եւ շինծու էին», - ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանը ձերբակալվել էր 2006-ի հոկտեմբերի 18-ի լուսադեմին: Տանը քնած է եղել, երբ քաղաքում 15 րոպե առաջ կատարված ավազակային հարձակման համար եկել են նրան ձերբակալելու: Ըստ փաստաբանի, Փիրուզյանը պարզապես ֆիզիկապես չէր հասցնի հանցագործություն կատարել, 15 րոպեում հասնել տուն ու քնել:
«Այդ ժամանակ տանը եղել էր նաեւ նրա կինը նորածին երեխայի հետ, որի քառասունքը դեռ չէր բոլորել: Կնոջը եւս իր հետ տարել էին ոստիկանություն, ժամեր շարունակ պահել էին ոստիկանությունում այդ նորածին երեխայի հետ, երեխան զրկվել էր կերակրվելու հնարավորությունից», - պատմեց փաստաբանը:
Ու քանի որ Կամո Փիրուզյանը հրաժարվել է մեղադրանքից, ըստ փաստաբանի, ոստիկանությունում սկսել են ճնշումներ գործադրել կնոջ վրա, որպեսզի կնոջ ցուցմունքների հիման վրա վերանա դեպքի պահին տանը քնած լինելու՝ Փիրուզյանի ալիբին. - «Լուսամուտը բացել ու ասել էին՝ երեխային կգցենք լուսամուտից, պետք է ցուցմունք տաս, որ ամուսինդ տանը չի եղել: Հարվածել էին կնոջը, որ հրաժարվի ցուցմունքներից»:
Չնայած կինն չի հրաժարվել իր ցուցմունքներից, բայց գործը, ըստ փաստաբանի, «սարքվել է», քանի որ քննիչն ու տուժողը «քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են եղել»: Սկզբում տուժողը պնդել է, որ բութ գործիքով են գլխին հարվածել, բայց հետո երբ Փիրուզյանի տանից բութ գործիք չեն գտել, գտել են մի կացին, փոխել է ցուցմունքը:
«Հետո տուժողը սկսել էր ասել, որ կացինով են հարվածել գլխին, եթե մինչ այդ երկաթե ձողով հարվածելու մասին էր ասել: Անձինք կային, որ պատմում էին, որ ոստիկանները կացինը բերել են շենք, խփել պատերին, որ հետքեր ստեղծեն», - պատմեց Սահակյանը:
Եվ չնայած ամիսներ շարունակված դատաքննության արդյունքում մեղադրող կողմն ի վերջո դատարանում հրաժարվել է մեղադրանքից, գործն էլ կարճվել է, բայց ոչ քննիչը, ոչ կալանքի սանկցիա տվող Լոռու մարզային դատարանի դատավորը, ըստ փաստաբանի, այդպես էլ որեւէ պատասխանատվության չեն ենթարկվել անձին «ապօրինի քրեական հետապնդման ենթարկելու համար»: Ավելին, քննիչ Ռուդիկ Ստեփանյանը պաշտոնեական առաջխաղացում է ունեցել եւ շուտով նշանակվել է ոստիկանության Թումանյանի քննչական բաժանմունքի պետ:
«Ակնհայտ ապօրինի ձերբակալվել էր, ակնհայտ ապօրինի կալանավորվել էր, կային ապացույցները կեղծելու գործողություններ, պետք է հիմնավորվեր, թե կոնկրետ ովքեր են կեղծել այդ ապացույցները, այսինքն քննիչը պետք է առնվազն քրեական պատասխանատվության ենթարկվեր, բայց պաշտոնը բարձրացրեցին: Նույնը կալանքի որոշում տվող դատավորի պարագայում: Եթե մեկ դատավոր ենթարկվի պատասխանատվության անձին ազատությունից զրկելու համար, վստահ եղեք՝ մյուս դատավորները անձանց ապօրինի ազատությունից չեն զրկի: Իսկ Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ անկախ նրանից, թե Եվրոպական դատարանը կճանաչի խախտում, թե՝ չի ճանաչի, անձը ազատությունից ապօրինի զրկված կլինի, թե չի լինի, միեւնույնն է տվյալ դատավորը ոչնչով չի տուժում», - ասաց Սահակյանը:
«Նույնիսկ ներողություն չեն խնդրում»
Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստեց, որ Հայաստանում առանց բավարար ապացույցների անձին նախնական կալանքի տակ վերցնելը օրինաչափություն է: Եվ որքան էլ շատ դեպքերում հետո պարզվում է անձի անմեղությունը, այդ անձից նույնիսկ ներողություն չեն խնդրում՝ չնայած օրենքի պահանջի:
«Քրեական հետապնդում իրականացնող մարմինը, համաձայն Քրեական օրենսգրքի, պետք է ներողություն խնդրի: Իհարկե, իմ կարծիքով դա ծիծաղելի է, բայց գոնե ներողություն խնդրեն, որովհետեւ բարոյական վնասի հատուցման ինստիտուտ չունենք, ի տարբերություն քաղաքակիրթ երկրների: Անգամ ներողություն զլանում են խնդրել, ասում են՝ «չէ, մենք ինչ պետք է, ճիշտ ենք արել»: Բայց չէ՞, որ մարդն անհիմն կալանքի տակ է եղել ամիսներ շարունակ», - ասաց Օհանյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե քննիչների եւ դատավորների ապօրինի գործողությունների համար Եվրադատարանը սահմանած տուգանքները վճարում է պետբյուջեն՝ հարկատուների հաշվին, Պարգեւ Օհանյանը փաստեց, որ պետությունը ըստ Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան նորմերի կարող է հետադարձ ռեգրեսիվ պահանջ ներկայացնել եւ բյուջեի վնասի հատուցումը ստանալ խախտում թույլ տված պաշտոնյայից:
«Բայց դա չի կիրառվում պրակտիկայում: Որովհետեւ պետությունը չի ուզում «խղճին դեմ գնալ»` քաջ գիտակցելով, որ նրանք նվիրված ծառաներ են», - ասաց Օհանյանը: