Մատչելիության հղումներ

«Մուսա լեռներ» գիտաժողովի կազմակերպիչը զրուցել է թուրք դիվանագետների հետ


«Մուսա լեռներ» գիտաժողովի կազմակերպիչը զրուցել է թուրք դիվանագետների հետ
please wait

No media source currently available

0:00 0:02:24 0:00
Չեխական «Չարիքի հնէաբանության» կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը Պրահայում ցեղասպանություններին նվիրված առաջին միջազգային գիտաժողովից հետո հրավիրվել է Թուրքիայի դեսպանատուն:

«Մուսա լեռներ» անվանումը կրող միջազգային գիտաժողովը անցնում էր հրեա-գերմանա-չեխական «9 դարպաս» փառատոնի շրջանակներում եւ նվիրված էր ցեղասպանությունների ընթացքում դիմադրության եւ ինքնապաշտպանության պատմություններին: Որպես այդպիսի դիմադրության խորհրդանիշ գիտաժողովի կազմակերպչները ընտրել էին Հայոց ցեղասպաության ընթացքում Մուսա լեռան մաքառման պատմությունը, որին անդրադարձել է նաեւ ավստրիացի հայտնի գրող Ֆրանց Վերֆելը:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Կրբեցը պատմեց, որ դեսպանատուն գնալ իրենք հրաժարվել են, համաձայնել են հանդիպել եւ զրուցել դրսում: Զրույցը տեւել է մոտ մեկ ժամ, եւ ըստ Կրբեցի` դեսպանատան աշխատակիցները փորձում էին ճշտել, թե ով է կանգնած ցեղասպանությունների թեմայով առաջին միջազգային գիտաժողովը կազմակերպիչների հետեւում:

«Թերեւս Թուրքիայի դեսպանատան այս հետաքրքրությոնը պայմանավորված է այն հանգամանքով, որ փառատոնը անցել Չեխիայի վարչապետ Պետր Նեչասի հովանու ներքո», - փոխանցեց Կրբեցը: - «Մեզ հարցրեցին, թե ինչո՞ւ ենք մենք ընտրել այս` իրենց խոսքով վիճահարույց հարցը` Հայոց ցեղասպանության թեման գիտաժողովի համար: Իմ կարծիքով, նրանք փորձում էին իմանալ, թե ով է գաղափարի հեղինակը, ով է կազմակերպել գիտաժողովը: Փորձում էին բացատրել, որ իրենք դժգոհ են, որ անդրադարձել ենք թեմային եւ չենք հրավիրել թուրք մասնագետներին այդ քննարկմանը»:

Կրբեցն ասում է, որ իրենց պատասխանը հստակ է եղել. - «Մենք պատասխանեցինք, որ պատմական թեման չենք դիտարկում ազգային, հակադիր կարծիքների կոնտեքստում, այլ հետեւում ենք աշխարհում ցեղասպանությունների ուսումնասիրության համընդհանուր սկզբունքին: Ասացինք, որ, օրինակ, Ցեղասպանությունների ուսումնասիրության միջազգային ասոցիացիան Հայոց ցեղաասպանությունը ճանաչում է որպես ցեղասպանություն, եւ մենք պատճառ չենք տեսնում, թե ինչու պետք է թուրք ուսումնասիրողների հրավիրեինք»:

Բացի այդ, դեսպանատան ներկայացուցիչը հայտնել է Թուրքիայի պաշտոնական տեսակետը Ցեղասպանության վերաբերյալ, նաեւ հրավիրել է իրենց Ստամբուլ` ուսումնասիրելու թուրքական արխիվները:

Կրբեցը տարակուոււմ է. նրա համար ընդհանրապես հասկանալի չէ, թե դեմոկրատական երկրում ինչու պետք է պատասխանեն Թուրքիայի դեսպանատան հարցերին: Այդուհանդերձ, նշեց, թե հասկանալով, որ պատմությունը շատ զգայուն թեմա է` իրենք կաշխատեն նրանց կապի մեջ լինել:

Գիտաժողովից հետո հասարակական կազմակերպությունը պատրաստվում է շարունակել գործունեությունն ու առանձին գրքով հրատարակել գիտաժողովում հնչած ելույթները:
XS
SM
MD
LG