Մատչելիության հղումներ

Նոր ավտոբուսները մնացել են առանց վարորդների


Չինաստանից ներկրված 249 նոր մանուշակագույն ավտոբուսներից այսօր շահագործվում են մոտ 95-ը, քանի որ քաղաքապետարանին չի հաջողվում անհրաժեշտ թվով վարորդների հավաքագրել։

Ավտոբուսներից 80-ը մարտի վերջին Հանրապետության հրապարակից հանդիսավորությամբ մտան երթուղիներ։ Առաջին ուղեւորներից էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Երեք ամիս անց, սակայն, ավտոբուսներից մոտ 130-ը չի շահագործվում։

«Այսօր մենք չունենք բոլոր ավտոմեքենաների համար հավաքագրված վարորդներ, ունենք վարորդների խիստ պահանջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։

Տրանսպորտի վարչության պետը նշեց, որ քաղաքապետարանը մարտ ամսից վարորդների աշխատանքի ընդունելու վերաբերյալ պարբերաբար հայտարարություն է տարածում։

Նոր ավտոբուսների վարորդների աշխատավարձը մոտ 80 հազար դրամ է կազմում։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ավտոբուսների եւ միկրոավտոբուսների վարորդներն ասում էին, որ միկրոավտոբուս վարելն ավելի շահավետ է, քան ավտոբուս։

Քաղաքապետարանում ասում են, որ եւս 14 նոր ավտոբուսների համար վարորդներ, այնուամենայնիվ, արդեն գտնվել են եւ հուլիսի 2-ից դրանք կսպասարկեն մայրաքաղաքի բնակիչներին։ Իսկ զգալի փոփոխություններ քաղաքապետարանում խոստանում են միայն նոյեմբերի վերջից, երբ կեսով չափ կկրճատվի երթուղի դուրս եկող միկրոավտոբուսների քանակը՝ այսօրվա 2 հազարից հասնելով մոտ 1200-ի, իսկ ավտոբուսների թիվը կրկնակի կավելանա․ 300 փոխարեն մայրաքաղաքում կգործի մոտ 700 ավտոբուս:

please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG