Մատչելիության հղումներ

Հունիսի 23-ը Հայաստանում ֆիզկուլտուրայի օրն է


Նախագահ Սերժ Սարգյանը շնորհավորում է 2011-ի լավագույն մարզական ընտանիքներին, արխիվ
Նախագահ Սերժ Սարգյանը շնորհավորում է 2011-ի լավագույն մարզական ընտանիքներին, արխիվ
Հունիսի 23-ը Հայաստանում ֆիզկուլտուրայի օրն է: Այն նշվում է ամեն տարի 2009 թվականից: Այժմ Հայաստանի պահանջված ու տարածում գտած սպորտաձեւերից են ֆուտբոլը, շախմատը, ըմբշամարտը, ծանր ատլետիկան, ձյուդոն:

Ֆիզիկական կրթության բնագավառում եզակի հաստատություններից է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Այն ունի 67 տարվա պատմություն: Առ այսօր բուհն ավարտել են շուրջ 20 հազար շրջանավարտներ: Այս պահի դրությամբ բուհն ունի 3000 ուսանող: Բուհում գործում է առկա եւ հեռակա երեք ֆակուլտետ եւ 23 մասնագիտացում:

Այս տարի բուհն ունի շուրջ 500 դիմորդներ, որոնց ընդունելիության քննությունները կսկսվեն հուլիսի 3-ից եւ կավարտվեն հուլիսի 8-ին: Մեծ թվով դիմումներ են նկատվել փրկարարական գործ մասնագիտության, ֆուտբոլի եւ բռնցքամարտի համար:

Ինստիտուտի ընդունելիությունների առաջին քննությունը բժշկական զննությունն է: Բուհ ընդունվում են բացարձակ առողջ երիտասարդներ:
Բուհի պրոռեկտորը նշեց, որ դպրոցի շրջանավարտների ֆիզիկական պատրաստվածությունը հաճախ շատ ցածր է գնահատվում.

«Դպրոցներում, իհարկե, պետք է հոգալ, նաեւ ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման որակի բարձրացման համար, նյութատեխնիկական բազայի, գույքի, հանդերձանքի: Այդ բոլորի բացակայությունը իրենց բացասական կնիքն են թողում առողջության եւ անպատրաստվածության վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսումնական գծով պրոռեկտոր Ֆռունզ Ղազարյանը:

Ղազարյանի խոսքով՝ այսօր Հայաստանում բավականին կրճատվել է այն սպորտաձեւերի թիվը, որոնցով նախընտրում են զբաղվել մարդիկ:

Սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը նշում է, որ Հայաստանն ունի հենակետային մարզաձեւեր, որոնցում մենք ավանդաբար հաջողություն ենք ունեցել, մարզիկները նվաճել են մեդալներ:

«Մարդիկ ուզում են հաջողություն ունենալ, հետագայում նաեւ ֆինանսական խնդիրներ լուծել: Իսկ որպեսզի դու զբաղվես սպորտով ու հետո ունենաս գումար, պիտի լավ արդյունքներ ունենաս, որպեսզի լավ արդյունքներ ունենաս, պետք է լավ մարզիչ ունենաս», - ասում է Գիլոյանը:

Գիլոյանը հավելեց, որ յուրաքանչյուր մարզաձեւ կարելի է զարգացնել: Հարց է միայն` ունենք արդյոք ֆինանսական միջոցներ եւ ժամանակ, թե` ոչ:

«Դժվար թե մենք կրիկետում, պոլոյում ունենանք հաջողություն: Դրանք մարզաձեւեր են, որոնք ապագա Հայաստանում չեն կարող ունենալ: Մենք կարող ենք զարգացնել առագաստային սպորտը, նաեւ լեռնադահուկային սպորտ: Դրա համար փող է պետք ընդամենը», - ասում է սպորտային մեկնաբանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG