Մատչելիության հղումներ

Հայրենական պատերազմի վետերաններն ուշադրության կարիք ունեն


Հայրենական պատերազմի վետերաններն ուշադրության կարիք ունեն
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00

Այսօր լրանում է 71 տարին այն օրվանից, երբ ֆաշիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա:

Հայրենական պատերազմի վետերան, Հայաստանի պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, պահեստի գնդապետ Պետրոս Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ դժվար, բայց փառավոր ուղի է անցել եւ հնարավորության դեպքում կյանքը նույն կերպ կապրեր, սակայն միեւնույն ժամանակ ցավով ասաց է, որ Հայրենական պատերազմի վետերաններն այսօր մեծ ուշադրության կարիք ունեն:

«Ամեն անգամ մենք խնդրում ենք, թե վետերանները հիվանդ են, ցանկություն ունեն առողջարան գնալ՝ հանգստանալու: Անցյալ տարի մեզ ոչ մի ուղեգիր չտվեցին, որ վետերանները գնան հանգստանալու: Այս տարի խոսք են տվել, բայց չգիտենք՝ ինչպես կլինի», - ասաց նա:

Պետրոսյանի խոսքով, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մի քանիսում վետերանները բավականին մեծ արտոնություններ ունեն` ի տարբերություն Հայաստանում ապրող վետերանների:

«Ամեն անգամ ասում եմ, որ 5-6 տարի հետո, տոնակատարության ժամանակ ճրագով պիտի փնտրենք, որ մի վետերան գտնենք: Հիմա 90-100 տարեկան վետերաններ ունենք, ովքեր հազիվ շարժվում են», - ասաց Պետրոս Պետրոսյանը:

Ամենաերիտասարդ վետերանն այսօր 87 տարեկան է, իսկ Հայաստանում բնակվող 2400 վետերաններից մոտ 1500-ը անկողնային հիվանդներ են:

Պետրոս Պետրոսյանը դեռ 18 տարին չլրացած կամավոր մեկնել է ռազմաճակատ եւ իր խոսքով առաջին մարտական մկրտությունը ստացել է հենց առաջին մարտում՝ վիրավորվելով:

Բազմաթիվ մարտերից առանձնացնում է Դնեպր գետի մարտանցումը, եւ ուկրաինական Ալեքսանդրովկա գյուղում շրջափակման մեջ ընկնելը, որից հետո ստիպված էին դիմել շրջանաձեւ պաշտպանության, իր խոսքով՝ մինչեւ վերջին արկը: 5 ժամ պայքարելուց եւ զինամթերքը սպառելուց հետո, որոշում են վերջին արկը թողնել՝ հրանոթները պայթեցնելու համար, որպեսզի ճեղքեն շրջափակումը: Սակայն վերջին պահին օգնության է հասնում հետեւակը եւ ազատագրում գյուղը:

Շրջափակումից գնդապետին, բացի հիշողություններից, մնացել է նաեւ «Կարմիր աստղի» շքանշանը, որն իր համար բոլոր պարգեւներից ամենաթանկն է, քանի որ արյան գնով է վաստակել:

Պատերազմից հետո աշխատանքի է անցել ազգային անվտանգության ծառայությունում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ մոտ 20 տարի հետախուզական գործունեություն է ծավալել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում եւ այլ երկրներում, սակայն 2010 թվականին հրատարակած իր՝ «Էջեր հետախույզի կյանքից» գրքում պատմել է միայն 50 տարվա վաղեմություն ունեցող իր գործունեության մասին:

please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG