Մատչելիության հղումներ

”Давай до свидания”- ի հեղինակը` ճաղերի ետեւում


Ադրբեջանական ոստիկանությունը երեկ ձերբակալել է հերթական լրագրողին:

Այս անգամ թմրանյութեր պահելու մեղադրանքով ճաղերի ետեւում է հայտնվել Ադրբեջանի ամենախոշոր էթնիկ խմբերից մեկի՝ թալիշների լեզվով տպագրվող միակ պարբերականի` «Թոլիշի Սադո» թերթի գլխավոր խմբագիր Գիլալ Մամեդովը:

Իրանի հետ սահմանին բնակվող թալիշների թվաքանակն ըստ պաշտոնական Բաքվի մոտ 100 հազար է, իրենք թալիշները նշում են կես միլիոն թիվը: Բայց նույնիսկ այս պարագայում ձերբակալությունը հազիվ թե մեծ աղմուկ առաջացներ, եթե չլիներ մեկ հավելյալ հանգամանք` Մամեդովը հենց այն մարդն է, որը տեսագրեց եւ YouТubе-ում տեղադրեց թալիշական հարսանիքի հայտնի ձայնագրությունը, որի ընթացքում հնչած ”Ты кто такой? Давай до свидания” երգը վերջին մեկ ամսում լայն տարածում գտավ հետխորհրդային տարածքում՝ դառնալով անգամ Ռուսաստանի հակապուտինյան ընդդիմության կարգախոսներից մեկը:

Նշենք, որ Youtube-ում թալիշ լրագրողի տեղադրած ձայնագրությունը երկու շաբաթում դիտել էր շուրջ երեք միլիոն օգտատեր: Ավելին, մի քանի օր առաջ 2012-ի ամռան թիվ մեկ տեսագրության հեղինակից հարցազրույց էր վերցել ռուսական НТВ հեռուստաընկերության` Բաքու ժամանած նկարահանող խումբը։ Հարցազրույցում Մամեդովը պատմում էր Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններում լայն տարածում ստացած «մեյխանա» երաժշտական ժանրի մասին:

Արդյոք Մամեդովի ձերբակալությունը կապ ունի այս տեսագրության անհավանական մեծ ժողովրդականության հետ, թե սա պարզ զուգադիպություն էր` առայժմ բաքվեցի իրավապաշտպաններն այս հարցի պատասխանը չունեն:

Մամեդովը Ադրբեջանի միակ թալիշական թերթի առաջին խմբագիրը չէ, որ հայտնվել է բանտում:

«Թոլիշի Սադոյի» նախկին խմբագիր, հայտնի լեզվաբան Նովրուզալի Մամեդովը ձերբակալվել էր հինգ տարի առաջ` 2008-ի փետրվարին: Նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման` Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով, սակայն դատավճռի հրապարակումից մի քանի ամիս անց թալիշ գործիչը մահացավ բանտային հիվանդանոցում:

Ինչ վերաբերում է երեկ ձերբակալված Գիլալ Մամեդովին, ապա նա արդեն 20 տարի է, ինչ պայքարում է Ադրբեջանում բնակվող թալիշների իրավունքների համար:

90-ականների սկզբին նա մի շարք այլ թալիշ գործիչների հետ ստեղծեց Թալիշական ժողովրդական կուսակցությունը։ Հետագայում` Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո, մոտ 12 տարի ստիպված էր բնակվել Ռուսաստանում:

2005-ին Մամեդովը վերադարձել էր Ադրբեջան` շարունակելով թալիշների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG