Մատչելիության հղումներ

Հունիսի 21-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Չգիտեմ, օրակարգի հարցն էր պատճառը, թե այսուհետ Ազգային ժողովի նիստերը միշտ են այսպես բուռն ու հետաքրքիր անցնելու, բայց երեկ խորհրդարանում ընթացող քննարկումից պառլամենտի «հոտ» էր փչում: Եթե երկու տասնյակ ելույթներից 4-5-ը լավն են՝ դիպուկ, թեմային առնչվող եւ գրագետ, կնշանակի արդեն գործ ունենք լուրջ քաղաքական ամբիոնի հետ: Եթե այսպես գնա, ապա առաջիկայում կառավարությունը, նախագահի աշխատակազմը, դատական համակարգը չեն կարող չձգտել եւ չփորձել հասնել ԱԺ-ին իրենց գործառույթներն իրականացնելու մրցավազքում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան խնդիրներ կարող են լուծվել, ինչքան մարդ կարող է շահել ԱԺ-կառավարություն առողջ կոնֆլիկտից: Գուցե սա այնքան էլ օրենսդիր մարմնի գործառույթ չէ, եւ ԱԺ-ն կոչված է օրենքների միջոցով կարգավորման մեխանիզմներ ձեւավորելու, սակայն պետք չէ մոռանալ, որ Ազգային ժողովը նաեւ քաղաքական մարմին է եւ այն միակ համապետական մարմինը, որն ուղղակիորեն ընտրվում է ժողովրդի կողմից, եւ վատ չէ, որ անմիջականորեն էլ զբաղվի ժողովրդի հոգսերով»:

«Ժամանակ-ի խմբագրականում կարդում ենք. - «Ընդդիմություն լինելու համար հարկավոր է լինել քաղաքական ուժ, մինչդեռ ԲՀԿ-ն քաղաքական ուժ չէ, այլ գլխավորապես բարեգործական կազմակերպություն, որը դեռ կարգին չի էլ որոշել, թե արդյոք ուզո՞ւմ է զբաղվել քաղաքականությամբ: «Բարգավաճ Հայաստան»-ն ընդամենը քաղաքական գործիք է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ձեռքին: Նրանցից յուրաքանչյուրը փորձում է այդ գործիքը հնարավորինս շատ տնօրինել: ԲՀԿ-ի պարագայում ավելին դեռեւս գոյություն չունի: Եվ սա խնդիր է Հայաստանի քաղաքական դաշտի համար, Հայաստանի համար, որովհետեւ երբ կա նման մի ահռելի զանգված քաղաքական դաշտում, որը ընդամենը գործիք է, ոչ թե քաղաքական միավոր, ապա այդ պարագայում մեծ է անկառավարելի իրավիճակի վտանգը: Ի վերջո, ներկայումս Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը միմյանց հետ խաղում են որոշակի տրամաբանությամբ, փոխադարձ զսպման մեխանիզմներով, առավելագույն սահմանի պահպանմամբ, որպեսզի չանցնեն դրանից այն կողմ, երբ արդեն կարող է առաջանալ ուղղակի բախում, ինչը կարող է կործանարար լինել երկուսի համար էլ»:

«Երկիր»-ը գրում է. - «ԲՀԿ-ն երեկ նոր ձեւավորված կառավարության ներկայացրած ծրագիրը եւ հին վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած սոցիալ-տնտեսական ձախողված քաղաքականությունը ԱԺ-ում ուղղակի ջախջախեց այնպիսի ջերմեռանդությամբ, որին կնախանձեր անգամ ամենաարմատական ընդդիմությունը: Բայց դրան զուգահեռ ԲՀԿ-ն հրաժարվեց ԱԺ-ում պաշտոնապես հայտարարել, որ ընդդիմություն է: Ավելին` չնայած իշխանական կոալիցիայի մաս չի կազմում, բայց համաձայնեց կառավարությունում նախարարական պորտֆել վերցնել` այդպիսով, ըստ էության, մի չնչին չափով պատասխանատվություն վերցնելով այդ կառավարության գործունեության համար: Եվ հիմա մարդիկ էլի չեն կարողանում հասկանալ` ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմության պաստառով իշխանություն: Որովհետեւ հայտարարությունները եւ փաստացի արվածն իրար ուղղակի հակասում են»:

ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցին` կառավարության ծրագրի վերաբերյալ ձեր բացասական դիրքորոշումը քննարկումների արդյունքում կարո՞ղ է փոխվել, պատասխանել է. - «Բացարձակապե՛ս ոչ։ Վարչապետի պատասխաններում որեւէ նոր բան չկար՝ ինձ համար դա ձանձրալի դասախոսությունների մի շղթա էր, որ բազմիցս լսել ենք, եւ ես նրանից որեւէ այլ բան չէի էլ ակնկալում։ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու այս կառավարության ծրագրին։ Ծրագիրն իրականացնող քաղաքական թիմը մնացել է նույնը, վարչապետը մնացել է նույնը, այսօր արդեն պաշտոնապես հայտարարվեց, որ կառավարությունը շարունակելու է նույն քաղաքականությունը, եւ որեւէ վստահություն չկա, թե այս ծրագիրը նույնպես չի մնա թղթի վրա»։

«Ժողովուրդ»-ը գրում է. - «Երգչուհի, Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը, անդրադառնալով իր կուսակից ընկերոջը` Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների կողմից զինվորական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու փաստին, ասել է. «Կարծում եմ, որ իմաստություն կցուցաբերի Հայրապետյանը, եթե պատժի այդ ծեծողներին, այսինքն` պարտավոր է ուղղակի, այլ կերպ անել չի կարող, միանշանակ: Առաջինը ինքը պետք է անի այդ քայլը, ինձ թվում է, դա ամենաճիշտ կեցվածքը կլինի»: Եթե նման բան ասեր, օրինակ, Սամվել Ալեքսանյանը, թերեւս նորմալ ընկալվեր, սակայն երբ դա ասում է մտավորականը, երգչուհին, դա առնվազն տարակուսելի է: Ի՞նչ է նշանակում` Հայրապետյանը «իմաստություն կցուցաբերի» եւ կպատժի: Մենք ի՞նչ է, ապրում ենք ճորտատիրական հասարակարգում, երբ ճորտատերը կարող է «պատժել» իր ճորտերին: Որքան էլ մարդակերպ տականքներ լինեն բժիշկներին ծեծած «ախրաննիկները», այնուամենայնիվ, նրանք եւս ՀՀ քաղաքացիներ են, որոնց պատժել-չպատժելու «իմաստությունը» ոչ թե «տիրոջ»` տվյալ դեպքում Ռուբեն Հայրապետյանի իրավասության ներքո է, այլ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի»:

please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG