Մատչելիության հղումներ

Վրացի միլիարդատիրոջից 45 միլիոն դոլար տուգանք կգանձվի


Վրաստան -- Վրացի միլիարդատեր, «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ողջունում է իր աջակիցներին, արխիվ
Վրաստան -- Վրացի միլիարդատեր, «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ողջունում է իր աջակիցներին, արխիվ
Վրացի միլիարդատեր, «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքի կալանավորման գործընթացը մեկնարկել է։

Երեկ երեկոյան Վրաստանի Վերաքննիչ դատարանը դատավճիռների հարկադիր կատարմամբ զբաղվող Գործադիր բյուրո է ուղարկել կատարողական ակտերը, որոնց հիման վրա Վրաստանի ամենահարուստ բնակչից պետք է 45 միլիոն դոլար տուգանք գանձվի:

Հիշեցնենք՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը Իվանիշվիլիին մեղավոր ճանաչեց ավելի քան 100 հազար ընտրողների կաշառելու մեջ՝ գործարարին տուգանելով շուրջ 90 միլիոն դոլարով։ Հետագայում Վերաքննիչ դատարանը կիսով չափ կրճատեց տուգանքի չափը։

Ընդդիմադիր միլիարդատերը չի ընդունում իրեն ներկայացվող մեղադրանքները, հայտարարելով, թե չի պատրաստվում վճարել սահմանված տուգանքը:

Նշենք, որ դատավճռի համաձայն կալանքի տակ կհայտնվի միլիարդատիրող այն ունեցվածքը, որի սեփականատերը անձամբ Իվանիշվիլին է: Սակայն իրականում նրա ունեցվածքի ճնշող մեծամասնությունը գրանցված է հարազատների անունով, ուստի հարկադիր կատարողների համար բավական դժվար կլինի կյանքի կոչել դատարանի վճիռը:

Իվանիշվիլիի փաստաբանները ենթադրում են, որ հարկադիր կատարողների առաջին այցելության հասցեն կլինի միլիարդատիրոջը պատկանող «Քարթու» բանկը:

Իվանիշվիլիի շահերի պաշտպան Բեկա Դոչվիրին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանն ասել է․ - «Օրենքի պահանջը հետեւյալն է՝ կալանքի տակ հայտնված ընկերությունում կառավարիչ են նշանակում, որն էլ ղեկավարում է ընկերությունը: Այդ ընթացքում ստացված ողջ եկամուտն ուղղվում է սահմանված տուգանքի մարմանը։ Երբ տուգանքն արդեն վճարված է՝ ընկերությունը վերադարձնում են սեփականատիրոջը»:

Եթե խնդրի իրավատնտեսական կողմը քիչ թե շատ հստակ է, ապա Իվանիշվիլիի շուրջ ծագած սկանդալի քաղաքական բաղադրիչը շարունակում է բուռն քննարկումների տեղիք տալ։ Վրաց ընդդիմադիր շրջանակներում նշում են, որ իշխանությունները երկակի ստանդատներ են որդեգրել:

«Մի կողմից իշխանությունը դատում է Իվանիշվիլիին ընտրակաշառք բաժանելու համար, մյուս կողմից ինքն է վարչական ռեսուրս կիրառում՝ չխորշելով նաեւ կաշառքներից», - ասում է քաղաքագետ Ռամազ Սակվարելիձեն, - «Քիչ առաջ ընկերներս տեղեկացրեցին, որ իշխանությունները կարտոֆիլ են բաժանում։ Այս պարագայում խոսք անգամ չկա օրենքի պաշտպանության մասին: Բոլորն էլ շատ լավ հասկանում են` քաղաքական պայքարում կողմերից մեկի ձեռքում օրենքը պարզապես զենքի է վերածվել»:

please wait

No media source currently available

0:00 0:02:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG